Տարբեր կազմակերպությունների անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունները հակասական արդյունքներ են ունենում։ Մի կողմից՝ պարզվում է, որ հասարակության առնվազն 85 տոկոսը վստահ է, որ իշխանությունները մինչեւ ականջները թաղված են կոռուպցիայի մեջ, մյուս կողմից՝ հարցվողների առնվազն 40 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ կամ ՀՀԿ-ին, կամ ԲՀԿ-ին։ Բնականաբար, իշխանությունները «պատվիրված» են համարում առաջին տեսակի հարցումները, իսկ ընդդիմությունը գտնում է, որ երկրորդ խմբի հարցումներն են կեղծ։
Իրականում չի բացառվում, որ երկու կարգի հարցումներն էլ ճիշտ լինեն։ Իսկ սա արդեն վկայում է, որ մեր հասարակությունը տրամաբանության հետ կապված լրջագույն պրոբլեմներ ունի։ Բայց այս թեման մեզանում սովորաբար չի շոշափվում, որովհետեւ ընդունված է կարծել, որ մեր հասարակությունը ոչ մի բանում մեղավոր չէ, մեր հասարակությունը վերին աստիճանի քաղաքակիրթ է եւ չափազանց իմաստուն, իսկ ամեն ինչի համար մեղավոր են իշխանություններն ու քաղաքական կուսակցությունները։ Գուցե եւ այդպես է, չենք վիճում։ Հասարակական մտածողությունը քննադատելն անշնորհակալ գործ է։ Այ, մի քանի օր առաջ Երեւանի կենտրոնի երկու էլիտար շենքերի բնակիչներ ասում էին, որ իրենց ձայնը կտան այն կուսակցությանը, որը կգա եւ կբարեկարգի իրենց բակը։ Որ այդ բակերը մինչեւ հիմա բարեկարգված չեն՝ մեղավորը, հասկանալի է, իշխանություններն են, բայց դա կապ չունի. եթե հիմա իշխանությունները գան ու բարեկարգեն, կարժանանան բնակիչների ձայներին։ Սա, ինչ խոսք, քաղաքացիական գիտակցության բարձրագույն մակարդակի դրսեւորում է։
Երբեւէ տեսե՞լ եք, թե ինչպես է շարքային վարորդը մեքենա վարում Երեւանում։ Անընդհատ հայհոյում է կարգազանց վարորդներին ու դժգոհում է, որ «ով ոնց ուզում՝ քշում ա»։ Բնականաբար, առաջին իսկ առիթի դեպքում ինքն էլ է խախտում անում։ Մոտենում է ավտոտեսուչը։ Ինքն իսկույն իջնում է մեքենայից ու անմիջապես փորձում գործարքի մեջ մտնել. մտնում է ավտոտեսուչի թեւը, փորձում մի կողմ քաշել, գրպանը փող խոթել եւ այլն։ Կապ չունի՝ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ։ Երկու դեպքում էլ վարորդը շարունակում է ճանապարհը՝ ավտոտեսուչին հայհոյելով։ Ճիշտ այդպես էլ շարքային ընտրողը վարվում է իշխանական կուսակցությունների հետ։ Սկզբում հայհոյում է (որ, ենթադրենք, բակը բարեկարգված չէ), հետո ժպտալով գործարք է առաջարկում (բակը բարեկարգեք՝ մեր ձայները ձեզ կտանք), հետո շարունակում է հայհոյել՝ անկախ նրանից, գործարքը կայացա՞վ, թե՞ ոչ։ Եթե կայացավ՝ ապօրինի գործարքի համար է հայհոյում, եթե չկայացավ՝ ավերակ մնացած բակի համար։
Ընդհանրապես, հայ ընտրողների զգալի մասն ընդդիմությանը ձայն է տալիս ոչ թե այն պատճառով, որ հավատում է այդ ուժին եւ երկրի ապագան վստահում է նրան, այլ որովհետեւ դժգոհ է իշխանություններից եւ վրեժ է լուծում։ Իսկ նրանք, ովքեր ընդդիմությունից են դժգոհ, ընդդիմությունից են վրեժ լուծում՝ կամ իշխանությունների օգտին քվեարկելով, կամ ընդհանրապես ընտրություններին չմասնակցելով։
Հայ շարքային (եթե կարելի է այսպես ասել՝ «միջին վիճակագրական») ընտրողը մի առանձնահատկություն ունի՝ ոչ իշխանական կուսակցություններին է հավատում, ոչ ընդդիմադիր։ Ընդ որում, իշխանական կուսակցություններին չվստահելու բոլոր հիմքերը կան։ Եթե մի կուսակցություն ինը տարի շարունակ իշխանության մաս է կազմել, եւ այդ ինը տարիների ընթացքում կոռուպցիայի ծավալներն աճել են (ինչի մասին վկայում են, առանց բացառության, բոլոր հետազոտությունները), ինչպե՞ս հավատաս այդ կուսակցության պնդումներին, թե իրենք շարունակելու են արմատախիլ անել կոռուպցիան։ Բայց «միջին վիճակագրական» ընտրողը նաեւ ընդդիմադիր կուսակցություններին չի վստահում, եւ նրանց բոցաշունչ ելույթներին լավագույն դեպքում արձագանքում է թերահավատ քմծիծաղով՝ «հիմա էլ սրանք են ուզում գան թալանեն»։ Ինչո՞ւ են այդպես արձագանքում։ Որովհետեւ իրենք հենց այդպես կվարվեին. իշխանության գալու դեպքում անպայման կշարունակեին թալանը։ Պետավտոտեսուչին կաշառք տվող վարորդին պետավտոտեսուչ նշանակեք՝ կսկսի նույն կերպ կաշառք վերցնել։ Իսկ ազնիվ պետավտոտեսուչ կլինի միայն նա, ով այսօր շարքային վարորդ է եւ թույլ է տալիս, որ իր վրա տուգանք գրեն, բայց տեսուչի գրպանը փող չի խոթում։
Առաջիկա ընտրությունները նախորդների համեմատ «մի քայլ առաջ» կլինեն, թե երկու քայլ ետ՝ արդեն էական չէ։ Իշխանությունները կարծես թե արդեն «սկզբունքային որոշումը» կայացրել են։ Այն է՝ առաջիկայում եւս Հայաստանը պիտի ղեկավարվի ոչ թե օրենքներով, այլ «ճշտով», իսկ օրենքները պիտի ձեւական բնույթ կրեն՝ ընդամենը միջազգային հանրությանը ցույց տալու համար։ Դրա համար էլ, թեեւ օրենքն արգելում է պետական եւ վարչական շենքերն օգտագործել քարոզչական նպատակներով, բայց իշխանական կուսակցություններն այդ շենքերի ճակատներից քարոզչական պաստառներ են կախում ու տակը կանգնած՝ խոսում այն մասին, թե ինչպես են այսուհետ առաջնորդվելու բացառապես օրենքներով։ Չէ՞ որ կարեւորը «սկզբունքային որոշումն» է, մի քանի օրենքներ էլ թող խախտվեն։ Ո՞ւմ են վնաս տալիս։