Առաջադրանք աշխարհի հաշվիչ մեքենաներին

04/05/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասնավորեցումից Քաջարան քաղաքի բյուջեն օրենքով սահմանված կարգով պետք է որոշակի տոկոսներ` մոտ 13մլն դոլար ստանար վաճառված գույքի գումարից: Պետությունը Քաջարանին հատկացրեց այդ գումարը, որը սակայն չհասավ քաղաքի բյուջե:

Հովիկ Աբրահամյանը, որպես տարածքային կառավարման նախարար, Քաջարանից վերադառնալով՝ հայտարարեց, թե Քաջարանը հրաժարվել է այդ գումարից, քանի որ տեղացիները փողի կարիք չունեն, եւ այս գումարով մարել է «մութ ու ցուրտ» տարիներին ժողովրդի սպառած եւ չվճարած էլեկտրաէներգիայի դիմաց պետությանը կուտակած պարտքը: Բնակիչների մի ստվար զանգված էլ պետությանը որպես ի գիտություն՝ հայտնեց, որ սովորական մահկանացուն չի կարող մարսել պետական փողերը եւ վառած հոսանքի համար վաղուց է վճարել-վերջացրել: Գրեթե հերոսացած Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, չպատասխանեց, թե ինչո՞ւ այդ տարիների պարտքի հավաքագրումը ստանձնած «Հայգազարդին» անգամ դատական կարգով չէր հաջողվում որեւէ մեկի հետ մաքրել անցյալի հաշիվները: Իրողությունն այն էր, որ 150 մլն դոլարի էներգետիկ այդպիսի պարտք գոյություն ուներ միայն թղթի վրա, իսկ իրականում այդ գումարների մեծ մասը հավաքագրվել էր: Այլ բան է, որ չէր հասել պետական բյուջե: Հիշեցնենք, որ այդ տարիներին լեգենդներ էին պատմում էլեկտրացանցերի մասնաճյուղերի տնօրենների մասին, եւ նույնիսկ որոշ դեպքեր էլ դատական ավարտ ունեցան: Հիշեցնենք նաեւ, որ այս պարտքը մեր երկրին «Գույք՝ պարտքի դիմաց» է արժեցել: «Հայգազարդը» ներկայումս համարում է, որ իր գործն ավարտել է, իմա` էներգետիկ ներքին պարտքի հավաքագրումն ավարտված է, եւ պետական այս միավորը գնում է լուծարման: Սակայն դատելով ՀՀ կառավարության որոշումներից, այս ընկերությունը պետք է որ տնօրինի մի շատ կարեւոր միավորի` «Նաիրիտ-2» ՓԲԸ ակտիվները:

2005թ. փետրվարի 17-ի կառավարության 195-Ա որոշման համաձայն՝ «Նաիրիտ» ԲԲԸ լուծարվող ընկերության ակտիվները եւ պասիվները փոխանցվել են «Նաիրիտ գործարանին»: «Նաիրիտ» ԲԲԸ-ի մեջ էր մտնում նաեւ «Նաիրիտ-2» ընկերությունը: Ի՞նչ ուներ «Նաիրիտ-2»-ը: Այս ընկերության բաժնեմասը ներառում է հայ-չինական համատեղ ձեռնարկության մեջ հայկական կողմի ամբողջ ներդրումը` գույքային, ինտելեկտուալ եւ ակնկալվող տնտեսական արդյունքը: «Նաիրիտ գործարանին» հանձնվեց նաեւ կիսաֆաբրիկատների պատրաստման փոքր ֆաբրիկան` «Լաք-էթինոլը», մեկ անավարտ շինություն, մեկ հոսքագիծ եւ մեկ կաղապարման ապարատ: Եվ այս ամենը գնահատվել է ընդամենը 14մլրդ 776մլն դրամ, որում, ինչպես ակներեւ է արդեն, հաշվարկված են հայ-չինական գործարքից ստացվելիք եկամուտները: Այստեղ արդեն կասկածի տակ է առնվում մեր պաշտոնյաների այն հայտարարությունը, թե հայ-չինական «ՉինԱրմենպրեն» համատեղ ձեռնարկությունը մեր երկրին զգալի շահույթներ է բերելու: Հին պարտքերից «Նաիրիտ գործարանը» ժառանգեց 14մլրդ 753մլն դրամի էներգետիկ պարտավորությունները:

Այսպիսով 2000-ին կառավարության որոշմամբ մասնատված «Նաիրիտը» կրկին միավորվում է` իր ունեցած հին ու նոր պարտքերով հանդերձ: Նշենք նաեւ, որ մինչեւ 2000թ. էներգետիկ հին պարտքերը դրվել էին «Նաիրիտ» ԲԲԸ-ի վրա, իբրեւ թե «Նաիրիտ գործարանը» մաքրվել էր պարտքերից, ինչն էլ գործարանը ներդրողների համար գրավիչ էր դարձնում: Ինչպես ակներեւ է՝ կառավարության հետագա որոշումներից, այս պարտքից անմասն չի մնացել նաեւ «Նաիրիտ գործարանը»: 2005 թվականից գործարանի հերթական սեփականատեր «Ռայնովիկ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունը գործարանի 90 տոկոս բաժնեմասը գնել է 40 մլն դոլարով, որի 56.2 տոկոսն ուղղվել է էներգետիկ նախկին պարտքերի մարմանը: «Ռայնովիլի» 40մլն դոլարի մեջ հաշվարկված են նաեւ «Նաիրիտ-2»-ի մոտ 13 մլրդ-ի ակտիվները, եւ ենթադրվում է, որ «Հայգազարդի» 13մլրդ դրամի էներգետիկ պարտքը մարվել է հենց այս միջոցների հաշվին: Ասում ենք՝ մարել է, որովհետեւ «Նաիրիտ գործարանն» այս պահին «Հայգազարդին» էներգետիկ պարտքեր չունի: Գործարանից ստացած մեր տեղեկություններով էլ՝ «Նաիրիտ-2»-ի ակտիվները դեռ չեն փոխանցվել «Հայգազարդին»: Եվ այս պարագայում հարց է առաջանում, ի՞նչ միջոցներով է «Ռայնովիլը» մարել էներգետիկ պարտքը: Սա արդեն իսկական գլուխկոտրուկ է, որի վերծանման արդյունքները կտեղեկացնենք մեր հետագա հրապարակումներում: «Նաիրիտի» շուրջ պտտվող բոլոր գործարքներում ակնհայտ է ոչ թե պետության, այլ ինչ-որ մեկի անձնական շահի մոտիվը: Ակնհայտ է, որ հայ-չինական համատեղ բիզնեսը նույնպես մասնավոր դառնալու նկրտումներ ունի: Իսկ լուծարման գնացող «Հայգազարդում» այդ գործը հաջողացնելը մեկից մեկ է լինելու: