Բելա Թումանյանն ամեն անգամ ինձ Վարդաշենի հանրակացարանում նյութ պատրաստելիս տեսնելով հրավիրում է իր սենյակը: Այնպես է ստացվում, որ ամեն անգամ շտապում եմ ու նրա հրավերքը մշտապես մերժում եմ:
Դրա համար էլ ինձ վրա չարացած է, ասում է, որ ես ոչնչով չեմ տարբերվում սոցիալական ծառայությունները սպասարկող այն մարդկանցից, ովքեր տիկին Բելային անտեսում են: «Էս ի՞նչ բան է, որ ինձ հիշեցիք»,- զարմացած արձագանքում է դռան թակոցին ու շփոթված ներս հրավիրում: Տիկին Բելան կարկամելով խոստովանում է, թե իր մտքերն ինչերի են ընդունակ: «Ճիշտն ասած, արդեն մտածում էի, խնդրեմ, ասեմ՝ իմ վիճակը սենց վատ ա, ինձ թերթի տվեք, որ մեր ղեկավարներն ուշադրություն դարձնեն: Մտածում էի` էդքան պարտքերը վզիս՝ դաժե թոշակս մաղարիչ կանեմ, մենակ թե իմ մասին մեր երկրի իշխանությանը պատմեք: Հիմա իսկականից ինձ թերթի կտա՞ք»,- հարցնում է նա ու տեսնելով լուսանկարչական սարքն՝ անմիջապես սկսում է մազերը հարդարել: Ասում է` «Գիտե՞ս ինչ սիրուն կին եմ եղել, բայց հիմա էլ եմ սիրուն, չէ՞: Կուկլա եմ, կուկլագ»: Հարցնում եմ` «Քանի՞ տարեկան եք»: «Աղջիկ ջան, տարիքս ինչի՞դ է պետք, որ ասեմ, չես հավատա. 81 տարեկան եմ, բայց սիրուն կին եմ, չէ՞»,- ասում է տիկին Բելան, ով մասնագիտությամբ մանկավարժ է, ժամանակին ավարտել է նաեւ Մարքսիզմ-լենինիզմի համալսարանը: Տիկին Բելան ընկնում է հիշողությունների գիրկը ու պատմում թիվ 2 մանկատանն աշխատած իր տարիների մասին։ «Մանկատունն առաջ Կոմիտասի զբոսայգում էր, բայց հիմա քանդել են, ափսոսգ»,- սրտի ցավով հիշում է նա: Բավականին հարուստ աշխատանքային փորձ ունեցող տիկին Բելան աշխատել է նաեւ Էրեբունու շրջանի Ժողկրթբաժնում որպես աշխատավարձերի բաժնի վարիչ: Դրա հետ համատեղ 40 տարի աշխատել է Պետական ապահովագրությունում: «Այ սենց մասնագիտության տեր, սենց փորձ ու պատիվ ունեցող մարդ եմ, բայց թոշակի գնալուց հետո ապրում եմ 18.500 դրամ թոշակով: Նպաստ էի ստանում, բայց թոշակս 2000-ով ավելացրին ու նպաստը կտրեցին»,- պատմում է տիկին Բելան` վստահեցնելով, որ ոչ մի օգնող կամ հարազատ չունի: Վարդաշենի հանրակացարանի իրեն հասանելիք սենյակը նման է «հավաբնի», իսկ տարրական կոմունալ պայմաններ ընդհանրապես չկան: Այստեղ թե՛ ջուրը, խոհանոցը, թե՛ զուգարանն ու բաղնիքն ընդհանուր է, մինչդեռ 81-ամյա այս կինը գերադասում է ընդհանրապես չօգտվել նման հակահիգիենիկ պայմաններից: Ասում է, որ երեխաներ չունի, իսկ ամուսնու մահվանից հետո նրա հուղարկավորությունը կազմակերպելու համար վաճառել է իրենց բնակարանը: «Բա ի՞նչ անեի, կոպեկ չկար, ո՞նց թաղեի էդ մարդուն: 1998 թիվն էր, էն շատ վատ տարիները: Հետո, երբ անտուն էի, դիմեցի Ռայսովետ, էնտեղից էլ ուղարկեցին էստեղ: Էս մի սենյակում ուտում-թափում-եփում, ամեն ինչ էստեղ եմ անում: Է՜հ, գիտե՞ս ինչեր եմ քաշել, վեց երեխա էինք, բոլորը մահացան, մենակ ես մնացի»,- ծանր հոգոց հանելով՝ տիկին Բելան հիշում է իր դարդերը: Բելա տատը տառապում է առիթմիայով, ոտքերն այտուցված են, եւ ընդհանրապես սենյակից չի կարողանում դուրս գալ, անգամ հաց գնելու համար ստիպված է լինում խնդրել հարեւաններին: Ասում է` «Իմ օրը սենց ա անցնում` առավոտը վեր եմ կենում ու սպասում եմ, որ քնելու ժամը գա: Ա՛յ տենց ամեն օր»: Բելա տատն ամբողջ օրը զբաղված է հաշվարկ անելով, թե 18.500 դրամ թոշակը ստանալուց հետո որ խանութում ինչքան պարտք է մարելու: «6000 մի խանութում պարտք ունեմ, 3400 մի ուրիշ խանութում, 3000 հարեւանիցս եմ պարտք արել, ըըըգ սպասի պարտքերիս ցուցակը բերեմ, տեսնեմ, թե ո՞ւմ պարտքն ինչքան ա, անգիր չեմ հիշում: Էլ չեմ ասում, որ ձմեռը տաքանալու համար կոտորվում եմ հոսանքի փողի համար»: Չնայած այսքան դժգոհություններին ու դժվարություններին՝ տիկին Բելան, այնուամենայնիվ, գտնում է, որ դեռեւս լավ մարդիկ կան, ովքեր անշահախնդիր իրեն ձեռք են մեկնում: Օրինակ` «Արմենիա» բուժկենտրոնի՝ իր աչքը վիրահատած բժիշկները: «Շատ լավ մարդիկ էին, մանավանդ Գրիգոր Գրիգորյանը: Ես համ նախարարությանը շնորհակալագիր գրեցի, համ էլ հիվանդանոցին»,- վստահեցնում է նա ու հավելում, որ անապահով խավը երախտամոռ չէ, գնահատում է, երբ ուշադրության է արժանանում: «Շատ վատ վիճակում ենք, միայնակ թոշակառուների վիճակն ահավոր ա: Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամգ»,- շվարած ասում է նա ու մատնացույց անում սենյակի հնամաշ, դեղնած մահճակալն ու սեղանը, որոնք մնացել են «սովետի վախտերից»: Տիկին Բելան ժամանակին եղել է կոմսոմոլի քարտուղար, կումունիստական կուսակցության անդամ, իսկ մերօրյա կոմունիստներին «ճիշտ» կոմունիստ չի համարում: «Ախր էն ժամանակ լավ էինք ապրում: Ես Սովետի օրոքից էս կողմ տանս համար մի ասեղ չեմ առել»:
Լենինիզմի եւ մարքսիզմի գաղափարներով կոփված այս կինը համարում է, որ մեր երկրի իշխանությունները մոռացության են տվել այն հանգամանքը, որ Հայաստան երկիրը Բելա տատիկի նմաններն են կառուցել: Եվ իզուր չէ, որ նրանք դաստիարակվել են «Կեցցե՛ աշխատավոր ժողովուրդը» լոզունգով, որովհետեւ Բելա տատիկն իր կենսագրության մասին պատմելիս միայն իր աշխատած տարիների եւ հիմնարկությունների մասին էր խոսում: