Ոտքդ վերմակիդ չափովգ

04/05/2007

Նախորդ շաբաթ եվրոն դոլարի նկատմամբ 1 տոկոսի չհասնող արժեւորման միտումներ էր արձանագրել: Այս հանգամանքը եվրոյի գոտու երկրների ֆինանսական հատվածի պատասխանատուներին ստիպել էր հավաքվել ու եվրոյի վերելքը կասեցնելու նպատակով մշակել հրատապ միջոցառումների ծրագիր: Իսկ ահա հայկական խեղճուկրակ դրամը նախորդ շաբաթ, թվում էր, թե փորձում էր վերադառնալ իր նախկին հնարավորություններին: Սակայն մեր տնտեսագետների ու ֆինանսիստների կանխատեսումներին բանի տեղ չդնող դրամն այս շաբաթ կրկին բռնել է արժեւորման ուղին: Օրերս մի պետական պաշտոնյա մեզ հետ զրույցում ձեռքերն անօգուտ տարածելով ասաց. «ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հետ այսքան երկար ճանապարհ ենք անցել: Հազար անգամ ասել եմ, որ դրամի արժեւորումը քանդում է այս երկրի տնտեսությունը: Եթե 15 տոկոսով բանկերը վարկ են տալիս, սա նշանակում է, որ այս երկրում այդքան էլ մեծ են բանկային ռիսկերը: Եթե 30 տոկոսով արժեւորում ես դրամը, սա էլ նշանակում է, որ 30 տոկոսով դժվարանում է այս երկրում փող աշխատելը»: Քանի որ ազգային արժույթն այլեւս տնտեսագիտական կատեգորիա չէ, ապա մնում է «սեւ շուկայում» փնտրել վերջին շաբաթվա ընթացքում դրամի արժեւորման բուն պատճառները: Ըստ շրջանառվող լուրերի՝ երկու շաբաթ առաջ «Հայռուսգազարդը» մեծ քանակությամբ դոլար է գնել՝ մարելու Ռուսաստանի հանդեպ ունեցած ներկրած գազի դիմաց պարտավորությունները: Քանի որ «Հայռուսգազարդը» դոլարը գնում էր Ռուսաստանի փողերով, ուստի ԿԲ-ին թույլ է տրվել դոլարի կուրսի վրա փող աշխատել: