ԼՂՀ նախագահի 5 թեկնածու կա

06/05/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Բալա՛ ջան, ինձ համար տարբերություն չկա՝ ո՞վ է նախագահ դառնալու, միայն թե նախագահը էս երկրի ու ժողովրդի մասին մտածի մի քիչ, մեր երեխաները նրա համար են զոհվել, որ պետությունը կայանա»,- ասում է 70-ամյա Նադյա Գրիգորյանը, որի տղան հենց Աղդամում է զոհվել: Տիկին Նադյան Ստեփանակերտում է բնակվում, իսկ ամեն շաբաթ մի քանի օրով ստիպված է լինում գնալ Աղդամ` մի քանի բանվորի համար ճաշ պատրաստելու, որի դիմաց տրվող գումարով էլ պահում է իր ընտանիքը:

Մարտունու շրջանի Նոր շենի բնակիչները նախագահի թեկնածուների մասին ինֆորմացիան ստանում են միայն Արցախի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկումից: Գյուղի դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Նաթելա Ստեփանյանն ասում է, որ գիտի միայն երկու թեկնածուների մասին, որոնց էլ ծանոթ չէ, նրանց մասին միայն թերթերում է կարդացել: «Բակո Սահակյանի մասին վերջերս եմ կարդացել` կենսագրական տվյալներ»,- ասաց նա: «Ինֆորմացիան շատ ուշ ենք ստանում, բալա ջան»,- ասաց գյուղացիներից մեկը, ով չզարմացավ, երբ տեղեկացրեցինք, որ արդեն ունենք նախագահի 5 թեկնածուներ (նա նույնպես 2-ի մասին գիտեր):

Նշված թեկնածուներից երկուսի նախաձեռնող խմբերը մայիսի 4-ին են դիմել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դրանք են՝ ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Արմեն Աբգարյանի նախաձեռնող խմբերը: Ինչպես մեզ հետ զրույցի ժամանակ նշեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, խմբերի ցուցակների ստուգումն ընթացքի մեջ է, եւ 3 օրվա ընթացքում ԿԸՀ-ն պետք է գրանցելու որոշում կայացնի: Հիշեցնենք, որ մյուս երեք թեկնածուներն են ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը, Արցախի պետհամալսարանի դասախոս Վանյա Ավանեսյանը եւ ԼՂՀ Կոմկուսի նախագահ Հրանտ Մելքումյանը:

Տեղեկացնենք, որ թեկնածուների առաջադրումն ավարտվում է մայիսի 5-ին:

Ամենայն հավանականությամբ, խորհրդարանում ներկայացված Արցախի ժողովրդավարական, ՀՅԴ եւ «Շարժում-88» կուսակցությունները սեփական թեկնածու չեն առաջադրելու, իսկ «Ազատ Հայրենիքը» պաշտպանելու է Բակո Սահակյանին:

Հատկանշական է, որ վերոնշյալ քաղաքական ուժերը միասնական թեկնածուի շուրջ համաձայնության դեռեւս չեն եկել: Ղարաբաղում կարծիք կա, որ հնարավոր է՝ ամեն ինչ փոխվի, եւ այդ գաղափարն այդպես էլ իրականություն չդառնա: