Եթե կա ապրանք, ուրեմն նրա համար կգտնվի նաեւ գնորդ: Այս կարծիքին է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Եվ խնդիրը, բնավ, անձերի մեջ չէ, այլ երեւույթի:
Դեռեւս 2003թ. ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կրոնական կառույցներին հարողների թիվը տատանվում է 300-350 հազարի միջեւ, սակայն անցյալ տարվա հրապարակման մեջ Հայաստանի «հավատացյալների» թիվը վերանայվել է եւ 100-ով նվազեցվել: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» ղեկավարն այդքան էլ հավատացած չէ ներկայացված վիճակագրությանը: Նա փաստում է, որ 2003թ. հունվարից մինչ օրս, բացի «Եհովայի վկաներ» կազմակերպությունից, գրանցվել են եւս 18 նորանուն կրոնական կազմակերպություններ:
Շատերի մոտ դեռեւս աղանդավոր հասկացությունը նույնացվում է «Եհովայի վկաների» հետ, սակայն Ա. Ամարյանը հիշեցնում է, որ ներկա դրությամբ Հայաստանում գոյություն ունեն պաշտոնապես գրանցված 70 կրոնական կազմակերպություններ, որոնցից միայն 10-ն են ավանդական եկեղեցիներ, մնացածն այլընտրանքային` քայքայիչ պաշտամունքային կառույցներ են, որոնց գործունեությունը ոչ մի պետական մարմնի կողմից չի վերահսկվում: Համապետական այնպիսի խոշոր միջոցառում, ինչպիսին խորհրդարանական ընտրություններն են, ոչ ավանդական կրոնական համայնքներից իրավաբանորեն կամ իրենց գաղափարախոսությամբ՝ միայն «Եհովայի վկաները» չեն մասնակցելու: Եթե հաշվի առնենք, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետեւորդների թիվը ներկայումս մեզ մոտ 10-15 հազարի է հասնում, ուրեմն, 10-15 հազար ՀՀ քաղաքացի պարզապես զրկված է ընտրելու իրավունքից: Սակայն, Ա. Ամարյանը հավատացած է, որ բոլոր կրոնական կառույցների առաջնորդները, միանշանակ, կներքաշվեն կուսակցական խաղերի մեջ: «Ով կկարողանա նրանց ներքաշել իրենց կողմը՝ նրանք ձայները կտան այդ քաղաքական ուժին: Ոչ ոք չի կարող ժխտել, որ նման բան տեղի չի ունենալու»,- նկատում է Ա. Ամարյանը: Կենտրոնի ղեկավարը կրոնական կառույցների հետեւորդների խոսակցություններից եզրահանգել է, թե կրոնական առաջնորդը որ քաղաքական ուժին առաջարկի, նրա «հավատացյալները», առանց երկդիմելու, նրան էլ կընտրեն, այսինքն, «հովիվների» ձեռքին է ձայն վաճառելու հաղթաթուղթը: Եթե հաշվի առնենք շրջանառվող խոսակցությունները, թե մեկ ձայնի համար 10 հազար դրամ կաշառք է տրվում, ապա նվազագույնը 200 անդամ ունեցող (օրենքով սա այն թվաքանակն է, որ ապահովում է նրանց գրանցումը) «եկեղեցու» առաջնորդը, անկասկած, որոշակի ֆինանսների կարող է տիրանալ: Սրանք ենթադրություններ կամ կանխատեսումներ չեն: Առաջնորդներից մեկն Ամարյանին պատմել է, որ 2003թ. ընտրությունների ժամանակ քաղաքական լիդերներից մեկը ձայներ «վաստակելու» նպատակով իր հետ լուրջ բանակցություններ է տարել, սակայն կրոնական առաջնորդը մերժել է քաղաքական այդ առաջնորդին: Պատճառը բնավ դավանանքը չի եղել, այլ առաջարկված պայմանը: Նրան առաջարկվել է ոչ թե գումար, այլ դիրքերի ամրապնդում եւ բարոյական աջակցություն: Այս տարվա խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Ա. Ամարյանը հավատացած է, կուսակցություններն ավելի հեռատես կգտնվեն եւ աղանդավորականների հետ բանակցությունների ժամանակ նախապատվությունը կտան առավելապես դրամական միջոցներին, քան պաշտոնների խոստումներին:
Իհարկե, շատ երկրներում են գործում կրոնական նման կառույցներ, սակայն քանակով քիչ են, եւ Հայաստանի նման փոքր երկրի համար երեւույթը պայթյունավտանգ է նրանով, որ կրոնական կազմակերպությունները պետություն են պետության մեջ: Հետաքրքրական մի փաստ. մեր հարեւան Ադրբեջանում բոլոր քրիստոնեական կառույցները մեղադրվում են հայկական լրտեսական կառույցներում ներգրավված լինելու մեջ: Հայաստանում, անկասկած, նման մեղադրանքներ չեն շրջանառվում: Ի դեպ, երկրում ավանդական եկեղեցու դերակատարումը դրսից սերող կրոնական կազմակերպությունների նկատմամբ ընդգծելու համար, մեր զրուցակիցն առաջարկում էր, որ կրոնական կառույցների գործունեության լիցենզիան հատկացվի ոչ թե պետական մարմնի կողմից, այլ կրոնական խորհրդի, որի մեջ ընդգրկված կլինեն հիմնական ավանդական ուղղությունների ներկայացուցիչները: