Երբ բոլորն ընդդիմություն են

04/05/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այսօրն էլ ներառյալ՝ քարոզարշավին մնաց ընդամենը 8 օր։ Դեռ 8 օր էլ մեր փառապանծ կուսակցությունները պիտի արշավեն հանրապետությունով մեկ ու քարոզեն իրենց առավելությունների եւ մյուսների թերությունների մասին։

Հարկ է նշել, որ այս անգամ մեր քաղաքական գործիչները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել շոուատիպ բաներին։ Ճիշտ է, դեռ Բուշի նման չեն պարում ու թմբուկ զարկում, բայց ամեն ինչ դեռ առջեւում է։ Սակայն ամենահետաքրքիրը դա չէ, այլ այն, որ մեր երկրի ներքաղաքական կյանքին ոչ տեղյակ մարդը, լսելով տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին, կարող է գալ մի եզրահանգման՝ գործող իշխանությունը չի մասնակցում ընտրություններին, բոլորն ընդդիմադիր են։

Օրինակ, կարո՞ղ եք ասել՝ ով է այս խոսքերի հեղինակը։ «Կոռուպցիայի նվազումը շոշափելի չէ, որովհետեւ շատ-շատերը մոռացել են դրա բաղկացուցիչ մասի` PR-ի մասին: Մոռացել են, որ կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է՝ նաեւ պատժել։ Այ, եթե մենք պարբերաբար լսենք` երկու ամիսը մեկ, երեք ամիսը մեկ, կամ միգուցե ամեն շաբաթ, որ որեւէ պետական պաշտոնյա ձերբակալվի կամ պաշտոնատար անձ… այն ժամանակ, կարծում եմ, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հայաստանում պրոբլեմը նա չէ, որ նախարարը կաշառակերությամբ է զբաղվում: Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են զբաղվում` փոքր չինովնիկները»:

Ոչ, ամենեւին էլ ընդդիմադիր գործիչ չի ասել այս խոսքերը, որոնց հետ, ի դեպ, դժվար է չհամաձայնել։ Խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն է, իշխանության ղեկին գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահը։ Դժվար թե հասարակ մահկանացուները դեմ լինեին, եթե կոռուպցիայի դեմ պայքար ծավալվեր։ Հանրապետականի պարագայում հետաքրքիր է նաեւ այն, որ անցած տարիներին արձանագրած երկնիշ տնտեսական աճի մասին այդքան չեն թմբկահարում։ Այսինքն, խոսում են տպավորիչ թվերի մասին, բայց ոչ այնքան շատ, որքան կարելի էր սպասել։

Ինչեւէ, անցնենք առաջ, սակայն թեմայից չշեղվենք։ Կոռուպցիայի դեմ պայքարին առանձնահատուկ տեղ է հատկացնում ՀՅԴ-ն։ Ընդ որում, եթե ՀՀԿ «ընդդիմադիրանման» նոտաները նկատելի են դարձել միայն վերջերս, ապա ՀՅԴ-ն դրա մասին պարբերաբար բարձրաձայնել է։ Եվ այդ ամենը միշտ կատարվել է թափանցիկ ակնարկներով, որ իրենք փոքրամասնություն են կազմում եւ չեն կարող արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։ Այսինքն, իրենց խանգարում են։ Միգուցե դա հասկանալի լիներ, եթե ՀՅԴ-ն ստանձնած չլիներ առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության ոլորտները, եւ հատկապես հենց նրանց ներկայացուցիչը չլիներ ՀՀ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդականը։ Նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում կոռուպցիա չկա՞։ Իհարկե կա, եւ, իհարկե, ցանկության դեպքում կարելի էր «մաքրել» գոնե այն, ինչ ձեռքի տակ է։

Անցնենք առաջ։ ՄԱԿ։ Բայց ՄԱԿ-ի մասին՝ հետո։ Բացի այդ էլ՝ ՄԱԿ-ը կոալիցիայի անդամության համեմատաբար կարճ պատմություն ունի։ Իհարկե, նախընտրական տեսահոլովակներում հնչող Գուրգեն Արսենյանի ձայնը, երբեմն՝ զայրացած, երբեմն՝ ինչ-որ բանից սրտնեղած, նույնպես ընդդիմադիր երանգներ է պարունակում։

Կարիք չկա հիշեցնել, որ ՄԱԿ-ից առաջ ՕԵԿ-ն էր կոալիցիայի «երրորդը», սակայն ՕԵԿ-ի մասին այնքան են ասել-խոսել, վերջերս նաեւ՝ «լսել», որ ավելացնելու շատ բան չկա։ Համենայնդեպս, ՕԵԿ-ը երբեք չի ցանկացել հրաժարվել ընդդիմադիր կոչումից՝ անգամ իշխանության մաս եղած ժամանակ։ Անգամ այն ժամանակ, երբ հազարավոր մարդիկ ՕԵԿ-ի շապիկներով մասնակցում էին Ռոբերտ Քոչարյանի օգտին կազմակերպված հանրահավաքին, որը ոչ այլ ինչ էր, քան ընդդիմության «կոնտր-հանրահավաք»։ Նույնիսկ ավելորդ է արդեն հիշեցնել, որ հենց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էր ղեկավարում Սահմանադրական փոփոխությունների «ԱՅՈ»-ի շտաբը, որը մեծ ոգեւորությամբ հակահարված էր տալիս ընդդիմությանը, երբ նրանք դժգոհում էին հանրաքվեի արդյունքները կեղծելու համար։ Անցնենք «Բարգավաճ Հայաստանին», որը, եթե հավատանք թվերին, ամենաբազմանդամ կուսակցությունն է։ ԲՀԿ կարգախոսներից մեկն է՝ «Ուզո՞ւմ ես աշխատել, ընտրիր «Բարգավաճ Հայաստանը»։ Ըստ երեւույթին, շատերը դա բառացի են հասկացել՝ մտնենք ԲՀԿ եւ տեղավորվենք գործի, կամ բացենք սեփական գործ։ Սակայն ԲՀԿ-ն իրեն այնքան ընդդիմադիր չի պահում, որքան իշխանության մեջ եղած ուժերը։ Այստեղ պարզապես ասում են՝ հավատացեք մեզ, մենք երկիրը ոտքի կկանգնեցնենք։

Այս առնչությամբ ուզում եմ հիշեցնել ԱԳ Նախարար Վարդան Օսկանյանի արտահայտած մտքերից մեկ՝ ավստրիական «Der Standard» թերթին տված հարցազրույցում։ Պատասխանելով ԲՀԿ-ին վերաբերող հարցին՝ Վ. Օսկանյանն ասել է. «Նմանատիպ ֆենոմեններ հանդիպում են նաեւ այլ ժողովրդավարական, անգամ եվրոպական երկրներում։ Թերեւս գոյություն ուներ վակուում, մեր ընդդիմությունը վերջին տարիներին կազմալուծված էր, մարդիկ փնտրում էին նոր քաղաքական պլատֆորմ եւ, հավանաբար, այն գտել են այս կուսակցության մեջ»։ Այսինքն, ըստ Վ. Օսկանյանի, ԲՀԿ կողմնակիցներն այն մարդիկ են, ովքեր 2003-ին հանրահավաքների էին գնում՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։ Այնքան էլ հավանական չէ, կամ միգուցե այս միտքը սխալ թարգմանության արդյունք է։ Ամեն դեպքում, եթե ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, դա չի երաշխավորում, որ բոլոր աշխատել ցանկացողներն աշխատելու են, սովորել ցանկացողները՝ սովորելու։ Որովհետեւ միշտ շեշտվում է, որ իրենց ծրագրերի իրագործման համար հարկավոր է ունենալ «50 պլյուս մեկ տոկոս»։ Ցուցակը եզրափակենք Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությամբ։ Կենտրոնամետ։ Այսպես է բնորոշում Տ. Կարապետյանն ինքն իրեն եւ իր քաղաքական ուժին։ Սակայն այդ «կենտրոնամետությունն» արդեն մոդայից դուրս է գալիս։ Եվ անգամ բուն իշխանական ուժերն են նախընտրում ընդդիմադիր կեցվածքը։ Տ. Կարապետյանի խոսքում էլ միշտ նկատվել են ընդդիմադիր երանգներ (իհարկե, հիմնականում՝ անհասցե), սակայն ամեն ինչ կարող է փոխվել։ Եթե ԺԿ-ն անցնի խորհրդարան, ապա կդառնա ավելի «կենտրոնամետ»։ Եթե չանցնիգ Այստեղ կա երկու տարբերակ։ Կա՛մ ստիպված կլինի եւս 5 տարի տատիկ-պապիկներին տանել Սեւան եւ այլուր, կա՛մ էլ կսկսի իր բողոքն արտահայտել եթերում, կդառնա ընդդիմադիր։ Այս պարագայում, շատ հավանական է, որ ԱԼՄ-ն արժանանա «Ա1+»-ի ճակատագրին՝ լավագույն դեպքում։ Իսկ վատագույն տարբերակի դեպքում ինքը՝ Տ. Կարապետյանը, կկրկնի Արկադի Վարդանյանի անցած ուղին։

Մի խոսքով, իշխանություններն ընդդիմության «հացը կտրում են»։ Ընդդիմությունն էլ ավելի շատ զբաղված է մեկը մյուսին գցելով՝ քան իշխանությանը քննադատելով։

«Ստաժավոր» ընդդիմադիրների ճամբարում էլ ամեն ինչ խառնված է իրար։ Արտաշես Գեղամյանի մոտ փոխվել է միայն կարգախոսը՝ «Միասին փրկենք հայրենիքը» կարգախոսին փոխարինելու է եկել «Հայրենիքը փրկենք Միաբանությամբ»-ը։

Արամ Կարապետյանը զբաղված է նախարարների կյանքի մանրամասները լուսաբանելով։ Արամ Զ. Սարգսյանը Դեմիրճյանին ու Գեղամյանին կոչ է անում գիր-ղուշ գցել եւ այլն։ Եվ այս ամենի ֆոնին՝ հետաքրքիր սոցհարցումներ, որոնց արդյունքներով, բնակչության ավելի քան 60%-ը գտնում է, որ ընտրություններն անցնելու են խախտումներով, այսինքն` չի վստահում իշխանություններին։ Եվ մյուս կողմից, այդ նույն իշխանությունն՝ իր բոլոր կուսակցություններով հանդերձ, ունի 60-70% ձայն։

Սոցհարցումներին չհավատալն ի սկզբանե բացառվում է, մանավանդ, երբ դրանք անցկացնում է Ահարոն Ադիբեկյանը։ Մնում է երկու տարբերակ՝ կամ ժողովուրդը խճճվել է՝ ո՛վ է իշխանություն, ո՛վ ընդդիմություն, կամ էլ սկսել է համակրել ընտրություններ կեղծողներին։ Որքան էլ զարմանալի է, սոցհարցումները հենց վերջին տարբերակի մասին են վկայում։