Ադրբեջան. զարհուրելի բանտը՝ ուշադրության կենտրոնում

04/05/2007

Միջազգային կազմակերպությունները դատապարտել են Ադրբեջանի տխրահռչակ բանտի սարսափելի պայմանները. նրա նախկին բանտապետը շուտով կկանգնի դատարանի առջեւ

Սադագաթ Ագաեւը` Ադրբեջանի խիստ ռեժիմի Գոբուստան բանտի կառավարիչը, հեռացվել է աշխատանքից անցյալ տարվա նոյեմբերին իր լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Շուտով կսկսվի նրա գործով դատավարությունը:

Գոբուստան բանտը գտնվում է Բաքվից 40 կիլոմետր դեպի արեւմուտք: Այնտեղ վտանգավոր հանցագործներ են պահվում, նրանց մեծամասնությունը ցմահ բանտարկության է դատապարտված. բանտը հայտնի է իր խիստ ռեժիմով եւ բանտարկյալների ըմբոստ պահվածքով: Ներկայումս նրանցից շատերը հացադուլ են հայտարարել: Անցյալ տարի բանտում մահվան մի քանի կասկածելի դեպք է արձանագրվել: Այդ խնդիրն ընդգծվել է Ադրբեջանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցող Անդրեաս Հերկելի` ապրիլի 16-ին Վեհաժողովին ներկայացված զեկույցում: «Ադրբեջանի իրավապաշտպանների մի խումբ ինձ փաստաթղթեր է տրամադրել, որոնք ապացուցում են, որ Գոբուստանի բանտում պահվող բանտարկյալները ենթարկվում են ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների: Սա ինձ խորը վիշտ է պատճառում, եւ ես կարծում եմ, որ Եվրոպայի մաս դառնալ ցանկացող երկիրը չպետք է թույլ տա, որ նման բան կատարվի»,- նշված է Հերկելի զեկույցում: Մարդու իրավունքներին նվիրված ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցում ասված է, որ անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանի ոստիկանության կալանման վայրերում երեք մարդ է մահացել դաժան վարվեցողության հետեւանքով, սակայն ոստիկաններից կամ պաշտոնյաներից որեւէ մեկի նկատմամբ դատական գործ չի հարուցվել դրա առնչությամբ:

Անցյալ տարվա մայիսին Գոբուստանի բանտում կախված են գտել ցմահ բանտարկության դատապարտված 2 բանտարկյալների` Մադոմեդ Բագիրովին եւ Ելչին Ալիեւին: Քրեական հետաքննությունը որեւէ արդյունքի չհանգեցրեց:

«Այդ հետաքննության արդյունքում չի բացահայտվել որեւէ անձ, ում մեղքով բանտարկյալները կարող էին ինքնասպանություն գործել»,- IWPR-ին ասել է Արդարադատության նախարարության Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարը: «Այդ պատճառով քր.գործն արագ փակվեց»:

Օգոստոսին հաղորդվեց մեկ այլ ցմահ բանտարկյալի` Կամանդար Ասլանովի իբրեւ թե ինքնասպանության մասին: Սակայն Գոբուստանի բանտարկյալներից մեկն Ասլանովի հարազատներին նամակ էր ուղարկել` հայտնելով, որ նրան մահու չափ ծեծել են բանտապահները: Այդ գործով զբաղվող դատախազ Թարիել Գուրբանովը հայտնել է IWPR-ին, որ հետաքննության ժամանակ նման պնդումը հաստատող որեւէ ապացույց չի հայտնաբերվել. «Պարզվել է, որ Կամանդարն անհավասարակշռված մարդ էր, իսկ ցմահ բանտարկությունը նրանք հուսահատության էր մատնել: Մեզ մնում էր միայն փակել գործը»:

Սեպտեմբերի 27-ին Գոբուստանի մեկ այլ բանտարկյալ` Յուրի Սաֆարալիեւը, կախված է գտնվել բանտի լոգարանում: Հարազատները նրա մահվան համար մեղադրում են Սադագաթ Ագաեւին, որն այն ժամանակ Գոբուստանի բանտապետն էր: Նրանք պնդում են, որ Ագաեւը հակակրանքով էր վերաբերվում Յուրիին, քանի որ վերջինս հրաժարվել էր «տուրք մատուցել»` կաշառք տալ նրան: «Այդ պատճառով պահակները Սադագաթ Ագաեւի հրամանով հաճախ ծեծում էին նրան եւ փակում մենախցում»,- ասում է Սաֆարալիեւի մայրը: «Անցյալ տարվա հունվարին Յուրան մի քանի անգամ փորձել էր ինքնասպան լինել՝ կտրելով երակները, քանի որ այլեւս անկարող էր դիմանալ տանջանքներին եւ ահաբեկմանը: Ամեն անգամ նրան փրկում էին: Սակայն վերջին անգամ նրա կողքին ոչ ոք չկար, որ նրան փրկեր»:

Գարադագի շրջանի դատախազության քննիչ Վուսալ Մուսլիմովը IWPR-ին հայտնել է, որ Սաֆարալիեւի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չի հայտնաբերվել: «Անկասկած, դա ինքնասպանություն էր»,- ասել է նա: «Սկզբում քր.գործ էր հարուցվել 125 հոդվածի համաձայն (աջակցված ինքնասպանություն), սակայն հետագայում այն հետ է կանչվել, քանի որ Սաֆարալիեւի ինքնասպանության համար պատասխանատու որեւէ անձ չի հայտնաբերվել»:

Խորհրդավոր մահվան դեպքեր են արձանագրվել նաեւ բանտի ղեկավարության փոփոխությունից հետո: Ագաեւի աշխատանքից հեռացվելուց քիչ անց ցմահ բանտարկյալ Մախիր Մուստաֆաեւը մահացել էր իր բանտախցում տարօրինակ հանգամանքներում: Ըստ Արդարադատության նախարարության, Մուստաֆաեւը մենակ էր իր խցում, անհայտ պատճառով կորցրել էր գիտակցությունը եւ կենդանի այրվել իր ձեռքին եղած ծխախոտից բռնկված հրդեհից: Քրեական փորձագետ Մահմուդ Աջիեւն ասում է, որ իրադարձությունների նման տարբերակն անհեթեթ է:

«Եթե Մուստաֆաեւը կենդանի լիներ եւ պարզապես գիտակցությունը կորցներ, նա ուշքի կգար ծխախոտից բռնկված կրակից այրվելու ցավից»,- հայտնել է նա IWPR-ին:

Այազ Իմանովը նույնպես հանելուկային կերպով մահացել է բանտում: Բանտապետի պաշտոնակատար Շաշկիշի Բագիրովի խոսքերով, 27-ամյա Իմանովն իր մահվան օրը` փետրվարի 17-ին, հանդիպել էր մորը եւ 2 քույրերին: «Նա ստամոքսային խնդիրներ ուներ»,- ասել է Բագիրովը: «Նա 2 անգամ բուժում է անցել բանտային հիվանդանոցում: Գուցե նրա մահվան պատճառը հենց դա էր»:

Գարադագի շրջանի դատախազ Թարիել Գուրբանովն IWPR-ին ասել է, որ մահվան կապակցությամբ հետաքննությունն ընթացքի մեջ է: «Ըստ նախնական տարբերակի, բանտարկյալը մահացել է սրտի կաթվածից»,- ասել է նա: «Նա ստամոքսային ջղակծկումներ է ունեցել այն օրը, երբ վերջին անգամ հանդիպել է իր ընտանիքի անդամներին: Դատաբժշկական փորձաքննությունը կորոշի նրա մահվան ստույգ պատճառը»: Այնուամենայնիվ, Իմանովի մայրն ասում է, թե իր որդին առողջական որեւէ խնդիր չի ունեցել:

Գոբուստանի բանտում սպանություններ էլ են կատարվել: 15 տարվա ազատազրկման դատապարտված Բայրամ Ռագիմովը մարտի 5-ին սպանվել է իր հետ նույն խցում գտնվող Իսա Ալիեւի եւ Թարլան Ալիեւի կողմից, իսկ վերջիններիս այժմ մեղադրում են նրա սպանության համար:

«Բանտակիցները պահանջել են, որ Ռագիմովն իրենց տա ընտանիքից ստացած դրամի մի մասը»,- ասում է Գուրբանովը: «Դրան հաջորդած կռվի արդյունքում նա սպանվել է»:

