Գովազդատուները վախենում են գովազդից

10/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ռալլին համարվում է ավտոսպորտի թագավորը: Հայաստանում այս սպորտաձեւի գագաթնակետը 70-ականներն էին: 1964-75թթ. մեր սպորտսմենները հավասարը չունեին Խորհրդային Միությունում: Ցավոք, այն ժամանակ խորհրդային համակարգը թույլ չէր տալիս, որ բոլոր չեմպիոնները մասնակցեն միջազգային մրցություններին: Հայաստանի միակ ավտոսպորտսմենը, որ մասնակցեց եվրոպայի մրցումներին եւ թիմի կազմում հաղթանակ տոնեց 1972 թվականին, Էդիկ Սրապիոնյանն էր: Մեր հարցերին պատասխանում է Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանը:

– Երեւի սրանից վատ պահ չի եղել ավտոսպորտի համար, մեր տեխնիկան հնացել է, սպառվել, իսկ առանց տեխնիկայի զարգացում չի լինի: Այդ մեքենաները տարեկան մի քանի մրցումների են մասնակցել, ընդ որում, ավտոսպորտի մեջ ռալլիի մեքենան պետք է առանձին լինի, խճուղայինը՝ առանձին: Մեր մեքենաները բոլոր փուլերին էլ մասնակցում են, դրա համար էլ այսօր վատ վիճակում են: Եթե մեր կառավարությունը կարողանար նպաստավոր պայմաններ ստեղծել ավտոսպորտի համար, հնարավոր կլիներ որոշակի զարգացում ապահովել:

– Նպաստավոր պայմաններ ասելով` ի՞նչ նկատի ունեք, երեւի ֆինանսավորե՞լը:

– Մենք այն եզակի ֆեդերացիաներից ենք, որոնք կառավարությունից երբեք որեւէ բան չեն խնդրում, մեզ պետք չէ ո՛չ գումարներ տալ, ո՛չ էլ գրանտներ: Ինչ որ անում ենք, անում ենք մեր ուժերով: Բայց նորմալ ավտոսպորտ զարգացնելու համար դա բավարար չէ: Բազմիցս դիմել ենք կառավարությանը՝ խնդրելով տրամադրել որոշակի լիմիտ՝ 20-30 կամ 50 մեքենայի չափով մեզ ազատել մաքսային ծանր հարկից, որպեսզի կարողանանք սպորտային մեքենաներ ներկրել: Դրանք շահույթ չհետապնդող մեքենաներ են, երբեք գումարներ չեն վաստակում, բայց օրենքը թույլ չի տալիս:

– Միայն սպորտային մեքենաներ ունենալը բավարա՞ր է ավտոսպորտը զարգացնելու համար:

– Իհարկե ոչ: Նորմալ երկրներում, ես նկատի ունեմ` ԱՊՀ տարածքում, ասենք` Ռուսաստանում, Վրաստանում, ոչ միայն սպորտային մեքենաների համար, այլ ընդհանուր մաքսավճարն է ցածր: Եվ հետո, նրանք կարողանում են աշխարհում ճանաչված, սիրված մարզաձեւերը՝ ֆուտբոլը, մեծ թենիսը, ավտոսպորտը զարգացնելու համար համապատասխան ֆեդերացիաներին որոշ արտոնություններ տալ: Այս մարզաձեւերը երեւի առաջին երեքն են, սպորտի ուրիշ տեսակ սրանց հետ չի կարող համեմատվել իր երկրպագուների քանակով:

– Ի՞նչ զարգացումներ է ունեցել հայկական ավտոսպորտը:

– Հայկական ավտոսպորտը ես կբաժանեի երեք մասի. 60-ական թթ., 80-ական եւ 21-րդ դարի սկիզբ: 60-ականներին մենք ունեցել ենք մի փայլուն համաստեղություն. Հենրիկ Զարգարյան՝ ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ցավոք նրան միջազգային ասպարեզ թույլ չտվեցին դուրս գալ, որովհետեւ բազմիցս հայտարարել էր, թե հետ չի գա, Խթը-ն էլ արգելում էր նրան: Կրկնակի չեմպիոն Հարություն Հարությունյան, Գրիգոր Տերմանյան եւ այլք: Բայց երբ որ ավտոսպորտում պահանջները փոխվեցին, եւ վարորդը միայն հմտությամբ որոշիչ չէր, ավելի ծանր պահանջներ դրվեցին սպորտային ավտոմեքենաների համար: Քանի որ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում համապատասխան մեքենաների գործարան չկար, մենք չկարողացանք ժամանակի հետ քայլել: Դրա համար էլ 80-ական թվականներին եթե բրոնզե կամ արծաթե մեդալակիր տալիս էինք կարտինգի, ավտոկրոսի, ձեւավոր վարման ասպարեզներում, ապա ավտոռալլիի` ամենածանր եւ ամենապատվավոր մարզաձեւում, մենք այլեւս չէինք կարողանում հաջողություններ ունենալ: Հասարակ «08»-ը ռալլիի մեքենա դարձնելու համար մեծ գումարներ են պետք: Այսօր ընդհանրապես չկա մեքենա, մեր սպորտային ավտոպարկը սահմանափակվում է հնացած ժիգուլիներով: Նախկինում դրանք «դոսաաֆական» մեքենաներ էին, որոնք սեփականաշնորհեցինք հենց սպորտսմեններին եւ նրանց հետ պայմանավորվեցինք, որ մի հինգ տարի չվաճառեն, մասնակցելն մրցումներին, եւ նրանք պատվով դա կատարեցին:

– Ունե՞նք լավ սպորտսմեններ, որ կարողանան մասնակցել միջազգային մրցումներին:

– Մեր սպորտսմենները մասնակցել են Վրաստանի, Իրանի, Սոչիի միջազգային ռալլիներին, ունեցել են հաջողություններ: Մենք հիմա էլ ունենք Արսեն Սարկիսով, որը հին սերնդի վերջին ներկայացուցիչն է, ունի բավականին ժամանակակից «21-08» մակնիշի մեքենա, որը նրան տվել են վրաց ձեռներեցները, ոչ մեր հայերը:

– Գործարա՞րը պետք է հովանավորի ավտոսպորտը:

– Ոչ միայն ավտոսպորտը: Մենք որեւէ մի գործարարի չենք խնդրում, թե` մեր սպորտսմենին մեքենա նվիրի, մենք ասում ենք` տուր այդ մեքենան, նա մեկ տարի քո համար այնպիսի որակյալ գովազդ կանի, որ դու կհիանաս, եւ քո կամ ֆիրմայի իմիջը կբարձրանա: Այլ երկրներում, նույնիսկ` Վրաստանում, ավտոսպորտի բնագավառում հերթ են կանգնում, որ գովազդատու դառնան բենզինի, նավթի, անվադողերի, այն ապրանքների, որոնք սպեցիֆիկ են այս բնագավառի համար: Մեր ձեռներեցներին բոլորովին չի հետաքրքրում այս հանգամանքը, իրենք գովազդի կարիք չունեն, իսկ ավտոսպորտը շատ է տուժում: Տարիներ առաջ «Ar-oil» կոչվող մեքենայի յուղը մտավ մեր շուկա, մեր մրցանակակիրներից մեկն օգտագործեց, գովեց հեռուստատեսությամբ, հաջորդ օրն արդեն այդ յուղը մեծաքանակ վերցնելու պատվեր եղավ: Եզակի դեպք էր, բայց շարունակություն չունեցավ:

– Մեր գործարարներին ավտոսպորտը չի՞ հետաքրքրում:

– «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրենը՝ Աշոտ Բաղդասարյանը, մեծ հետաքրքրություն ունի կարտինգի հանդեպ, երեւի ավտոսպորտ էլ է սիրում: Երբեմն-երբեմն մենք փոքրիկ համագործակցություն ունեցել ենք վերնաշապիկների, գլխարկների տեսքով, բայց ավելի լուրջ չի եղել: Մենք նույնիսկ անցած տարի, երբ կարտադրոմը նոր էր բացվել, մտածում էինք, թե նրանք կկարողանան իրենց գործարաններին կից փոքրիկ ակումբներ, թիմեր ստեղծել, որ կօգնի համ իրենց գովազդին, համ էլ կզարգացնի մարզաձեւը: Բայց սա էլ շարունակություն չունեցավ: Երեւի նախադեպ է պետք: Կամ, ասենք, «Պեժո» գործարանը, որ ներկայացուցչություն ունի, ուզում է այստեղ գովազդ անել, նա պետք է սպորտային մեքենաներ բերի, տա որեւէ տաղանդավոր սպորտսմենի, մրցումների մասնակցի, պայմանագիր կնքի հետը եւ ասի՝ քշիր ինձ համար, ես քեզ գնել եմ, որ դու ինձ գովազդ անես ու եկամուտ ավելացնես:

– Հայաստանի շուկան փոքր է եւ գրավիչ չէ դրսի գործարարի համար:

– Իհարկե, դա նշանակություն ունի: Ֆիրմաները չեն ուզում այստեղ գովազդ անել նաեւ այն պատճառով, որ Հայաստանի շուկան շատ փոքր է: Ես խոսեցի Եվրովագենի ներկայացուցչի հետ, որն իմ առաջարկության մասին սկսեց մտածել, բայց մինչեւ օրս պատասխան չի տվել: Գոնե երկու «Ֆոլկսվագեն» բերի, եւ իր թիմն ունենա: Մասնակցի մեր միջոցառումներին, գործուղենք արտասահման, ամենալավ ավտոռալլիին, որտեղ ուզում է, եւ թող գովազդ լինի: Բայց նրանք բոլորն էլ մտածում են շուկայի մասին: Սա` մեկ տարբերակ, երբ որ մեքենա արտադրողներն ու վաճառողներն են շահագրգռված: Երկրորդը, երբ մեր տեղական արտադրողները, ասենք` Կոնյակի գործարանը կամ «Կոտայքը», «Կիլիկիան», ուզենան իրենց թիմն ունենալ, որ կգովազդի իրենց ապրանքը:

– Տեղական արտադրողին միգուցե պետք չէ ներքին գովազդը, իսկ դրսի համար, հնարավոր է, նրանց ապրանքը մրցունակ չէ:

– Այո, դա էլ է ճիշտ: Փոքր գովազդատուները վախենում են գովազդից, Հարկային մարմինները իրենց դուռը կգնան, մեծերն էլ չեն ուզում, որովհետեւ տարբեր ձեւերով ներքին շուկան արդեն գրավել են եւ նման գովազդի կարիք չունեն:

– Այնուամենայնիվ, ինչի՞ց է պետք սկսել:

– Սկզբի համար երեւի թե պետք է ներսից զարգացնել, մինչեւ որ դրսի համար գրավիչ դառնա: Շատ դժվար է, մենք ուղղակի մի քիչ տգետ ենք, ժամանակակից օրենքներից հետ ենք մնում, բայց պիտի առաջ գնանք: Միեւնույն է՝ կգնանք առաջ, այդ սպորտային մեքենաները ի վերջո կհայտնվեն, երբ որ Հայաստանում ձեռներեցներին ձեռնտու լինի մրցակցության արդյունքում գովազդ անելը: