ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, նաեւ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի ենթահանձնաժողովի անդամ Ջո Քրոուլին այս շաբաթ Պետդեպարտամենտից պահանջել են պարզաբանել մարդու իրավունքների վերաբերյալ 2006թ. զեկույցում տեղ գտած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ձեւակերպումը: Հիշեցնենք, որ այդ զեկույցի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին նվիրված բաժիններում ասված է. «Հայաստանը շարունակում է Lեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի եւ հարակից յոթ շրջանների օկուպացիան»: Անցած երկու շաբաթներին երկու անգամ փոփոխվելուց հետո զեկույցում, ի վերջո, մնաց այդ սկզբնական ձեւակերպումը: Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի ենթահանձնաժողովում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցին նվիրված լսումների ժամանակ Ջո Քրոուլին, հարց ուղղելով պետքարտուղարի մարդու իրավունքների գծով տեղակալ Բարի Լոուենքրոնին, ընդգծել է, որ զեկույցի ձեւակերպումն ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ լուրջ բանավեճի տեղիք է տվել: Նա շեշտել է, որ նման անդրադարձը չի արտացոլում փաստերն ու հակասում է ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությանը, եւ կոչ է արել զեկույցից անհապաղ հանել «այդ փաստացիորեն սխալ հայտարարությունը»: Փալոունը եւ Նոլենբերգը նախօրեին նամակ են հղել պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, որում, մասնավորապես, ասված է. «Բացի մտահոգիչ նախադեպից, երբ օտար պետությանը թույլ է տրվում ձեւակերպել մարդու իրավունքների մասին մեր զեկույցի գնահատականները, մենք խորապես անհանգստացած ենք նրանով, որ Պետդեպարտամենտի կողմից ԼՂ հակամարտության որակումը սխալ է, աննախադեպ եւ չի նպաստում տարածաշրջանում խաղաղ բանակցություններում կառուցողական ներգրավվածության՝ մեր կառավարության նպատակին»: Ըստ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի, Փալոունը եւ Նոլենբերգը Ռայսին կոչ են արել հրապարակավ պարզաբանել, որ զեկույցի ձեւակերպումը սխալ է եւ չի արտացոլում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, որ ԱՄՆ-ը ԼՂ հակամարտությունը դիտարկում է, նախ եւ առաջ, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լույսի ներքո, եւ, որ նման աղավաղումը տեղ չի գտնի հետագա զեկույցներում կամ այլ պաշտոնական փաստաթղթերում: