Ընտրությունների նախաշեմին Հայաստանի երջանիկ ապագայի մասին քաղաքական բանավեճերը մտնում են տնտեսական դաշտ եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ, վկայակոչելով իր տնտեսագիտական հաշվարկները, խոստանում է իշխանության գալու դեպքում հայերի կյանքը բարելավել մի քանի անգամ:
Ի՞նչ իրական միկրոտնտեսական (երբ օդանավով թռչում ես, ներքեւում նշմարվող անտառը պայմանականորեն անվանենք երկրի մակրոտնտեսության մակարդակ, իսկ երբ մտնում ես անտառ՝ այնտեղ եղած ծառերն արդեն խոսում են միկրոտնտեսական ցուցանիշների մասին) հնարավորություններ ունի Հայաստանը. այս հարցին գնահատական է տալիս մասնագետը. «Շատ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, մարդը ծախսը ծախքից չի տարբերում, սակայն ողջ Հայաստանում տնտեսագիտական դասախոսություններ է կարդում: Ամոթ է, մարդն իրեն չպետք է նման բան թույլ տա: Հայտնի մաթեմատիկ Կալմագորովին 80-ականներին ընդունում են պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի նախագահ, իսկ նա խռովում, թողնում-գնում է: Երբ հարցնում են, ո՞րն է պատճառը, ասում է` այս մասին պետք է գոնե 2-3 ամիս առաջ ասեիք: Ես պետք է նախապատրաստվեի: Այս մարդը դասագրքի հեղինակ լինելով հանդերձ, իրեն թույլ չի տվել հանպատրաստից գործի մտնել: Հիմա տեղից վեր կացողը 3-5 անգամ կենսաթոշակ է բարձրացնում»,- ասում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի միկրոտնտեսության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Արշակյանը:
– Եթե նույնիսկ ստվերային տնտեսությունն ընդունենք 50 տոկոս եւ այսքանն էլ բերենք ստվերային դաշտ, լավագույն դեպքում՝ մեր ՀՆԱ-ն կավելանա 2 անգամ: Այդ անաստվածները գոնե 2 անգամ ասեն, որ կբարձրացնեն կենսաթոշակը, թե չէ` ինչ թիվ ուզում՝ կրակում են: Որոշ կուսակցությունների տնտեսական ծրագրերում հիմնավորվածության տարրեր կան, սակայն դա մեկ-երկու կուսակցություն է, մնացածների մասով խոսելն անիմաստ է:
– Հայաստանում մի քանի ոլորտներում աշխատավարձերի բարձրացման նախադեպեր կան: Ինչո՞ւ նույնը կիրառելի չէ կենսաթոշակի պարագայում:
– «Օրինաց երկիրը», որ հիմա պարծենում է, թե՝ տեսա՞ք ոնց ուսուցիչների աշխատավարձը բարձրացրեցինք: Կարող են բարձրացնել, սակայն օպտիմալացրեցին, ինչը նշանակում է, որ ուսուցիչների կեսին փողոց շպրտեցին: Վաստակաշատ մանկավարժին փողոց նետեցին, այսօրվա կոոպերատիվ ավարտածին տարան ուսուցիչ նշանակեցին: Սա նույնն է, թե համեմատենք առաջին դասարանցու խզբզանքը Գառզուի գործերի հետ: Ասեմ, որ դեմ չեմ երիտասարդներին տեղ տալուն, սակայն այս ճանապարհով մենք փչացրինք մեր ունեցած միակ բանը` մարդկային կապիտալը: Այս ճանապարհով կարող են խոստացած բարձրացումներն ապահովել 3 անգամ եւ ոչ ավելի:
– Տնտեսական հատվածի ո՞ր ոլորտներն է, որ կարող են երկրի համար զարգացում ապահովել:
– Շատ եմ լսել, որ պետության զարգացման հեռանկարում պետք է զարկ տան մանր եւ միջին բիզնեսին: Թող զարկ տան, բայց այս ասողները պետք է հաշվի առնեն նաեւ միջազգային փորձը: Օրինակ, եվրոպական երկրներում 6-7 մարդուն մեկ ձեռնարկություն է ընկնում: Հայաստանում արդեն իսկ այդքան փոքր ձեռնարկություններ կան, այլ բան է, որ գրանցվածների մոտ կեսը չի աշխատում: Գրանցված 120 հազար փոքր եւ միջին ձեռնարկություններից մոտ կեսն է գործունեություն անում:
– Ի՞նչն է խոչընդոտում բիզնես կազմակերպելուն:
– Կամ շուկայում մրցունակ ապրանք չեն արտադրում, կամ արտադրում են շուկայում պահանջարկ չունեցող ապրանք, կամ էլ չունեն արտահանման հնարավորություն: Իսկ առաջնային խոչընդոտն էլ մեր Կենտրոնական բանկն է, որը պետություն է՝ պետության մեջ: Ունի անսահման լիազորություններ եւ չունի ոչ մի պատասխանատվություն: Աշխարհում, Հունաստանից հետո, երկրորդն է իր ինքնուրույնություններով: Ասում է՝ վարում եմ դրամի արժեւորման քաղաքականություն: 1 տոկոս դրամի արժեւորումը 3 տոկոսով կրճատում է արտաքին առեւտուրը: Եթե պատասխանատու է առաջինի համար, ուրեմն պետք է պատասխանատու լինի նաեւ երկրորդ ցուցանիշի համար: Կարծում եմ, որ կառավարությունն առաջիկայում այս լիազորությունների մի մասը պետք է ինքը տնօրինի: Այլապես ինչ ուզում՝ այն էլ անում է Կենտրոնական բանկը (ԿԲ): Հենց որ խոսում ենք, ասում է՝ դա իմ գործը չէ, իմ գործն այլ բան է: Իր գործն է դրամի զանգվածը շատացնելը, որը կնվազեցնի դրամի արժեւորումը, սակայն ո՞վ պետք է անի: Հայաստան կատարվող տրանսֆերտները` մոտ 1.5 մլրդ դոլար, տարեկան քիչ եկամուտ չէ: Եթե նորմալ հավաքագրեն եւ նորմալ զարկ տան փոքր բիզնեսին, այս միջոցներն առնվազն այս երկրում կարելի է եռապատկել` պետական բյուջեն հասցնելով մոտ 5մլրդ դոլարի: Նշյալ սոցիալական խնդիրները միայն այս ձեւով կարելի է լուծել: Անշուշտ, պետք է հարկման դաշտ բերել նաեւ ստվերը: Եթե չաշխատի ֆինանսական շուկան իր բոլոր ենթակառուցվածքներով, որի վրա իր թաթն է դրել ԿԲ-ն, ապա խոսք անգամ չի կարող լինել երկրի տնտեսության զարգացման մասին: Ես ԿԲ-ում չեմ տեսնում մի տնտեսագետ, որը պետականորեն մտածի, եւ չգիտեմ, թե ինչպես են մտածում: Մինչեւ հիմա չի եղել մի դեպք, որ ԿԲ նախագահն իր ղեկավարած կառույցի կամայական գործունեության համար որեւէ պատասխանատվություն կրի: Այդ ի՞նչ է, 15 տարի է, այդքան լա՞վ է աշխատում: Եթե այդպես է, ապա ո՞ւր է իր կառուցած ֆինանսական շուկան:
– Կառավարությունն էլ պետական մարմինն է, ֆունկցիաների վերաբաժանումից ի՞նչն է փոխվելու:
– Պետությանը մեր ժամանակի երիտասարդ բարեփոխիչները զրկել են բոլոր իրավունքներից եւ դարձրել են շուկայի պահակը: Հիմա պետության «թեւերը կտրած է», բայց չէ՞ որ պետությունն էլ պետք է շուկայի գործակալ լինի եւ ինքն էլ բիզնեսով զբաղվի: Օրինակ, պետությունը ձմռանը պետք է դիզվառելիք, պահեստամասեր, պարարտանյութ հավաքագրի եւ գարնանը մատչելի գներով տրամադրի գյուղացիական տնտեսություններին, որպեսզի գյուղմթերքի ինքնարժեքը ցածր լինի:
– Եվրոպական երկրներում նման նախադեպեր կա՞ն:
– Այո: Գյուղատնտեսական բերքի չիրացման դեպքում էլ պետությունն ինքն է ստանձնում բերքի վերամշակումը: Պետությունը պետք է զբաղվի բիզնեսով: Խնդիրը նույնն է նաեւ մեր բուհերում: Մոտ 50մլն դոլարի պետպատվերով մասնագետներ է պատրաստել եւ շուկայում թողել բախտի քմահաճույքին, որոնց գրեթե ձրի աշխատացնում են ֆինանսատնտեսական կազմակերպությունները: Պետությունը պետք է իր արտադրանքը` մասնագետներին, վաճառի այդ կազմակերպություններին: Չէ՞ որ այդ մարդը պետք է փոխհատուցի պետությանը: Նույնն է նաեւ սեփականաշնորհման ոլորտում: Վայրենի սեփականաշնորհում արեցին: Պետք է որոշակի պայմաններ դնեին եւ ստիպեին սեփականատերերին՝ կատարել այդ նախապայմանները: Գույքահարկի տոկոսադրույքի բարձրացումը գործարանը սեփականաշնորհած եւ գլխի տակ դրած տիրոջը կստիպի մտածել գործարկման մասին:
– Երկնիշ տնտեսական աճն ինչո՞ւ չի հասնում ժողովրդին:
– Նախ՝ Վիճակագրական ծառայության տվյալները չեն արտացոլում իրողությունը, բայց եւ ունենք տնտեսական երկնիշ թվով աճ: Այստեղ աճ է արձանագրում շրջանառության ոլորտը, մինչդեռ արդյունաբերության ոլորտը պետք է աճ տա: Փողը պտտվում է փակ շուկայում` կազինոներում կամ այլ օբյեկտներում, սա ինչպե՞ս է ազդելու բնակչության կենսամակարդակի վրա: ՀՀ-ում թափառող կապիտալը շատ-շատ է: Դրսում դառը աշխատած Հայաստան փոխանցված գումարները հավաքվում են որոշ մարդկանց կողմից: Դոլարը մեր երկրում էժանանում է, դառնում է «տերեւ», եւ այդ թափառող կապիտալը կենտրոնանում է որոշ մարդկանց ձեռքում: Իսկ նրանք էլ այդ գումարներն արտահանում են Ռուսաստան: Մոսկվայում հայերը բավականին կապիտալ են ներդրել: Սա նշանակում է, որ ժողովրդի մի ստվար զանգված դրսում աշխատում-չարչարվում է, կապիտալ է բերում իր երկիր, իսկ տեղում էժանացնում են եւ դուրս հանում Ռուսաստան: Իսկ ինչո՞ւ այստեղ չեն անում կապիտալ ներդրումներ: Դոլար-դրամ քաղաքականությունը Հայաստանում քաղաքական հողի վրա է տեղափոխվել:
– Երկրի զարգացման համար կառավարությունն ընտրել է գերակա ուղղությունները, որտեղ տեղ չկա արդյունաբերության համար:
– ՀՀ-ն արդյունաբերական երկիր է եղել, եւ այդ ավանդույթները պետք է շարունակել: Պետք է ոտքի հանեն մեքենաշինությունն ու արդյունաբերությունը: Այլապես ինչպե՞ս են աշխատատեղի հարցը լուծելու: Ասում են՝ փոքր եւ խոշոր ձեռնարկությունների զուգակցում պետք է լինի: Եթե մեծ ձեռնարկություններ չունեն, ո՞վ է լինելու փոքր ձեռնարկությունների պատվիրատուն:
– Լավ կյանքի տեսլականը Հայաստանում քանի՞ տարի հետո է հնարավոր:
– Եթե երկնիշ տնտեսական աճ է, ապա 8 տարի հետո մեր ազգային եկամուտը պետք է կրկնապատկվի: Եթե օլիգարխներն ավելի հարստանան եւ ավելի շատ հարկ տան, գուցե եւ այս ճանապարհով մի բան փոխվի: Ուրիշ ճար չունենք: