ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հայրենի իշխանություններին անվանել է «խուժան»: Սիսիանում քիչ է մնացել տապալվի ՀԺԿ-ականների՝ նախօրոք հայտարարված հանդիպումը ընտրողների հետ: Հանդիպումը նախատեսված է եղել քաղաքի «Կինո-Որոտանին» մերձակա հրապարակում ժամը 15.00-ին: Երբ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը եւ մյուսները ժամանել են հանդիպման վայր, պարզվել է, որ անհնար է միացնել բարձրախոսները. հոսանքն անջատված էր: Սակայն հրապարակ եկած մոտ 400 ընտրողների հետ հանդիպումը կայացել է, քանի որ գործի են դրվել ՀԺԿ-ականների ավտոմեքենաների մարտկոցները: Ըստ «Ա1+»-ի, Ս. Դեմիրճյանն իր խոսքում ասել է, թե այսպիսի դրսեւորումներով իշխանությունները հերթական անգամ ցույց են տալիս իրենց իրական դեմքը. «Սա պարզապես խուժանություն է, եւ այսպիսի խուժան, անօրինական իշխանությունները ժողովրդի աջակցությամբ պետք է հեռացվեն»: