Նախընտրական քարոզարշավի ելած ՀՅԴ կուսակցության նախընտրական ծրագիրը մշակող հանձնախմբի անդամ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ Սոցիալական պետական ապահովագրության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը երեկ «Ուրբաթ» ակումբում բուռն բանավիճեցին երկրի առաջիկա 5 տարիների սոցիալական ծրագրերի շուրջ՝ ներկայացնելով հարազատ կուսակցությունների մոտեցումները: ՀՀԿ եւ ՀՅԴ բախումը բանավեճի ժամանակ ակնհայտ էր:
Նախ նշենք, որ իրավաբան, տնտեսագիտության թեկնածու Ա. Մինասյանը հարազատ մնալով ընտրված ձեւաչափին, ավելի պատրաստված էր ներկայացել հանդիպմանը եւ լրագրողներին դրույթ առ դրույթ ներկայացրեց ՀՅԴ 29 բաժիններից բաղկացած նախընտրական պլատֆորմը: Եվ այսպես, հզոր պետության կառուցման ակնկալիքով ՀՅԴ-ն առաջարկում է երկրի սոցոլորտի հիմնական ուղղությունները թիրախներ հայտարարել: Թիվ մեկ թիրախ` 2012թ. Հայաստանում ունենալ 4 մլն ազգաբնակչություն, երկրորդ թիրախ` «ոչինչ չի խանգարում, որ 2008թ. հունվարից նվազագույն աշխատավարձը դարձնենք 50 հազար դրամ», երրորդ թիրախ` ծնելիության խրախուսում, ընդ որում, ընտանիքում առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան դեպքում` հատկացնել 200 հազարական դրամ, իսկ երրորդ երեխայի դեպքում` 2 մլն դրամ, հինգ եւ ավելի երեխաների պարագայում` բնակարանի հատկացում: ՀՅԴ մատնանշած թիրախներից է նաեւ 30 հազար դրամ նվազագույն եւ 50 հազար դրամ միջին կենսաթոշակի սահմանումը: «Սա ոչ միայն խոստում է, այլ պարտավորություն: 2010 թ. մենք ի վիճակի ենք ունենալ սոցիալական ուղղվածության այնքան ծախսեր, որը գերազանցում է այսօրվա պետբյուջեն: Առաջարկած սցենարի համաձայն, 2008թ. ավարտին կունենանք 800 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սոցծախսեր, իսկ 2009-ին` մինչեւ 1 մլրդ 200 մլն դոլարի»,- նկատեց Ա. Մինասյանը: Հղում անելով անկախ փորձագետների ուսումնասիրությունների արդյունքներին, նա ընդգծեց, որ հանրությանը ներկայացված ՀՆԱ-ն իրականությանը չի համապատասխանում, քանի որ 50 %-ը ստվերում է: ՀՅԴ մշակած նոր տնտեսական քաղաքականության հիմնաքարերը արդյունաբերական եւ արտահանման քաղաքականությունների խրախուսումն է, ստվերային տնտեսության դեմ պայքարը, սոցիալական բարեփոխումները: Իշխանության գալու պարագայում, դաշնակցականները խոստանում են մահացության ցուցանիշների նվազեցում, արտագաղթի կասեցում եւ ներգաղթի խրախուսում: ՀՅԴ ներկայացուցչի ազդարարած թվերը Վազգեն Խաչիկյանը որակեց իրականությունից կտրված եւ ինչ-որ տեղ՝ անակնկալ թվեր: «ՀՀԿ-ն 2007թ. նախընտրական արշավում ընտրողների դատին է ներկայացնում ծրագիր, որի 7 հիմնական կարգախոսներից առնվազն երկուսը կապված են սոցիալական բարելավման հետ: Այն է՝ նոր աշխատատեղեր` արժանապատիվ աշխատավարձով: Գալիք խորհրդարանի լիազորությունների