«Մեզ շատ են անհանգստացնում ազատազրկման վայրերում արձանագրված մահվան դեպքերը»,- IWPR-ին ասել է Արդարադատության նախարարության Գլխավոր վարչության պետ Նազիմ Ալեկբերովը: «Այդ պատճառով դատախազության կողմից տարվող հետաքննությանը զուգահեռ մենք ներքին ծառայողական հետաքննություն ենք անցկացնում»: Սակայն նախկին բանտարկյալների եւ իրավապաշտպանների բնութագրմամբ, բանտային կյանքի պատկերն իրականում գուցե ավելի սարսափելի է, քանի որ բանտարկյալները վախենում են պատմել եղելությունը: «Հանձնաժողովների այցերից հետո իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին բողոքող բանտարկյալները դաժան ծեծի են ենթարկվում բանտապահների կողմից»,- ասում է նախկին բանտարկյալ Փոլադ Գաջիեւը: «Սակայն որքան էլ անտանելի լինի բանտային կյանքը, բանտարկյալների մեծամասնությունը չի համարձակվում որեւէ մեկին բողոքել՝ գերադասելով ինքնասպան լինել»: «Գոբուստանում նրանք իմ խուցը բերեցին Բաբեկ անունով մի լուսնոտի: Այդ մարդը երբեք չէր քնում, անընդհատ բղավում էր եւ գլուխը պատին խփում: Ի վերջո, ես բանտի ղեկավարությանը խնդրեցի հեռացնել նրան իմ խցից: Իմ բողոքի պատճառով բանտապահները սկսեցին ծեծել ինձ, սա տեւում էր մի քանի օր: Ես ստիպված էի երակներս կտրել, որպեսզի նրանք ինձ հանգիստ թողնեին: Բարեբախտաբար, բանտային հիվանդանոցի բժիշկներին հաջողվեց ինձ փրկել»: Բողոքներ կան նաեւ այլ բանտերում բանտարկյալների հանդեպ լուրջ բռնությունների վերաբերյալ: «Իմ որդուն երկար ժամանակ տանջում էին թիվ 8 գաղութում»,- ասում է Սեխերգյուլը՝ բանտարկյալ Իդրիս Աբդուլաեւի մայրը: «Նա ստիպված էր նամակ գրել նախագահ Իլհամ Ալիեւին՝ թանաքի փոխարեն սեփական արյունն օգտագործելով, սակայն որեւէ պատասխան չստացավ»: «Իդրիսին ծեծում էին, քանի որ նա հրաժարվում էր բանտի ղեկավարության եւ բանտապահների հետ կիսել տնից ստացած ծանրոցները: Կարծում եմ, նրան ավելի շատ կծեծեն իմ բողոքների պատճառով»: «Այլ բանտերում էլ են տեղի ունենում օրինախախտումներ եւ վատ վարվեցողություն բանտարկյալների հանդեպ,- ասում է բանտային համակարգի մոնիտորինգ իրականացնող հանրային կազմակերպության անդամ Սահիբ Մամեդովը,- Սակայն բանտարկյալների ինքնասպանությունները եւ բանտապահների կողմից սպանությունները հատկապես հաճախակի են տեղի ունենում Գոբուստանի բանտում»:

Հոգեբան Ազադ Իսազադեի խոսքերով, գոյություն ունի ինքնասպանության 2 տեսակ՝ ցուցադրական շարժումներ եւ մահանալու իրական փորձեր: «Բանտերում ավելի շատ տարածված են ցուցադրական ինքնասպանությունները,- IWPR-ին ասել է նա,- Մահվան ցանկությունն ինքնասպանությունների պատճառը չէ, այդպիսի եղանակով բանտարկյալներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ բանտային զարհուրելի պայմանների, անարդարության եւ անօրինականության»:

Նրա խոսքերով, բանտարկյալներն իրենց վնասում են՝ իրենց պահանջները բավարարելու կամ բանտային հիվանդանոց տեղափոխվելու նպատակով, որտեղ պայմաններն ավելի տանելի են: Սակայն, ավելացնում է նա, ինքնասպանությանն ուղղված փորձերը երբեմն նաեւ հաջողվում են:

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովն ասում է, որ բանտերի ղեկավարությունն ուղղակիորեն պատասխանատու է իրենց բանտերում կատարվածի համար:

«Նախեւառաջ, եթե բանտային պայմանները բավարարեին մարդկային նորմերը, ոչ ոք չէր դիմի ինքնասպանության,- ասում է նա։ -Երկրորդ, ինքնասպանության փորձերը կանխելու համար բանտարկյալներին պետք է արգելել ծակող եւ կտրող իրեր, պարաններ եւ այլ իրեր օգտագործել: Եթե բանտարկյալներին մատչելի են այդ իրերը, դա նշանակում է, որ բանտի ղեկավարությունը եւ աշխատակիցներն արդյունավետ չեն գործում»:

Սամիր ԿՅԱԶԻՄԼԻ, «Յունդելիք Ադրբեջան» («Ամենօրյա Ադրբեջան») թերթի թղթակից

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատուից: