ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու փաստաբան Զարուհի Փոստանջյանը ներկայացնում են «Ժառանգություն» կուսակցությունը: «Ժառանգություն» կուսակցությանը քարոզարշավի ընթացքում սատարող ասուլիս հրավիրած այս տիկնայք խոսեցին իրենց հայտնաբերած նախընտրական խախտումների մասին:
Լ. Ալավերդյանն ասում է, որ ընտրություններն արդեն իսկ կեղծվել են` խախտելով հավասարության սկզբունքը: Գյումրիում քարոզարշավի ընթացքում քաղաքացիները «ժառանգություն» կուսակցությանը ներկայացրել են, որ ենթարկվում են համատարած ճնշումների: Լ. Ալավերդյանը դպրոցի անունը չի նշում՝ մարդկանց անելանելի դրության մեջ չդնելու պատճառով, եւ պատմում է, որ մի դպրոցում 130 ուսուցիչներից 128-ը հանձնել են իրենց անձնագրերը: Այս մարդկանց վրա հոգեբանական ճնշում է գործադրվում, թե՝ կոնկրետ այս կուսակցության (անունը կրկին չի նշում) օգտին չքվեարկելու դեպքում՝ կիրառվելու են վարչական լծակները: «Սրանք հեքիաթներ չեն, ինչպես փորձում են ներկայացնել մյուս կողմի ներկայացուցիչները: Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանում համատարած վախի մթնոլորտ է. մարդու ո՛չ խոշոր չափսերը, ո՛չ ֆիզիկական ուժը, ո՛չ ֆինանսապես ապահովվածությունը չեն կարող պաշտպանվածության երաշխիք լինել: Մարդը պետք է իրեն պաշտպանված զգա միայն օրենքով, սակայն ոչ ոք այսօր օրենքի հետ հույսեր չի կապում»,- ասում է Լարիսա Ալավերդյանը: Սակայն «Ժառանգություն» կուսակցությունն այս պայմաններում չի ընկրկելու եւ պատրաստ է ընտրակեղծիքները վեր հանել ու դատապարտել այն, գործընթացի` ընտրությունների ավարտից հետո: Կուսակցության դիտարկումներով՝ կողմնորոշված քաղաքացիներից բոլորին չէ, որ հաջողվել է ահաբեկել, եւ 10 ընտրողից 4-ին իրենց ընտրողն են համարում: Ընտրապայքարում 5-10 տոկոս հավաքելն էլ դեռ հաղթանակ չեն համարում եւ նպատակ ունեն ապագա խորհրդարանում համախոհների հետ մեծամասնություն կազմել: Ասուլիս հրավիրածներն այս գործում մեծ դերակատարում են տալիս ԶԼՄ-ներին, որը բանախոսի գնահատմամբ՝ ԱՊՀ երկրների համեմատ ավելի ժողովրդավար ուղի է բռնել, ի տարբերություն տեղական երկչոտ հասարակական կազմակերպությունների:
Զարուհի Փոստանջյանն էլ հավելում է, որ կուսակցությունն աչալուրջ հետեւում է բոլոր խախտումներին եւ փաստագրում դրանք: Խախտվել է քարոզարշավի պայմանների հավասարությունը: Գովազդային պաստառներ փակցնելու համար տեղերը հավասարաչափ չեն բաշխվել: Արձանագրվել է նաեւ, որ ճնշումներ են իրականացվել քարոզչություն իրականացնող անձանց վրա: Նշյալ խախտումներն ընտրությունների արդյունքների վրա կարո՞ղ են ազդել, թե՞ ոչ. Զ. Փոստանջյանը գնահատական տալը վաղաժամ է համարում: «Ժառանգություն» կուսակցության հավաքած տեղեկատվությամբ՝ ժողովուրդն այս անգամ շատ վճռական է տրամադրված եւ ժողովրդավար ուժերին առաջարկում է տեր կանգնել իրենց ձայներին: Ժողովրդի ձայնին տեր կանգնելու հնարավորություն բարեփոխված Ընտրական օրենսգիրքն ընձեռում է: Այն է՝ վստահված անձինք բավականին իրավունքներ ունեն հանձնաժողովների համեմատ եւ հանգիստ կարող են արձանագրել կեղծիքները, որն էլ հնարավորություն կտա հետագայում խոսել ընտրակեղծիքների մասին եւ տեր կանգնել ստացած ձայներին: Բացի այս էլ, կուսակցություններն ունեն վերահսկելու հնարավորություն, լինելու են միջազգային դիտորդներ, ուստի քաղաքացին հնարավորություն ունի որոշելու իր ճանապարհը: Այս լավատեսական ֆոնին բանախոսներին մտահոգում է ընտրողների թիվը` հաշվառված է մոտ 2մլն 300 հազար ընտրող: Այս թվից էլ մոտ 700-800 հազարն այս պահին գտնվում է արտագնա աշխատանքի մեջ: Ընտրող` «մեռած հոգիների» մասին կուսակցության համակիրները սարսափով են խոսում եւ անտես ախոյաններին հիշեցնում են, որ այս անգամ «սարսափը» ժողովուրդն է լինելու: Քաղաքական այլ ուժերի հետ ճանապարհների հատում հնարավոր են համարում, եթե առաջիկայում ընտրությունները կեղծվեն: Իսկ ընդհանուր առմամբ հույս ունեն, որ մայիսի 12-ի ընտրություններն առաջին անգամ օրինակելի են լինելու: