Սահրադյանը ղալաթ է արել

06/05/2007

«Իմպիչմենտ» դաշինքը, «Հանրապետություն» ու «Նոր Ժամանակներ» կուսակցությունները ԿԸՀ-ին էին ներկայացրել հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կատարած խախտումների՝ ընտրակաշառքներ եւ այլն, բազմաթիվ փաստեր եւ առաջարկել դատական կարգով նրանց գրանցումն ուժը կորցրած ճանաչել: Երեկվա խորհրդակցության ժամանակ ԿԸՀ 8 անդամներից 7-ը՝ գումարած ԿԸՀ Իրավաբանական եւ ծրագրամեթոդային վարչության պետ Նունե Հովհաննիսյանը, մտմտացել են ինչ-որ ձեւեր ու արդարացումներ, որոնց վրա հենվելով՝ ԿԸՀ-ն կմերժի դիմումը: «Ազգային Միաբանության» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը երեկ ներկա չի եղել խորհրդակցությանը: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարել է, թե Ընտրական օրենսգիրքը թերություններ ունի, մասնավորաբար քարոզչությունը հստակ սահմանված չէ: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի օգտին «փաստարկներ» բերողները սկսել են փրփուրներից կախվել: Օրինակ՝ Աշոտ Աբովյանը հայտարարել է, թե գուցե ԲՀԿ՝ նշանակում է ոչ թե՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցություն», այլ՝ «բարեգործական հասարակական կազմակերպություն»: ԿԸՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Արտակ Քոչարյանն էլ կասկած է հայտնել, թե գուցե ներկայացված թերթի պատճենները կեղծված են, եւ թերթերը նման բան չեն գրել: ԿԸՀ նախագահի երեւակայությունն ու շուստրիության փորձերն անցել են բոլոր սահմանները: Նա հայտարարել է, որ թեեւ օրենքով բարեգործական կազմակերպություններն իրավունք չունեն քարոզչություն անել, բայց դա չի նշանակում, թե չի կարելի քարոզչության ժամանակ խոսել բարեգործական կազմակերպության արածների մասին, կամ՝ երբեք չի ասվել, թե «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության թեկնածությունը: Ողջ քննարկման ժամանակ ձայն չի հանել ՀՅԴ-ական Համլետ Աբրահամյանը: վերջինս քննարկման վերջում մի ձայն, այնուամենայնիվ, հանել է՝ ասելով, թե Արմավիրի քաղաքապետի ընտրությունից առաջ քաղաքին ավտոբուս նվիրած եւ ընտրություններում պարտված ԲՀԿ-ն պետք է հետեւություններ աներ եւ նման բաներ էլ չաներ: Առաջիկա օրերին ԿԸՀ նիստում պաշտոնապես որոշում կկայացվի այս դիմումի վերաբերյալ (թեեւ դժվար չէ գուշակել, որ դիմումը կմերժվի):