Ի՞նչ են քարոզում հայերը – 3

04/05/2007 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Մինչեւ 2007թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ավարտը մնացել է 7 օր: Եվ բնական է, որ արդեն իսկ ինչ-որ բաներ սկսել են ուրվագծվել: Եվս տասը օր, եւ հայերը կիմանան 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրյալների անունները:

Չնայած փորձը ցույց է տալիս, որ առանձնապես տարբերություն չկա, թե ով է ներկայացնելու ազգի շահերը պետության օրենսդիր մարմնում: Որովհետեւ այդ «մարմնում» վաղուց արդեն շունչ չկա: Բայց, վերադառնանք քարոզարշավին: Անձամբ ես շատ կվիրավորվեմ, եթե ապագա ԱԺ-ում իր պատվավոր տեղը չունենա մարքսիստ Դավիթ Հակոբյանը, նույն ինքը՝ «Երկու աստղի» Երեւանի սիրուն տղան եւ Զիմզիմովը, մեկ-մեկ էլ նույն ինքը` Թաթուլ Մանասերյանը: Եվ եթե «Երկու աստղում» նրան դեռ կարող են SMS-ներով հետ բերել, ապա պատգամավոր չընտրվելու դեպքում իրավիճակն անհույս կլինի, որովհետեւ Հայաստանի հումորի դաշտը ստիպված հինգ տարով կզրկվի ամենառեյտինգային «հումորիստից»: Ինչ վերաբերում է դաշնակներին, ապա կարող եմ ֆիքսել, որ ես եւ դաշնակներն, այնուամենայնիվ, ինչ-որ նմանություն ունենք: Երկուսս էլ սիրում ենք լսել Ռուբեն Հախվերդյանի երգերը: Բայց տվյալ պարագայում ես կնախընտրեի, որ Ռ.Հախվերդյանը նոր երգ չգրեր, այլ փորձեր երգել իր հին երգերից որեւէ մեկը` օրինակ, «Լավագույն տղերքը հեռանում են», կամ, ասենք, «Ուրվականը», կամ, ասենք՝ «Սա Երեւանն էգ, այլ ոչ թե Ստեփանակերտը»: Իսկ Արամ Կարապետյանի «դռան դեմի փալասը» ցույց տվեց, որ Արթուր Բաղդասարյանը դավաճանել է իր նախկին տերերին եւ հիմա հանգիստ կարող է հանդես գալ «խՏվՊՏվ-կՈՐՌՋ» երգով: Այնպես որ, կարիք չկար աղավաղել Ֆորշի երգը: Առավել եւս, որ Ֆորշն ամենեւին էլ «Օրինաց երկրի» համար չի երգելու:

Կարծում եմ, որ եթե Տիգրան Կարապետիչի էլեկտորատը նրանից հիասթափվի, չպետք է զարմանալ, որովհետեւ «ադամանդներին» եւ ռաբիսը թողած, նա իր հոլովակում օգտագործում է Տիգրան Մանսուրյանի եւ Արա Գեւորգյանի երաժշտությունը: Նման անզգույշ քայլը շատ թանկ կարող է նստել Կարապետիչի եւ հատկապես նախկինում «Օրինաց երկիր» կառուցողների համար: Բա էլեկտորատը չի՞ հարցնի. «Բա ո՞ւր են Թաթուլ Ավոյանը, Սպիտակցի Հայկոն եւ, վերջապես, Ուզբեկը»: Վերջիններիս փոխարեն, չգիտես ինչու, հնչում է ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի ձայնը: Հասկանում եք, չէ՞, որ ԱԼՄ-ի համար Վլադիմիր Աբաջյանը խորթ է: Անիմաստների շարքից է «Ազգային համաձայնություն» կուսակցության քարոզարշավը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արամ Հարությունյանին փոքր ժամանակ տնեցիք նուռ չեն տվել: Իսկ հոլովակի տեքստը, հավանաբար, կարդում է 4-րդ դասարանցի մի երեխա, որը նոր սկսել է հաճախել ասմունքի խմբակ: ԲՀԿ-ի հոլովակը չափազանց արհեստական է, որովհետեւ Հայաստանում դժվար է գտնել մի մարդու, առավել եւս՝ տատիկի, որը Գագիկ Ծառուկյանին ուղղված նամակում կուզենա որեւէ բան տալ նրան: Սովորաբար նրանից ինչ-որ բան ուզում են: Իսկ «Հայ տղերքի» բառապաշարով դժվար է առաջ գնալ:

ՀՀԿ-ն իր ողջ քարոզն իրականացնում է Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի ներքո: Լավ կլիներ, որ, ի տարբերություն Շառլ Ազնավուրի համերգի, ՀՀԿ-ի կողքին, առաջին շարքերում ոչ թե «տոմս ունեցող» հարուստները լինեին, այլ առանց տոմսի հեռվում կանգնած, բայց իսկական ֆանատները:

Արամ Գասպարիչն առանձնապես քարոզարշավ չի ծավալել: Պարզապես այս անգամ նա երգում է Արա Աբրահամյանի տված շաբաշով: Բայց եթերում նրա քիչ երեւալուց կարելի է ենթադրել, որ դա ոչ այնքան շաբաշ է, որքան «չայեվոյ»:

Բավական հետաքրքիր է Գեղամյանի քարոզարշավը: Բոլոր ռեպորտաժները ուղեկցվում են «Անուշ» օպերայի երաժշտությամբ: Հոլովակները դիտելու ժամանակ ամեն անգամ թվում է, որ ընտրարշավից հետո պարոն Գեղամյանն Անուշի նման իրեն գցելու է Դեբեդ գետը: Երեւի «ջանգյուլումի» ժամանակ պարոն Գեղամյանը լավ քառատող չի քաշել: Դե իսկ 3%-անոց Տիգրան Ուրիխանյանին ուղարկեցին տուն, որովհետեւ, ի դեմս ՄԻԱԿ-ի՝ գտնվեցին ավելի ցիվիլ եւ գրագետ երիտասարդներ, որոնք Ուրիխանյանի կատարած աշխատանքն այսուհետ ավելի լավ կկատարեն:

Ինչ խոսք, այս քսան օրը ցույց տվեց, որ թեեւ նախընտրական արշավն արտաքնապես շատ քաղաքակիրթ է անցնում, այնուամենայնիվ, միջազգային ստանդարտներից մենք դեռ շատ հեռու ենք: Բայց քանի որ ես շատ լավատես եմ, կարծում եմ, որ անգամ շատ հեռու տարածությունը կարելի է կարճ ժամանակում հաղթահարել, եթե, իհարկե, ոտքով կամ էշով չճանապարհորդենք: Եվ քանի դեռ հայերը նախընտրում են ճանապարհորդել ինքնաթիռով, կարծում եմ, այս խնդիրը մեզ համար լուծելի է: Պետք է միայն հավատալ: