«Ես երբեք ոչ մի բան հատուկ չեմ արել: Արել եմ միայն այն, ինչ խելքիս փչել է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Հախվերդյանը, ով վաղուց արդեն հայտնի է ոչ միայն իր երգերով, այլեւ` բավականին ըմբոստ ու բարդ կերպարով: Նա բնական երեւույթ է համարում, երբ ՀՀ քաղաքացիներն ընկղմվում են քաղաքական գործընթացների մեջ: «Բնական է, որ ամեն մարդ ընտրում է իր կուսակցությունը: Նաեւ մշակույթի մարդը, եթե, իհարկե, նա երկրի քաղաքացի է»,- ասաց նա:
Ռ. Հախվերդյանն արդեն ընտրել է իր կուսակցությունը եւ այդ կուսակցությանը երգ է ձոնել: Այդ երգն անընդհատ հնչում է ՀՅԴ կուսակցության կազմակերպած հավաքներում ու հեռուստաեթերից: Ռ.Հախվերդյանն ասաց, որ թեեւ վաղուց է համակրում «Դաշնակցությանը», սակայն ցանկացել է իր երգում ներկայացնել այդ բառի նախնական, իսկական իմաստը, քանի որ բոլոր մարդիկ դաշնակիցներ են: ՀՅԴ-ն Ռ. Հախվերդյանի համար «կարգին» կուսակցություն է ու, որ շատ կարեւոր է իր համար` փոքրաթիվ: «Ես միշտ փոքրաթիվ կուսակցությունների կողմնակիցն եմ եղել»,- ասաց նա` նեղսրտելով, որ շատ թերթեր մեղադրում են իրեն կուսակցականացվածության մեջ:
Երգը ՀՅԴ-ի պատվերով է գրվել` քարոզարշավի համար, բայց Ռ. Հախվերդյանը հույս ունի, որ այն կսիրվի ու տարիներ հետո էլ կերգվի: «Պատվերը պիտի անես այնպես, որպեսզի հետո չամաչես: Ժամանակավոր երգեր կան, բայց ես կուզեի, որ այս երգը երկար ապրեր: Իմ «Ձյունը» երգը դիմացել է տարիների փորձությանը, կդիմանա՞, թե՞ ոչ «Դաշնակցության» երգը, կերեւա հինգ տարի հետո»,- ասաց նա: Երգի համար Ռ. Հախվերդյանը դեռ չի վարձատրվել. «Աշխատելու եմ՝ որքան կարող եմ շատ պոկել, գուցե երեք հազար դոլար»: Նա դա նորմալ երեւույթ է համարում, քանի որ երգ գրելն ինչ-որ չափով փեշակ է, որը պետք է կերակրի մարդուն: Ըստ նրա` երգ գրելը տեխնիկայի հարց է: Նա իրեն համեմատեց ոչ թե էմոցիաներով պարուրված ռոմանտիկ հեղինակի հետ, այլ ավելի շուտ` արհեստավորի, կամ էլ` հետախույզ, դեդեկտիվ շան հետ, որը երկար որոնում է, հոտոտում է տեղանքը, մոտենում է ոսկորին աջից- ձախից, հետո միայն կծոտում այն. «Ինչպես շունն է ֆռֆռում ոսկորի կողքին, այնպես էլ ես եմ ֆռֆռում երգի կողքին ու գտնում եմ այն… Ես ոչինչ չեմ ստեղծում, ես կարող եմ միայն գտնել: Ես կարող եմ գտնել երգն ու ցույց տալ մարդկանց: Ամեն ինչն արդեն ստեղծվել է Բարձրյալի կողմից: Իսկ Բարձրյալը տիեզերական ներդաշնակությունն է»:
Նա ասաց, որ «ինկուբատորային` ջան-ջան-բադրիջան» երգեր չի գրում, նոր երգերը երկու կամ երեք տարին մեկ են ծնվում:
Ռ. Հախվերդյանին ամենաշատը մտահոգում են հայ հասարակության մեջ գոյություն ունեցող բազմաթիվ տաբուները. «Ինքնամփոփ ու ներանձնական ենք դարձել, այդ պատճառով էլ` չենք զարգանում: Ես ամենից շատ վախեցել եմ մթությունից ու գորշությունից: Դրանք սարսափելի բաներ են: Մեր երգարվեստում էլ շատ տաբուներ կան, որոնք ես միշտ ջարդել եմ: Հիմա բոլոր զանգվածային երգիչները նույն մաներայով են երգում»: Ըստ Ռ. Հախվերդյանի` այդ մաներան երկու ճյուղ ունի` Երգի պետական թատրոնն ու Ռուբեն Մաթեւոսյանը: «Մի հինգ երգիչ գիտեմ, որոնք կարծես թե Ռուբեն Մաթեւոսյանի քսերոկոպիան են»,- ասաց նա: