«Փորձած թանն անփորձ մածունից լավ է»,- ասում է քաղաքապետ Ե. Զախարյանը

04/05/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ քաղաքապետարանում կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձավ իրացման գոտիների թեմային: Ինչպեսեւ քաղաքապետը խոստացել էր` այս տարի ավարտին կմոտենան Հյուսիսային պողոտայի շինարարական եւ բուն պողոտայի կառուցապատման աշխատանքները:

Գլխավոր պողոտայում նույնպես աշխատանքները շարունակվում են: Ըստ քաղաքապետ Ե. Զախարյանի` իրացման գոտիներ են համարվում «ֆիրդուսանոց» կոչվող 30-րդ թաղամասը, Կոզեռնը, Կոնդը եւ քաղաքի մի քանի այլ հատվածներ, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ արդեն հաստատվել եւ ՀՀ նախագահի կողմից վավերացվել են որպես իրացման գոտիներ: «Քաղաքապետարանի մոտեցումները վերջին երկու տարիների ընթացքում, որոնք իրականացվում են՝ քննարկվել է ՀՀ վարչապետի հետ: Վերջերս հանրապետության վարչապետի մոտ հանդիպում եղավ եւ վարչապետն ընդունեց իրացման գոտիների մի շարք բնակիչների, որոնք ունեին որոշակի դժգոհություն, անբավարարվածություն նախկին գնահատումների եւ փոխհատուցումների հետ կապված»,- նշեց Ե. Զախարյանը` հավելելով, որ հանձնարարվել է եւս մեկ անգամ ուսումնասիրել այդ հարցերը եւ առաջիկա ընտրություններից հետո, մայիսի 15-20-ին ներկայացնել ՀՀ վարչապետին՝ եւս մեկ անգամ քննարկելու համար: Ե. Զախարյանի հավաստմամբ` Երեւանի իշխանությունների քաղաքականությունը հետեւյալն է. «Որ այսուհետ, ինչպես այսօր այդ փորձը կիրառվում է, իրացման գոտիների քաղաքացիներին առաջարկվի բնակարան տվյալ հատվածում: Դրանով հասցնելով մինիմումի, որոշ դեպքերում՝ նաեւ ընդհանրապես բացառելով քաղաքացիների բողոքները»,- վստահեցրեց նա` նշելով, որ քաղաքացիների բողոքները մեծամասամբ արդարացի են: Իրացման գոտիների բնակիչները երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում եւ նրանց հիմնական պահանջը նույն տարածքում բնակարանների տրամադրումն է: Ըստ քաղաքապետի, բնակարաններից հրաժարվող քաղաքացիներին ֆինանսական փոխհատուցում կառաջարկվի: «Նախկինում, մինչեւ նոր օրենքի ընդունումը, նախատեսվում էր լրացուցիչ գործակից, խրախուսում եւ այլ միջոցներ: Այս օրենքը նախատեսում է շուկայական միջին արժեք՝ գումարած 15% հավելավճար, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան գնելու շուկայում այն չափի տարածք, ինչ ունեցել են մինչեւ իրացման գոտի հայտարարելը»,- ասաց Ե. Զախարյանը` համարելով, որ այդպիսով միարժեք եւ համարժեք փոխհատուցում կստանան իրացման գոտի համարվող հատվածների բնակիչները: Քաղաքապետը նաեւ խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի քաղաքացիների կողմից բողոքները հասցվեն մինիմումի: «Չեմ ասում, որ իսպառ կվերանան բողոքները, որովհետեւ աշխատել այդքան մեծ թվով քաղաքացիների հետ եւ բողոքները բացառել՝ մի քիչ դժվար է, բայց, որ մինիմումի կհասցնենք՝ դա փաստ է»:

Ինչ վերաբերում է ինքնակամ կառույցներին, ապա Ե. Զախարյանի հավաստմամբ` սեփականության նկատմամբ իրավունքի գրանցման խնդիրը եւս մեկ անգամ ուսումնասիրելու վերաբերյալ նույնպես ՀՀ նախագահի եւ վարչապետի կողմից հանձնարարականներ են տրվել: Նա վստահեցրեց, որ կվերանայվի ինքնակամ կառույցների գրանցման եւ սեփականության վկայականներ տրամադրելու հարցը: «Մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրություններ կարվեն, կներկայացվեն ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախագահին»,- հավաստիացրեց Ե. Զախարյանը՝ հայտարարելով, որ երեւանցիները պետք է հնարավորություն ունենան սեփականության նկատմամբ իրենց իրավունքները գրանցել:

Քաղաքապետի հավաստմամբ` 2007թ. առաջին եռամսյակում ամբողջությամբ ֆինանսավորվել են կրթության, առողջապահության, տրանսպորտի, առեւտրի եւ սպասարկման համակարգերը:

Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով 1-ին եռամսյակում նախատեսված էր իրականացնել 18886.2մլն դրամի աշխատանքներ: Փաստացի կատարվել են 19325.8մլն դրամի աշխատանքներ կամ նախատեսվածի 102.3%-ը:

Ե. Զախարյանը, որ ՀՀԿ խորհրդի անդամ է, երեկ անդրադարձավ նաեւ առաջիկա ԱԺ ընտրություններին. «Այսօր հիմնական աշխատանքներն ուղղված են ՀՀԿ ծրագրերի իրականացմանը: Այն, ինչը ես ներկայացրեցի` դրանք նաեւ ընդգրկված են Հանրապետական կուսակցության ծրագրերում: ՀՀԿ-ն, իրոք, բան ունի ասելու ժողովրդին: Անկախության 15 տարիների ընթացքում ՀՀԿ-ն լուրջ աշխատանք է կատարել, եւ վերջին 7 տարիների ընթացքում այն կազմում է իշխանության մաս, իսկ վերջին 5 տարում՝ իշխանության հիմնական մաս: Ամենամեծ բանը, որ ՀՀԿ-ն կատարել է` դա հանրապետությունում քաղաքական եւ տնտեսական կայուն վիճակի ապահովումն է, որով պայմանավորված է տնտեսական աճը, դինամիկան»,- ասաց Ե. Զախարյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն այսօր քաղաքացիներին հաշվետվություն ունի ներկայացնելու: Ըստ քաղաքապետի, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ՀՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված խոստումները կկատարվեն, որովհետեւ ՀՀԿ-ն ի վիճակի է խոստանալ, խոստումները կատարել եւ գործով ապացուցել: Ե. Զախարյանը նաեւ ավելացրեց. «Հայ ժողովուրդը բավական խելամիտ է, եւ չեմ կարծում, որ իրական գնահատականները կարելի է փոխել չհիմնավորված խոստումների, առաջարկությունների հետ»: «Փորձած թանն անփորձ մածունից լավ է»,- ասուլիսի վերջում հիշեց ժողովրդական խոսքը: