«Մենք հո էշ չենք, որ հավատանք խոստումներին»

04/05/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շարունակելով տաքսու վարորդների հետ մեր զրույցը, կրկին ընթերցողին ենք ներկայացնում այսօրվա ամենաակտուալ` նախընտրական իրադարձությունների եւ նախընտրական թեկնածուների շուրջ նրանց կարծիքները: Մինչ նրանց հետ զրույցը, մենք որոշել էինք այս անգամ նրանց հետ քննարկել երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված նոր օրենքը, որով նախատեսվում են հսկայական տույժեր ու տուգանքներ: Սակայն վարորդներն այնքան տարված են ընտրությունների թեմայով եւ այնքան են շոյվում իրենց կարծիքը թերթում լուսաբանված տեսնելով, որ իրենց համար կարեւոր այդ օրենքի թեման շրջանցելով` սկսում էին խոսել ընտրություններից:

«Գողականով Ազգային ժողով ենք ունենալու»

«Ոչ մտահոգված եմ էդ օրենքով, ոչ էլ հիացած: Գնդակ էր՝ կրակեցին, բայց հո չի՞ նշանակում, որ վաղվանից օրենքը կիրառելու են: Մանավանդ, որ ընտրություններ են լինելու, ու օրենսդիր, գործադիր մարմինները փոխվելու են: Էսօր էդ օրենքն են հանել, վաղն էլ ուրիշները կգան ու կհամարեն, որ էդ օրենքը լավը չի, պետք ա ուրիշ օրենք գրել: Բայց վախենամ՝ էս նոր եկողները օրենք գրելու ու մտածելու ընդունակություններ չունենան: Որ նայում եմ թեկնածուներին, մտածում եմ` սրանք մեր երկիրը հիմնովին ոտնատակ կտան»,- ասում է վարորդ Համլետն, ով 60 տարեկան հասակում նման քաղաքական գործիչներ ու պատգամավորական թեկնածուներ առաջին անգամ է տեսնում: «Այ բալամ, ոնց որ կրիմինալ դեմքեր լինեն: Ախր հասարակ քաղաքացին թեկնածուին սիմպատիայով ա ընտրում, հո իրան չի՞ ճանաչում, որ իրա լավ կամ բարի մարդ լինելու համար ընտրի: Ինչքան քրեական անցյալ ունեցող մարդ կա` ուզում ա պատգամավոր դառնալ, բայց մեր երկիրը տենց ո՞ւր կհասնի: Նեուժե՞լի գոյություն չունի քաղաքականության մեջ մտնելու համար նախատեսված կրիտերիա, որ, եթե մարդու կենսագրությունը կասկածելի ա` չմտցնեն թեկնածուների ցուցակ, ամոթ ա: Կամ մի քիչ թող իրանց արտաքինին, խոսելաձեւին ու հագուկապին հետեւեն, էդ ի՞նչ ա դրանց վիճակը: Չնայած մեր ժողովուրդը ոնց որ սկսել ա գողականներին ու ապերոներին սիրել: Էդ շատ վատ ա, որ թաղային հեղինակությունն էսօր ավելի հարգված ա, քան էն կրթված, գիտելիքներով մարդը: Բա թող մի օր էլ մարդկանց պատմեն, թե ով ինչ կենսագրություն ունի, թե չէ հո մենակ գունավոր, պլպլան նկարներով չի՞»,- հարցնում է Համլետն ու վստահեցնում է, որ տաքսու վարորդ աշխատելն անգամ մեր քաղաքում այս օրերին վտանգավոր է դարձել: «Ահ ու դողով ենք ավտո քշում: Հանկարծ որ էն փիղ-ջիփերից եմ տեսնում` գիծս փոխում եմ, որ մարդ ես` կրակոցի տակ չընկնեմ: Էն օրն էլ Էրեբունու կրակոցների մասին իմացա, շշմել էի: Լուրերը լսում եմ, թե մի երեխայի վիրավոր տարել են հիվանդանոց, բայց հետո շուխուռ ընկավ, թե 3 հոգի վիրավորներ կան, բայց էդ լուրերի աշխատողներն էլ են խաբում: Նայեցի՝ լուրը կարդաց ու վերջում էլ ասում ա` ըստ լուրերի՝ սենց-սենց-սենց: «Ըստ լուրերին» ո՞րն ա, որ հեռուստադիտողը չկողմնորոշվի էլի՝ եղել ա՞, թե՞ ուղղակի լուրեր են: Վերջում էլ միշտ ասում են` հարուցվել ա քրեական գործ: Է, հա, հարուցվել ա, բայց հանցագործին բռնե՞լ են, որ հարուցվել ա, ո՞ւմ դեմ են սանկցիան կիրառելու: Սաղս էլ գիտենք, որ Ոստիկանության գործը դեպքի վայրում շարվելն ա, դատախազության գործը` սանկցիա դնելն ա, բայց բոլորի ջանքերով գործը փակվում ա հավիտյանս: Նենց որ, Հայաստանում ամեն ինչը դառել ա էն սիրուն գոլդեն խնձորի պես, որ տեսքից գոլդ ա, բայց մեջը որդոտ, փտած ու փչացած ա»,- ահա այսպես պատկերավոր է Հայաստանի վիճակը նկարագրում վարորդ Համլետն ու կրիմինալ համարվող թեկնածուներին խնդրում է հանուն հայրենիքի` նախընտրական ցուցակներից հանել իրենց թեկնածությունը:

«Նորից կգանք հին տաշտակին»

Վարորդ Գուրգենը խոստանում է, որ մայիսի 12-ին ընտրատեղամասի առաջին ընտրողներից մեկն ինքն է լինելու: «Գնալու եմ ընտրեմ բեղերով էն գեներալին, անունը ո՞նց էր… Հա, Սամվելին Բաբայան, որովհետեւ էդ տղու գլխին լավ էլ սարքել էին: Եթե ինքը մեղավոր լիներ` ռիսկ չէր անի ընդդիմություն լինել, ինքը հիմա դուխով ընդդիմանում ա ու սաղի քթից կբերի իրա նստած օրերի համար»,- ասում է Գուրգենն ու միանգամից անցում կատարում ընդդիմադիր մյուս լիդերներին: «Իմ կարծիքով՝ չարժե, որ Դեմիրճյանի տղան քաղաքականությամբ զբաղվի, որովհետեւ ինքը թույլ գործիչ ա, իսկ ընդդիմություն լինելու համար ուժ ա պետք: Իրա հորը շատ էինք հարգում, բայց ինքը չի կարա հոր ճանապարհը շարունակի: Վազգենի ախպերն էլ ախր թույլ գտնվեց, գիտե՞ք ինչի, որովհետեւ ինքը գոնե պետք ա վարչապետության օրոք «27»-ի գործը բացահայտեր: Փաստորեն 6-7 ամիս վարչապետ եղավ, սաղ երկիրն իրա ձեռքերում էր, թասիբով լիներ՝ կարար չէ՞ բացահայտեր: Էդ գործը որ բացահայտեր՝ ինքը հայ ժողովրդի համար ամենամեծ մարդը կլիներ: Հիմա նայե՛ք, ես մի քիչ հեռատես մարդ եմ ու սենց եմ տրամաբանում: Եթե մենք ընտրենք Արամ Սարգսյանին կամ Ստեփան Դեմիրճյանին` իրանք մենակ սկսելու են «27»-ի գործով զբաղվել ու իրանց թշնամիներին ման գալ: Երբ իրանք սկսեցին «27»-ի թշնամիներին ման գալ, ուրեմն` իմացեք, որ մենք մի 10 տարի հետ ենք գնալու` ձերբակալություններ, սպանություններ, բացահայտումներ… Պետք ա սկսեն, թե` Արարատի ցեմենտի գործարանն ի՞նչ իրավունքով վերցրեցին իրենից, նորից գնալու ենք հին տաշտակին ու պաժալուստա` կոտորվելու ենք: Ժողովրդի վրա հարաքյաթ չի մնացել, էլ չենք կարա դիմանանք էդ ծանրությանը, էլ ուժ չունենք: Իսկ Ստեփան Դեմիրճյանը չի կարա հոր նման հզոր լինել: Էն ժամանակ որ Կարեն Դեմիրճյանը գնում էր Մոսկվա` Կենտկոմ, Բրեժնեւն էլ էր իրանից դողում, շատ ազդեցիկ մարդ էր: Իսկ տղեն կուսակցություն ունի՝ թող իրա համար յոլա գնա»,- Ս. Դեմիրճյանին խորհուրդ է տալիս վարորդ Գուրգենը:

«Պտիչկեն նկարելու են»

«Էն օրը մի ղարաբաղցի ուղեւոր էի տանում, պատմում էր, որ ընկնում են տներով, փողը տալիս են, անձնագրի սերիաները գրում են ու ասել են, որ մինչեւ ընտրատեղամաս մտնելն իրանց բջջային են տալու, որ իրա դրած պտիչկեն հեռախոսով նկարի ու դուրս գալուց հետո ցույց տա, որ համոզվեն՝ էդ կուսակցությանն են ընտրել: Ես չգիտեմ, թե էդ որ կուսակցությունն ա, բայց դե հարուստներից ա, քյասիբը ո՞նց կարա էդքան բանն անի»,- վկայում է վարորդ Գագիկն ու դժգոհում, որ մինչեւ օրս իր դուռը ծեծող չի եղել: Հարցնում եմ` «Որ ծեծեն` կտա՞ք ձեր ձայնը: «Ո՞վ, ե՞ս, բա եղա՞վ, բա ես ինձ կծախե՞մ, անհնարին ա: Իմ երեխեքը սոված են` թող ավելի սոված մնան: Լավ ա իմ երեխեն դառնա թուրքին գերի, բայց ես չդառնամ իմ հայի գերին: Ես իմ ուզածին կընտրեմ, որ վաղը-մյուս օրը մի բան էլ լինի՝ ես կարողանամ պարզճակատ լինել: Կարողանամ ինքս իմ մեջ քննադատեմ, ասեմ՝ էս մարդուն ձայն տվի, դրա համար էլ լավ եղավ, կամ լավ չեղավ, որովհետեւ իմ ընտրությունն էր սխալ: Երբեք սրանց ծառան չեմ լինի»,- ասում է Գագիկն ու հայտարարում, որ բոլոր խոստումները փուչ են: «Պետք ա նայես մարդու արած գործերին, հեռվից եկած ճանապարհը ու հասկանաս, թե նա ի՞նչ ձեւ ա շնչել ու ի՞նչ մոտեցում ունի ժողովրդի նկատմամբ: Օրինակ` Դաշնակցությունը մինչեւ հիմա ի՞նչ վատ բան ա արել, հըլը որ վատ բան չի արել: Ճիշտ ա, որ ասում են` եզն ընկնում ա` դանակավորները շատանում են, Լեւոնն էլ բռնեց, Դաշնակցությանը նստցրեց: Ինչեր ասես ասեցին, ձեւակերպեցին, հաստատեցին: Բայց իտոգում իրանք մաքուր դուրս եկան ու նորից անցան գործի, էլի էդ կուսակցությունը մեծ դեր ունի ու նույն ծրագրերով աշխատում ա: Ոչ մի վատ բան չկարողացան ապացուցել: Որ ղեկավարությանը պետք չի լինում տվյալ կուսակցությունը` բռնում կոտրում ա,- ասում է Գագիկն ու մեծ հիացմունքով ավելացնում է,- Ա՛յ, Արթուր Բաղդասարյանն ա շատ խելացի գործիչ: Ես իրան կընտրեի, բայց շատ ա խաղեր տալիս դրսի ուժերի կողմից: Մանավանդ էն օրը «Հայլուրով» իրան համարյա դավաճանության մեջ մեղադրեցին: Չի կարելի սեփական երկրի հեղինակությունը գցել հանուն նրա, որ պաշտոն են խոստացել: Էդ խոստացած պաշտոնի համար դրսի լրտեսները կարող ա իրան պատերազմ էլ հրահրեն: Էդ խաղերը գցում են իրա համբավը: Արեւմուտք-Արեւմուտք, է, բայց Արեւմուտքն ո՞վ դառավ, որ մեր երկիրն ինքը կառավարի»:

«Հավատացյալ+եզդի = պատգամավոր Տիգրան Կարապետյան»

«Տիգրան Կարապետյանի ալիքով ասեցին, որ էս 4 տարվա ընթացքում 7մլն դոլար ա ծախսել երեխեքին, ծերերին օգնելու համար: Որ նայում ես իրա արած գործերին` երեւակայի, որ ճիշտ կլինի: Սաղ ռայոններն իրան կընտրեն: Օրինակ, գյուղացի մարդ կա, որ ասում ա` իմ երեխեն կորած մարդ էր, եթե ես էսօր իրան չընտրեմ, կարող ա վաբշե երեխես մնա անշարունակելի կյանքով: Մտածում ա, բայց եթե իրան ընտրի` կարող ա իրա երեխեն մեծ ապագա ունենա,- ասում է Կարենը,- Բայց դե՛, պատգամավոր դառնալու համար մարդ պետք ա կրթված, կարդացած լինի: Ճիշտ ա, ինքը Լենինգրադում քաղաքագիտության թեկնածու ա, բայց դե՛, եսիմ է: Ինքը իրավունք ունի պետության մեջ դեր տանելու, կարա գումարներ աշխատի ու պետությանն օգուտ տա, բայց որպես ղեկավար անձ ո՞նց կարա դիվանագիտություն վարի, գնա արտերկիր, մարդկանց հետ նստի-հելնի, չի կարա: Բայց իրա արած գործերը, իրոք, շատ հայրենասեր գործ ա: Իրան որ վարկաբեկում-ասում են` ջեբկիր ա եղել, չի կարելի տենց: Է, հա, ես էլ երեխա ժամանակ սեմուշկա եմ գողացել, ուրեմն` գո՞ղ եմ: Կարող ա երեխա ժամանակ չարաճճիություններ ա արել, ուրեմն` էսօր էդ երեխայությունները պետք ա իրա դե՞մ օգտագործել»,- ասում է վարորդ Կարենն ու վստահեցնում, որ Հայաստանի բոլոր հավատացյալներն ընտրելու են Տիգրան Կարապետյանին: «Էսօր ազգի 80%-ը ճիշտ ու սուտ հավատացյալ ա, բոլորն իրան են ընտրելու: Եզդի ազգին էլ գումարենք էդ հավատացյալներին` հավասար է պատգամավոր Տիգրան Կարապետիչ,- այսպես գումարելով-հանելով՝ Տ. Կարապետիչի վաղվա օրը կանխատեսում է Կարենն ու ավելացնում,- Մեկ էլ Մանուկ Գասպարյանին եմ շատ հավանում, շատ դուզ խոսացող ա: Չի շողոքորթում, մարդու երեսին շպրտում ա լավն էլ, վատն էլ: Շիտակ, երեսին ասող մարդ ա»:

«Մի մասը աթոռ ա ուզում, մյուս մասը վախում ա աթոռը կորցնի»

41-ամյա վարորդ Վազգենը թեեւ տաքսի քշելիս միշտ ռադիո է լսում, հետեւում է հատկապես «Ազատություն» ռադիոկայանի լուրերին, բայց ասում է, որ չի կարողանում պատգամավորական թեկնածուների ու կուսակցությունների «լավն ու վատը ջոկել»: «Սաղ նույն բանն են ասում, դե պարզ է՝ ընտրություններ են, սաղի խոսքն էն ա, թե իրանք ինչքան լավն են: Պարզ ա՝ օպոզիցիայի փողերը պրծել ա, ուզում ա իշխանություն ունենա, որ նույն բանը բերի էս խեղճ ժողովրդի գլխին, դե իշխանությունն էլ խի՞ աթոռը կորցնի: Սերժ Սարգսյանը գոնե ճիշտն ա ասում, ասում ա՝ սխալներ էլ են եղել, ճիշտ բաներ էլ, հո մենակ վատը չի՞ կարելի տեսնել: Էս երկրին ուժեղ մարդիկ են պետք, որ դրսի մարդիկ բանի տեղ դնեն, հաշվի նստեն իրանց հետ: Օղորմածիկ Անդրանիկ Մարգարյանը շատ լավ մարդ էր, իրանց կուսակցությանն եմ ես գնալու ընտրեմ: Էդ մարդիկ իշխանությունը տեսած են, լիքը լավ բաներ էլ են արել, էկեք մենակ վատը չտեսնենք: Հանրապետականների մեջ վատ մարդիկ էլ կան, բայց խելոք մարդիկ էլ կան: Թեկուզ Տիգրան Թորոսյանը. կիրթ, գրագետ մարդ ա: Օպոզիցիայի մեջ մարդիկ կան, որ վախենում ես՝ աթոռ ունենան ի՞նչ կանեն: Բա էն Արթուրը Բաղդասարյանը: Քանի՞ տեր փոխեց, ում առաջ ասես շորոր կտա, մենակ թե դառնա պրեզիդենտ: Նենց ա խոսում՝ ոնց որ ինքը իշխանության մեջ չէր, Ռոբերտի ու Սերժի հետ չէր»:

«Լեւոնին Րաֆֆին ձեռք չէր տալիս»

Վարորդ Սամվելն ասում է` «Ես ընտրելու եմ Րաֆֆիի կուսակցությանը», որովհետեւ` «Հիշո՞ւմ եք, որ ինքը արտգործնախարար էր: Առաջին անգամ ինքն էր, որ Թուրքիայում կանգնեց-ասեց` թուրքերը պիտի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, իսկ դա Լեւոնին ձեռք չէր տալիս, դրա համար էլ Րաֆֆիին հանեց: Երբ իրեն նշանակեցին արտգործնախարար` դրսի մարդկանց, աշխարհի հետ Հայաստանին ինքը ծանոթացրեց: Բայց ո՞վ կթողի, որ նա առաջ գնա: Սրանց նման փողամոլները չեն թողնի, որ Հայաստանի հեղինակությունն աշխարհով մեկ բարձրացնի: Ես երբ տանն եմ լինում` բոլոր ալիքներով նույն նորությունները լսում եմ ու բոլորի գովազդներին ծանոթ եմ: Բոլորը սուտ խոստումներ են տալիս: Էն օրը Սերժ Սարգսյանը լավ ասեց, որ խոստում տվողները ստախոսներ են: Հո մարդիկ էշ չե՞ն, որ հավատան ամեն մեկի ասածին, մանավանդ, որ դառը փորձ ունենք»,- ասում է Սամվելը: Իսկ վարորդ Սուրենին առանձնապես չեն հետաքրքրում ընտրությունները, որովհետեւ տաքսու վարորդի իր կարգավիճակին չի համակերպվում, հետեւաբար՝ վարորդի անունից հետեւություն անել չի պատրաստվում. «Ես քյավառցի տղա եմ, Գեղարքունիքի մարզպետարանի Էկոլոգիայի վարչության պետի տեղակալ եմ եղել: Սեւանի ափն իմ ձեռքի տակով ա անցել, պլյաժ էլ ունեմ, բայց էսօր տաքսի եմ քշում: Ես ինձ ո՞նց կարամ լավ զգամ ու մի հատ էլ մտածեմ ընտրությունների մասին: Մեկ ա, սաղ սուտ ա»,- անտարբերությամբ ասում է նա: