«Հայկական կողմը համաձայնություն է տվել հակամարտության փուլային կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղին սահմանակցող բոլոր յոթ շրջաններից զորքը առաջիկա տարիներին դուրս բերելուն»,- «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ռամանի գյուղում փախստականների ավանի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ես հրապարակում եմ գաղտնի բանակցությունների բովանդակությունը, քանզի հայկական կողմը փորձում է խեղաթյուրել ընթացող բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը, մասնավորապես, պնդում է, թե կա համաձայնություն ընդամենը հինգ շրջաններն ազատելու վերաբերյալ. դա իրականությանը չի համապատասխանում: Մեզ առաջարկել են այդպիսի տարբերակ, սակայն մենք այն մերժել ենք, եւ հիմա կա համաձայնություն հենց յոթ շրջանների մասին,- ասել է Ի. Ալիեւը՝ հավելելով,- Խորհրդարանական ընտրությունների նախօրեին հայկական կողմն ապատեղեկացնում է հանրությանը, դրա համար էլ ես ստիպված եմ բացահայտել բանակցությունների էությունը»: Նրա խոսքերով՝ «շրջաններն ազատելու ընթացքում այնտեղ կսկսեն վերադառնալ փախստականները, այդ գործընթացի ավարտից հետո սկսվելու է ադրբեջանական բնակչության վերադարձը ԼՂ»: Ալիեւն ընդգծել է, որ «Հայաստանն ընդունել է այդ տարբերակը»: Նա ասել է նաեւ, որ «Հայաստանի եւ ԼՂ-ի ցամաքային կապը կիրականացվի Լաչինի միջանցքով»: Նրա խոսքերով՝ համաձայնություն կա հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու շուրջ: «Մենք դեմ էինք, սակայն հայերը վախենում են, դրա համար էլ մենք համաձայնեցինք»,- ասել է Ալիեւը՝ նշելով, որ «խաղաղապահների տեղակայման ժամկետը սահմանափակված կլինի»: ԼՂ կարգավիճակի վերաբերյալ Ի. Ալիեւն ասել է, որ այն կճշտվի միայն փախստականների վերադարձից հետո եւ պետք է համապատասխանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Միաժամանակ, նա հայտնել է, որ «այդ ինքնավարության աստիճանը կլինի ավելի բարձր, քան այն, որ կար խորհրդային ժամանակաշրջանում»: «Ով անկախություն է ուզում՝ թող մեկնի Հայաստան»,- հայտարարել է Ալիեւը: Երեկ Ալիեւի վերոնշյալ հայտարարությունները հերքել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Նման բան չկա,- «Ազատություն» ռ/կ-ին հավաստիացրել է Ս. Սարգսյանն ու հավելել,- Բոլորին հայտնի է, որ մենք սկզբունքներ ունենք, եւ այդ սկզբունքները չեն փոխվել»: Ս. Սարգսյանը նաեւ ասել է, որ չգիտի՝ ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները: Իսկ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանն Ալիեւի հայտարարությունները որակել է «սուտ»: «Տարածքները զիջելու մասին հայտարարությունները, բնականաբար, սուտ են, բայց սա նրա քաղաքական կարիերայում առաջին դեպքը չէ: Ոչ մի գաղտնի համաձայնություն չկա՝ եթե կա, ինչո՞ւ չի իրագործվում»,- նշել է Վ. Հովհաննիսյանը: «Ա1+»-ի փոխանցմամբ էլ՝ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանն Ալիեւի երեկվա հայտարարությունների կապակցությամբ ասել է հետեւյալը. «Առաջին անգամ չէ, որ Ի. Ալիեւը փորձ է անում հրապարակել բանակցությունների բովանդակությունը: Կարող եմ միայն նշել, որ այս անգամ էլ որեւէ նոր «բացահայտում» չկար: Ինչպես եւ նախկինում, կարող եմ վերահաստատել մեր մոտեցումը բանակցություններում, որը հիմնված է ԼՂ-ի ինքնորոշման սկզբունքի ճանաչման վրա: Մնացյալ հարցերը, որոնք նույնպես բանակցային սեղանի վրա են եւ քննարկվում են, ածանցյալ են եւ բխելու են հիմնական սկզբունքի ճանաչումից: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարություններին եւ հակամարտության կարգավորման հարցում ուժի օգտագործման սպառնալիքներին, ապա դրանց հաճախակի կրկնումը վկայում է միջազգային պարտավորությունների նկատմամբ արհամարhանքի, նաեւ թուլության ու խորը անվստահության մասին»: Ուշադրություն դարձրեք, որ Վ. Կարապետյանն այդպես էլ չի հերքել Ալիեւի հայտարարությունները: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե հակամարտության կողմերն առավել քան երբեւէ մոտ են ԼՂ խնդրի կարգավորմանը: