Նախօրեին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Իմպիչմենտ» դաշինքի եւ «Հանրապետություն» ու «Նոր Ժամանակներ» կուսակցությունների համատեղ առաջին հանրահավաքը: Այդ հանրահավաքն իր մարդաշատությամբ Հայաստանում վերջին 3-4 տարիներին կազմակերպված թերեւս ամենաբազմամարդ հանրահավաքն էր:
Նախօրեին Ազատության հրապարակում հավաքվել էին ավելի քան 10.000 մարդիկ: Դատելով նախագահի նստավայրի մոտակայքում ու Ազատության հրապարակի շրջակայքում ծվարած զինուժի քանակից՝ այդ հանրահավաքը լրջորեն անհանգստացրել էր հայրենի իշխանություններին, ու զարմանալի չէ, որ այն այդպես էլ որեւէ հեռուստաընկերություն չլուսաբանեց: Համատեղ հաջորդ հանրահավաքն այս ուժերը կանցկացնեն մայիսի 9-ին, ժամը 19:00-ին՝ Մատենադարանին հարակից հրապարակում: Իսկ մայիսի 13-ին, ժամը 14-ին իմպիչմենտի կողմնակիցները կհավաքվեն Ազատության հրապարակում՝ հետագա անելիքները որոշելու համար: Մինչ այդ, երեկ քաղաքական վերոնշյալ երեք միավորների ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանը, Արամ Զ. Սարգսյանն ու Արամ Կարապետյանն ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում հրապարակեցին ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձ, որում մասնավորապես ասված է, որ «եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արմատապես չխեղաթյուրվեն եւ գլխիվայր չշրջվեն, մենք կունենանք խորհրդարանական մեծամասնություն եւ իմպիչմենտ կիրականացնենք խորհրդարանական ճանապարհով»: «Մայիսի 12-ին, հանուն քոչարյանական հանցավոր կլանից ազատվելու, ձեր քվեարկությամբ թիկունք կանգնեք «Հանրապետություն» կուսակցությանը, «Նոր Ժամանակներ» կուսակցությանը եւ «Իմպիչմենտ» դաշինքին»,- ասված է այս երեք ուժերի համատեղ ուղերձում: Ասուլիսում Արամ Զ. Սարգսյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանն օրերս ԵՊՀ-ում խոսելով ընտրակեղծիքների մասին, դիմելով ընդդիմությանն՝ ասաց մոտավորապես հետեւյալը. կարողանո՞ւմ եք՝ գնացեք, պահեք ձեր ձայները: Չէ՝ մենք կեղծելու ենք: Ն. Փաշինյանն էլ վստահեցրեց, թե իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերոնշյալ 3 ուժերի ընտրողները բոլորովին տարբեր շերտեր ներկայացնող մարդիկ են, եւ կա ձայների շատ փոքր համընկնում: «Այն քաղաքական պրոցեսը, որ դուք այսօր տեսնում եք, դա ըստ էության հասարակական պահանջարկի եւ բնական զարգացումների հետեւանք է: Քաղաքական իմաստով այսօր հասունացել էր նոր նախընտրական դաշինք ձեւավորելու հարցը, բայց, ցավոք, Ընտրական օրենսգիրքը, նաեւ հենց այս իրավիճակներն իշխանության օգտին ծառայեցնելու մղումով, հնարավորություն չի տալիս նախընտրական դաշինք ձեւավորել»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Իսկ Ա. Սարգսյանի խոսքերով՝ բոլորի համար էլ պարզ է, որ հայկական ընտրությունների ժամանակ ձայները գողանում են: «Այս իշխանությունները գող են, ձայնի գող, իսկ գողության դեմ պայքարելու լավագույն տարբերակը շատ պահակներ ունենալն է: Հետեւաբար՝ մենք կփորձենք միասնական ուժերով ամբողջ Հայաստանի ընտրական տեղամասերում մեր վստահված անձերն ունենալ եւ պայքարել այդ գողության դեմ»,- նշեց նա: Ա. Կարապետյանն էլ նշեց, թե պայմանավորվել են, որ հենց մտնեն ԱԺ, պայքարելու են, որ իմպիչմենտը դառնա օրակարգի հարց եւ այդ հարցը լուծվի: «Եթե չի լուծվում, պայմանավորվածություն ունենք, որ մանդատները դնում ենք, դուրս ենք գալիս փողոց: Իմպիչմենտը պետք է կատարվի կա՛մ խորհրդարանում, կա՛մ փողոցում»,- հայտարարեց է Ա. Կարապետյանը: Ըստ Ն. Փաշինյանի, եթե քվեարկության արդյունքները գլխիվայր շուռ չտան, ապա հնարավոր չէ, որ նշված երեք քաղաքական ուժերը միասին չունենան իմպիչմենտի գործընթացն առնվազն սկսելու համար անհրաժեշտ ձայներ: «Եվ եթե ընտրությունների արդյունքում ստացվի, որ այդքան մանդատ մենք չունենք խորհրդարանում, նշանակում է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, որովհետեւ իմպիչմենտն այսօր ունի առավել, քան 90%-անոց հասարակական պահանջարկ»,- պնդեց նա: Իսկ «Հանրապետության» առաջնորդ Ա. Սարգսյանը նկատեց, որ իշխանություններն արդեն իսկ խախտում են ընտրությունները, եւ դրա ապացույցը նաեւ նախօրեին տեղի ունեցած հանրահավաքը չլուսաբանելն էր: Այնուհետեւ դիմելով իշխանություններին՝ Ա. Սարգսյանն ասաց. «Մի՛ խախտեք, գոնե քվեարկության օրը մի՛ խախտեք: Եթե խախտեցիք, փողոց ենք դուրս գալու ու հետընտրական պրոցեսներին բնորոշ բոլոր ճանապարհներով փորձելու ենք հասնել արդարության»: Ըստ Ա. Սարգսյանի, հանրահավաքը բազմամարդ էր, որովհետեւ մարդիկ համախմբվել են ոչ թե այդ երեք ուժերի, այլ իմպիչմենտի գաղափարի շուրջ, եւ ով էլ այդ գաղափարը ներկայացներ, մարդիկ այդքան հավաքվելու էին: Նրա հավաստմամբ՝ «մայիսի 13-ին հավաքվելու ենք ու բոլորով, ժողովրդի հետ միասին որոշելու ենք, թե ինչ ենք անելու»: «Ինչ կորոշենք՝ բոլորիդ համար էլ պարզ է, իշխանության համար էլ պարզ է: Արդեն իրենք այդ կանխատեսումներն ունեն, դրա համար էլ վախեցած մեզ չեն ցուցադրում, դրա համար էլ նախագահը վախեցած համալսարանից տարբեր ձեւերով փորձում է հասկացնել, որ ուժ կգործադրի… ,- նշեց Ա. Սարգսյանն ու դիմելով Ռ. Քոչարյանին՝ շարունակեց,- Փորձի, գործադրի, էլ տեղ չունենք»: Ա. Սարգսյանի խոսքերով՝ քանի որ այսօր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը նաեւ չի սիրում այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում կամ Ղրղըզստանում, «ասում ենք, որպեսզի նման բաներ տեղի չունենան, դրա դեմ պայքարելու լավագույն ձեւն արդար ընտրություններ անցկացնելն է»: Իսկ «Իմպիչմենտի», «Հանրապետության» ու ՆԺԿ-ի համագործակցության ֆորմատն ընդլայնելու վերաբերյալ Ա. Սարգսյանը նշեց, թե նման խոսակցություններ կան, ֆորմատն ընդլայնվելու միտում ունի, եւ մայիսի 9-ի հանրահավաքը նաեւ այդ ինտրիգը կունենա: Դիմելով բանախոսներին՝ լրագրողներից մեկը նշեց. «Ուզում եմ իշխանությունների մեջ գտնել այն մեղմությունը, որ ուժ չեն կիրառելու, գլուխս չի մտնում»: Այս մտավախությանն արձագանքեց Ն. Փաշինյանը՝ հետեւյալ կերպ. «Կներեք, դուք մեր մեջ փնտրեք այդ մեղմությունը: Փնտրեք, տեսեք՝ գտնո՞ւմ եք այդ մեղմությունը: Դուք մեր աչքերի մեջ մեղմություն տեսնո՞ւմ եք: Ակն ընդ ական եւ ատամն ընդ ատաման»: Փաշինյանի խոսքերով՝ այս պրոցեսում գլխավոր գործող անձը ոչ թե իշխանությունն է, այլ ՀՀ քաղաքացին, «որը մեզ օժտելու է մեղմ կամ ոչ մեղմ լինելու մանդատով»: