Արոնյանի առաջին հաղթանակը

06/05/2007

Օպերայի եւ բալետի պետական թատրոնում երեկ տեղի ունեցավ Լեւոն Արոնյան եւ Վլադիմիր Կրամնիկ ընկերական մրցամարտի բացման հանդիսավոր արարողությունը: Բնականաբար, այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել շախմատասերների մոտ, եւ շատերը նույնիսկ չկարողացան ներկա գտնվել բացման արարողությանը, որին ներկա էին ՀՀ վարչապետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ այլք: Մինչ բուն արարողությանն անցնելը փոքրիկ ֆիլմ ցուցադրվեց, որը պատմում էր հայկական շախմատի եւ մրցող շախմատիստների անցած ուղու մասին: Այնուհետեւ ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը` նշելով, որ թեեւ մրցամարտն ընկերական է, բայց 2 հսկաների մենամարտը մեծ հաճույք կպատճառի շախմատասերներին: Ելույթ ունեցավ նաեւ Կիրսան Իլյումժինովը, որը ներողություն խնդրեց ռուսերեն խոսելու համար. «Հայերեն դեռ չեմ սովորել, սակայն կարծում եմ՝ ժամանակն է սովորել, քանի որ հայկական շախմատը նվաճում է բոլոր ոսկե մեդալները»: Իլյուժինովը հիշեցրեց, որ աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը 1996թ. կրկին Երեւանում Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Գրոսմայստերներն անցկացնելու են 6 պարտիա, որոնցից յուրաքանչյուրում նրանց հատկացվելու է 25 րոպե ժամանակ` գումարած 10-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Լ. Արոնյանը Վ. Կրամնիկի հետ խաղացած առաջին պարտիայում տանուլ տվեց: Սեւերով հանդես եկող Արոնյանը հանձնվեց 45-րդ քայլին: Սակայն երկրորդ պարտիայում Արոնյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. նա սպիտակներով առավելության հասավ աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Կրամնիկը հանձնվեց 76-րդ քայլում: Այսպիսով 2-րդ պարտիայից հետո հաշիվը հավասար է՝ 1:1: Այսօր ժամը 18:00-ին, Օպերայի եւ Բալետի պետական թատրոնում կկայանա եւս 2 պարտիա: