Սկիզբը՝ նախորդ ինը համարներում
Հաղթանակած զինվորականությունը՝ ցնցված հոկտեմբերի քսանյոթի ահավոր ոճրագործությունից, հանցանքի անմիջական պատասխանատու (եթե ոչ՝ կազմակերպիչ) համարում էր նախագահին եւ, հետեւաբար, Քոչարյանն այդ պահին չէր կարող գլխավորել անղեկավար մնացած զինվորականությանը։ Նա երկու տարբերակ ուներ՝ կամ հեռանալ, կամ ժամանակ շահելով սկսել «Հաղթանակած զինվորականություն-Տարերք» համաձուլվածքի քայքայման գործընթաց։
Առաջինը խիստ վտանգավոր էր Քոչարյանի համար՝ անձնապես։ Նա ոչ մի երաշխիք չուներ, որ հեռանալուց հետո կարող է հանգիստ ապրել, չդառնալ թիրախ «համաձուլվածքի» վրիժառուների համար։ Հեռանալը կնշանակեր՝ նաեւ ընդունել մեղադրանքը։ Չհեռանալու մի պատճառ էլ կար՝ ստեղծված բարդ իրավիճակում ոչ ոք չէր ուզում փոխարինել նրան։
Հոկտեմբերի քսանյոթի երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել հասարակությանը համախմբվել նախագահի շուրջ՝ հասկացնելով, որ այդ պահին նախագահ հեռացնելը խիստ վտանգավոր է երկրի համար։ Դրանով նա միաժամանակ բացառել էր իր վերադարձի հնարավորությունը։
Ինչո՞ւ ոչ ոք չէր ուզում փոխարինել Քոչարյանին։ Պատասխանը շատ պարզ է։ Փոխարինողը ստիպված պիտի լիներ բացահայտել ոճրագործության արմատը։ Իսկ եթե այդ արմատը լիներ Ռուսաստանո՞ւմ, կամ մի այլ գերտերության հողո՞ւմ։ Հայաստանը պիտի պատերա՞զմ հայտարարեր այդ երկրին, իսկ եթե չբացահայտեր, ի՞նչ պիտի ասեր հանդիսատեսին, որը հետեւում էր հայոց քաղաքական թատերաբեմում խաղացվող շեքսպիրյան ողբերգությանը։
Քոչարյանը բարդ իրավիճակից դուրս գալու քայլեր էր մտածում եւ հանկարծ հիշեց, թե Տեր-Պետրոսյանն իրեն ինչո՞ւ էր նշանակել վարչապետ։ Տեր-Պետրոսյանն իրեն Ստեփանակերտից Երեւան էր կանչել, որպեսզի ինքը մոտիկից ծանոթանար տնտեսության վիճակին, զգար «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ»-ի պայմաններում տնտեսություն զարգացնելու անհնարինությունն ու չխոչընդոտեր խաղաղության ծրագրին։ Նույն՝ մոտիկից ծանոթացնելու նպատակով, Քոչարյանը վարչապետ նշանակեց Արամ Սարգսյանին, տնտեսություն ղեկավարելու ում փորձը դուրս չէր եկել մի գործարանի տարածքից։ Քաղաքական փորձառություն նա չուներ ընդհանրապես։
Արամ Սարգսյանի համար կար երկու տարբերակ՝ կամ ընդունել ոճրագործության բացահայտման անհնարինությունը եւ խոհեմաբար լծվել վարչատնտեսական աշխատանքի, կամ «…զենք վերցնել մահ ու վշտերի մի ծովի ընդդեմ»։ Առաջին դեպքում նրան չէր ների հաղթանակած զինվորականությունը, երկրորդին նույն ուժը չէր մասնակցի, որովհետեւ հաղթանակած զինվորականության հավաքական ենթագիտակցությունը երբեք թույլ չի տվել մասնակցել անհեռանկար ծրագրերի։
Արամ Սարգսյան վարչապետը պատասխանատու էր ոչ միայն հաղթանակած զինվորականության առջեւ, նրանից ամեն օր ամոքիչ լուր էր սպասում Տարերքը։ Բայց քանի որ ամոքիչ լուրը սահմանափակվում էր նախագահամերձ շրջապատի մեկ-երկու մարդու անհեռանկար ձերբակալությամբ, Տարերքը՝ չբավարարվելով, առաջ քաշեց իր Համլետին՝ Ստեփան Կարենի Դեմիրճյանին։
Երկրորդ Համլետի հայտնությունը հայոց քաղաքականության թատերաբեմում չէր դյուրացնելու ոճրագործության բացահայտումը, բայց հեշտացնելու էր Քոչարյանի գործը։ Վարչապետի պաշտոնից Արամ Սարգսյանին ազատելուց հետո հաղթանակած զինվորականությունը երես էր թեքելու Սպարապետի ձախորդ եղբորից, եւ նա՝ մի քանի հավատարիմների համախմբելով, դառնալու էր Տարերքի կցորդը։ Գլխավոր Համլետ հռչակվելու էր Ստեփան Դեմիրճյանն, ով իր տրամադրության տակ ունենալով հոր ընտրազանգվածը՝ չուներ բավականաչափ խարիզմա, եւ նրա անգործության հետեւանքով Տարերքը մարելու էր։
1999-ի հոկտեմբերից հետո Քոչարյանի համար ամենավճռորոշ պահը լինելու էր 2003-ի նախագահական ընտրությունը։ Նա պետք է վերջապես հաստատվեր հաղթանակած զինվորականության գլխավոր հրամանատարի պաշտոնում եւ հավաստիանար, որ Տարերքը մարել է։ Դրա համար ընտրությունից մեկ տարի առաջ Քոչարյանն արեց իր համար մի շատ կարեւոր քայլ՝ «Ա1+» հեռուստաընկերությունը փակելով՝ հասարակությանը զրկեց այլ կարծիք լսելու հնարավորությունից։
«Համլետ» զույգը թերագնահատեց Քոչարյանի այս քայլը, եւ խոսքի ազատության համառ պահանջ դնելու փոխարեն, նախընտրեց հանրահավաքային պայքարը, որի փորձը չունեին ոչ Ստեփան Դեմիրճյանը, ոչ էլ Արամ Սարգսյանը։ Հանրահավաքի եկող մի քանի հազար մարդուն հետաքրքրում էր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչո՞ւ չէ, նաեւ քաղաքական ապագան, մինչդեռ հարթակի մարդկանց քաղաքականությամբ զբաղվելու միակ դրդապատճառը վրեժխնդրությունն էր։
Այս դեպքում հասարակությանը մնում էր դիմել հին ու ծանոթ «Սրանք (գործող իշխանությունը) չլինեն, ով ուզում է լինի» մարտավարությանը։ Հասարակությունը ենթադրում էր, որ «Համլետների» իշխանության գալու դեպքում ոչինչ չի փոխվելու, բայց սպասում էր հետաքրքիր գործողությունների եւ զգայացունց տեսարանների։
Տեսարաններ չեղան։ Իսկ մնացյալը… լռություն էր։
Շարունակելի