ավարտին մենք կունենանք առնվազն 2,5 անգամ կենսաթոշակների բարձրացում: 2010թ. մենք նախատեսում ենք, որ 2007թ. համեմատ կենսաթոշակները կաճեն 80 տոկոսով: Ինչ-որ բան բաշխելու համար մենք պետք է այդ արդյունքն ունենանք,- իրեն որակելով որպես պրագմատիկ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ասաց Վ. Խաչիկյանը եւ հավելեց,- Մենք ունենք հավասարակշռված տնտեսական-սոցիալական զարգացման ծրագիր, որովհետեւ քաջ հասկանում ենք, որ այդ պարտավորությունները մենք ենք կրում, դժբախտաբար կան քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք հրապարակում են թվեր, որոնց համար պատասխանատվություն չեն կրում, հետո մի 5 տարի անց ներողություն են խնդրում եւ հայտարարում, որ մեզ խանգարեցին: Քաղաքական տեսակետից շատ ավելի գրագետ է, որ մարդիկ իրենց խոստումներին տեր կանգնեն: 2003թ. ընդունված ՀՀԿ նախընտրական ծրագրում չկա որեւիցե դրույթ, որ ՀՀԿ-ն չի կատարել, եւ այնպիսի դրույթ, որի ապահովման ուղիները մենք չգիտենք: Մի կարեւոր հանգամանք, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին ոչ ոք չի կարող մեղադրել հանրապետականի հանդեպ տածած սիրո մեջ, բայց նա մատնանշել է, որ ՀՅԴ նախընտրական ծրագիրն անուղղելի պոպուլիզմ է»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի կողմից մատնանշված 50 հազար դրամ նվազագույն աշխատավարձ սահմանելու նախընտրական խոստմանը, Վ. Խաչիկյանը տեսակետ արտահայտեց, թե աշխատավարձերի բարձրացումը ենթադրում է նաեւ որոշակի աշխատատեղերի փակում, համայնքային նշանակության փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում տեղերի կրճատում, որովհետեւ համայնքներում 30 հազար դրամ աշխատավարձ սահմանվելու պարագայում բազմաթիվ մանկապարտեզներ փակվեցին, քանի որ համայնքային բյուջեն այդ ծանրաբեռնվածությանը չի դիմացել: Երկրորդ, Հայաստանի տնտեսական աճն ունի որոշակի տրամաբանություն, որի մեջ է մտնում նաեւ ՀՀ էժան աշխատուժը: Վ Խաչիկյանի կարծիքով՝ անհնար է կենսագործել նաեւ 2012թ. 4 մլն բնակչության սահմանագիծը, որովհետեւ յուրաքանչյուր կին յուրաքանչյուր տարի առնվազն մեկ երեխա պետք է ծնի, իսկ հայտնի է, որ ակտիվ վերարտադրողական տարիքը 18-24-ն է: «2007թ. նախընտրական արշավին ՀՀԿ-ն ներկայանում է առավել քան հիմնավոր ծրագրով եւ 2012թ. խնդիր չի ունենա ասելու, որ մեր կոալիցիոն գործընկերը մեզ խանգարեց: Նախընտրական շրջանը այն ժամանակաշրջանը չէ, որ կարելի է սարեր խոստանալ»,- նկատեց Վ. Խաչիկյանը: Ա. Մինասյանի այն հարցադրմանը, թե` «Դուք ի սկզբանե կարծում եք, որ իշխանությունը հավերժ ձե՞րն է լինելու», հանրապետական Խաչիկյանը պատասխանեց. «Հավերժ՝ չէ, այլ առաջիկա 5 տարիներին: Դուք լավ գիտեք, որ բոլոր սոցհարցումներով առաջատարը ՀՀԿ-ն է: Գոնե Դաշնակցությունից ավելի շատ ձայն ենք ստանալու: Մենք տալիս ենք իրատեսական խոստումներ»: