Ում երազանքն է ավելի ամերիկյան

10/05/2005

«Երազանքների ֆաբրիկայում»՝ Հոլիվուդում, մի քանի օր առաջ լավագույններին «Օսկարներ» բաժանվեցին: Ամենացանկալի ու հեղինակավոր կինոմրցանակի հավակնորդները լավ գիտեն՝ հաղթանակի կարեւորագույն նախապայմանը «ամերիկյան երազանքին» համապատասխան ֆիլմ նկարահանելն է: Ընդ որում, երազանքի մասշտաբը նշանակություն չունի՝ կարելի է երազել ինքնաթիռով Ատլանտյան օվկիանոսը կտրել, ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ հաշտվել կամ վաղուց երազած տունը գնել: Պետք է Հոլիվուդի օրենքներով խաղալ: Մարտին Սկորսեզեն իր «Օդագնացը» ֆիլմում ընտրել էր էքսցենտրիկ օդաչու-միլիոնատեր Հովարդ Հյուզի կյանքի այն հատվածը, որտեղ երազանք կա, եւ հանդիսատեսին ներկայացրել հաղթանակած հերոսին: Հյուզի խելագարությունը հասկանալի է, նա ուզում է ամեն գնով իր երազանքին հասնել՝ օդ բարձրանալ: Ամերիկյան Կինոակադեմիան «Օդագնացի» երազանքը թերագնահատեց ու «Օսկար» շնորհեց ավելի պարզ ու մարդկային երազանք-սյուժեին՝ բռնցքամարտով զբաղվող կնոջ մասին պատմող Քլինթ Իսթվուդի «Աղջիկը մեկ միլիոն դոլարով» ֆիլմին: Բռնցքամարտով զբաղվելը եւ աշխարհի չեմպիոն դառնալը գլխավոր հերոսուհու (լավագույն կնոջ դերակատարմանն արժանացած Հիլարի Սուոնկի) միակ ցանկությունն է, եւ թեեւ ֆիլմի վերջում նա ռինգում ստացած վնասվածքներից մահանում է, երազանքը դրանից չի նվազում՝ հասկանում ես՝ զոհեր էլ են պետք: «Աղջիկը մեկ միլիոն դոլարով»-ը մրցանակներ ստացավ նաեւ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարում» (Մորգան Ֆրիմեն) անվանակարգերում:

Ամերիկյան Կինոակադեմիան` ավելի մեծ թվով երիտասարդների ուշադրությունը գրավելու համար՝ շոուն վարելու էր հրավիրել սկանդալային կատակերգակ Քրիս Ռոքին, որի կատակները միշտ եղել են անկանխատեսելի ու բավական կոպիտ: Մի շոուի ժամանակ Քրիս Ռոքը հայտարարել է, որ Ջենիֆեր Լոպեսին առնվազն երկու լիմուզին է պետք, քանի որ նրա հետույքը մեկում չի տեղավորվում: «Ես ուզում եմ, որ լավագույն տղամարդ դերասան համարվի «Ռեյ» ֆիլմի դերակատարը, եթե այդպես չլինի, ես որեւէ մեկից կխլեմ արձանիկն ու իրեն կտամ»,- ասել է Ռոքը, որին «Թայմ» ամսագիրը կոչել է «Ամերիկայի ամենածիծաղելի մարդ»: Սկանդալ չստացվեց, քանի որ լավագույն տղամարդու դերակատար համարվեց Ռեյ Չարլզի կերպարը մարմնավորող Ջեյմի Ֆոքսը: «Լավագույն սցենար» մրցանակը հանձնվել է «Մայթ» ֆիլմին, որը պատմում է «միջին տարիքի» երկու ընկերների մասին: Ընդհանուր տպավորությունը դրական է՝ շահած ֆիլմերը բուռն հիացմունք կամ բանավեճեր չեն ակնկալում, սակայն բոլորի կենտրոնում մարդկային պատմություններ են՝ հուզիչ ու հասկանալի:

Ն. Հ.