Հայ նկարիչը Մոնմարտրից

04/05/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Դարերի պատմություն ունեցող, լեգենդներով պարուրված փարիզյան հայտնի ցուցադրավայր-վերնիսաժ Մոնմարտրում հայ նկարիչ Գագիկ Մարտիրոսյանն իր տեղն ունի: Նա միակ հայ նկարիչն է, ով տարիներ շարունակ պարբերաբար գալով այստեղ, նկարում է աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր ազգերի ներկայացուցիչների դիմանկարները։ Նկարում է միայն այն ժամանակ, երբ իրեն գումար է պետք լինում։ Մոնմարտրն իր օրենքներն ու ճաշակն ունի, ու թեեւ ծայրահեղ ինտերնացիոնալ է` չի ողջունում նորամուծությունները։ Այն ոճը, որը լավ է վաճառվում՝ դժվար է փոփոխելը: Ավելի քան տասը տարի առաջ Երեւանից Ֆրանսիա տեղափոխվելով՝ Գագիկը կարողացավ ոչ մի կողմնակի գործով չզբաղվել (ինչպես պատահում է օտարության մեջ հայտնված շատ ստեղծագործողների հետ, որոնք ստիպված սկսում են զբաղվել շատ պրոզաիկ գործունեությամբ), կերպարվեստը մնաց նրա ներշնչանքի ու ապրուստի միակ աղբյուրը։ Դա կատարվեց շատ օրգանական ձեւով, քանի որ նա գտավ բազմադեմ ու բազմագույն Փարիզի իր փոքր անկյունը։ Որպես նկարիչ Փարիզում ապրել կարելի է, շատ ավելի բարդ է որպես նկարիչ զարգանալը։ Գագիկին դա հաջողվել է, նրա կտավները շատ զուսպ, լակոնիկ ու ազդեցիկ են։ Նա գտել է իր թեման, որի շուրջն անընդհատ պտտվում է, ինչպես թիթեռը, որը որոշում է, թե երբ՝ ո՞ր ծաղկի վրա է կանգ առնելու։ Գագիկի ապրելակերպի ու ստեղծագործությունների թեման խաչմերուկն է։ Մարդկային, պատկերային, լեզվական խաչմերուկները։ Նրա նկարները հաճախ հենց մի գծից են ծնվում։ Երբ մի օր իր արվեստանոց եկավ պարսիկ նկարիչ Մաջիթն ու մերկ կտավի վրա խաչ նկարեց, ծնվեց Գագիկի կտավների այն շարքը, որը պատկերում է հազարավոր սեւամորթների ապօրինի ու ցավագին ներգաղթը։ Խաչն այդ կտավներում եզրագիծ դարձավ։ Սեւ գլուխներն ամուր սեղմված են նավակներում, իսկ այդ անկայուն նավակներն աֆրիկացիների համար դառնում են կայուն երազանք, մղում դեպի լավ կյանքն ու բարեկեցությունը, որին շատ քչերն են իրականում հասնում, քանի որ նավակները ոչ մի տեղ էլ չեն հասնում։ «Ու կարծես թե ինչ-որ մեկը վերեւից ոտքով սեղմում է մարդկանց գլուխներին, ցանկանալով հարթ մի զանգված տեսնել, որպեսզի ոչ ոք աչքի չընկնի ու հանկարծ ոստիկանության հետ բախումների առիթ չդառնա։ Կարճ ասած, պետք է գլուխ չբարձրացնեն, որ չնկատվեն։ Դա մի զանգված է, որն աբստրակցիա է դառնում»,- պատմում է Գագիկը։ Այդ կտավում գլուխները միագույն ու միանման են, սակայն մեկ ուրիշում՝ նրանք նախշազարդ ու գունավոր են։ Կար ժամանակ, երբ այդ նույն մարդիկ անհատներ էին…

Փարիզում Գագիկ Մարտիրոսյանն ունի իր արվեստանոցը, որը բոհեմական լավագույն ավանդույթների համաձայն՝ մարդկանցով լի է։ Գագիկի կինը՝ ֆրանսուհի Իզաբելը, իտալացի իմպրեսարիո Դարիոն, նրա հրեա, պարսիկ ու կորեացի ընկերներն այստեղ հաճախ են հավաքվում ու լեզվական աներեւակայելի խառնուրդով զրուցում արվեստի ու կյանքի մասին։ Այդ մթնոլորտը սուզվելով, շոշափելիորեն զգում ես, որ այստեղ մտքեր են ծնվում, զգացմունքներ են առկայծում, ու այդ բոլորն արվեստ է դառնում։ Այլ կերպ լինել չի կարող, քանի որ արվեստով շնչող Փարիզում իր տեղը գտած մարդը միշտ հարստանալու պատրաստ է։ Գագիկն, իհարկե, շատ է կարոտում Երեւանին, ասում է. «Երեւանը միշտ ինձ հետ է»։ Նա սիրում է լավ երաժշտությունն ու լավ մարդկանց: Եվ շրջանակին կտավ ձգելու համար գործիք է պատվիրում Հայաստանում` հայ վարպետների արածը համարելով ավելի որակյալ ու ամուր. «Մերոնք սարքում են այնպես, որ դարեր դիմանա»:

Գագիկին հաջողվել է պատվերներով նկար անելուց բացի՝ ցուցադրվել եվրոպական գալերեաներում, նրա նոր կտավներին սպասում են։ Նկար ցուցադրողներն ու վաճառողներն իրենք են գտել Գագիկին, քանի որ Գագիկին չնկատելն անհնար է։ Նա վառ նկարիչ եւ շատ համեստ ու հետաքրքիր մարդ է։

– Սեւամորթների շարքից որեւէ արձագանք կամ թեկուզեւ՝ կարեկցանք ակնկալո՞ւմ ես։

– Ոչ, ես միայն փաստում եմ։ Կարեկցանքը որոշակի իլյուստրատիվ զգացում է, իսկ ես ուզում եմ իրական՝ կոնստանտ վիճակը փաստել։ Ես միայն ներկայացնում եմ։ Ներկայացնում եմ պատկերները եւ դրանցով բնավ էլ խնդիր լուծել չեմ ուզում։ Չեմ ուզում որեւէ մեկին մատնացույց անել ու հիշեցնել, որ այսօր նման իրավիճակ է ստեղծվել, որ հարյուրավոր մարդիկ են մահանում։ Սա ուղղակի իմ թեմայի՝ խաչմերուկների որոնման շրջանակներում է։ Դա աբստրակցիա է, իսկ յուրաքանչյուր աբստրակցիա պետք է իր բազան ունենա կամ էլ ներշնչանքի աղբյուրը։ Երբ ունենում ես այդ աղբյուրը, կարող ես վերացարկվել ու խարակտերների վրա աշխատել։

Բառերն այստեղ անիմաստ են, քանի որ նկարի սյուժեն երկրորդական դեր է խաղում։ Սյուժեն սկիզբն է, որն իմ կտավներում չի աշխատում, ես առավելագույնս վերացարկվում եմ սյուժեից, ու մնում է միայն պատկերը։ Նկարչության մեջ պետք է կարողանալ եսակենտրոնությանը կարեւորություն չտալ։ Նկարչությունն ամեն դեպքում լռություն է, դա պատմություն չէ, այլ մի բառ կամ մի շունչ է։ Սկզբում ես դա չէի հասկանում, քանի որ առանց պատմության նկարը չէի պատկերացնում։ Բայց հիմա հասկացել եմ, որ բառը պատմություն չէ, որ նկարի բառը միաժամանակ եւ՛ սկիզբ է, եւ՛ վերջ։ Եվ այդ բառը լռությանն է համարժեք։ Իսկ դրան հասնելու համար պետք է ազատվել ես-ից, փորձել ավելի համեստ լինել։ Կարծում եմ, որ համեստ լինելն այնքան էլ վատ բան չէ։

– Հիմա, երբ քո նկարները ցուցադրվում ու վաճառվում են Ֆրանսիայում եւ Իտալիայում, կարո՞ղ ես ասել, որ դու գտել ես քո հանդիսատեսին, քո «բառը» հասկացողին։

– Ես դրա մասին չեմ մտածում։ Դրանք կարող են մակերեսային մտքեր լինել։ Հանդիսատես կարող է եւ չլինել, ու նկարս օդում կախված կմնա։ Ուրեմն, այդպես է պետք։ Խնդիրը երբեք հանդիսատեսի մեջ լինել չի կարող, խնդիրը փորձերն ու էքսպերիմենտներն են, որոնցից ես ահռելի հաճույք եմ ստանում։ Հիմա, օրինակ, ես էքսպերիմենտներ եմ անում մոխրագույնի հետ, քանի որ տեսել եմ, որ դա շատ ճաշակով գույն է, որի կողքին ցանկացած այլ գույն ավելի է ընդգծվում ու ավելի լավ է աշխատում։

– Ազգային արվեստ հասկացողություն քեզ համար գոյություն ունի՞, թե՞ ամեն ինչը համամարդկային է։

– Համամարդկայինն ու ազգայինը չես կարող առանձնացնել, որովհետեւ… պարզապես չես կարող։ Երբ մի մարդ կնոջը ծաղիկ է նվիրում, դա ազգայի՞ն, թե՞ համամարդկային քայլ է։ Կարծում եմ՝ համամարդկային է։ Արվեստում նույն կերպ է։

– Մոնմարտրը նկարչի համար լա՞վ դպրոց է։

– Երբ ինձ փող է հարկավոր լինում, բարձրանում եմ վերեւ՝ Մոնմարտր, երկու կամ երեք պորտրետ եմ անում, հետո սկսում եմ մտածել՝ թե ի՞նչը չի հերիքում դրանից հետո։ Սկսում եմ նկարել այն, ինչը ուզում եմ նկարել։ Մի քանի օր նկարում եմ, հետո փողերս վերջանում են, ու նորից Մոնմարտր եմ գնում։ Ես գտել եմ այս քաղաքում իմ ռիթմը։ Այլ կերպ չի ստացվում, այդ ճանապարհը միակն է։

– Կցանկանայի՞ր հրաժարվել Մոնմարտրից…

– Մոնմարտրը պետք է, քանի որ այստեղ քանդվում են սահմանները, քայքայվում են ստերեոտիպերը։ Պատվերով նկար անելով ու մարդկանց հետ շփվելով՝ մեծ փորձ ես ձեռք բերում, բայց միեւնույն ժամանակ՝ հասկանում ես, որ այդ փորձը ժամանակավոր է, չի կարելի անընդհատ նույն պորտրետները նկարել։ Պատկերացրու, որ ամեն օր, 35 տարի շարունակ, այստեղ ես գալիս, տեղ զբաղեցնում ու նույն բանը նկարում։ Դա սարսափելի է, դու անհոգի զոմբի ես դառնում։

– Երեւանյան ու փարիզյան քո նկարների ոճերը նմա՞ն են։

– Երեւանում ես հիմնականում կերամիկայով էի զբաղվում, քանի որ ավարտել եմ Երեւանի Գեղարվեստական ինստիտուտի կերամիկայի բաժինը, յուղաներկով նկարել սկսեցի Փարիզում։ Հիմա ես փորձում եմ մաղել իմ տպավորություններն ու զգացմունքները, ավելի ճիշտ՝ մաղել իրականությունը, որպեսզի ամենակարեւորը գտնեմ։

– Երեւանը կա՞ քո մտքերում։ Չե՞ս ափսոսում, որ հեռու ես։

– Երեւանն իմ քաղաքն է, եւ իմ քաղաքը ես շատ եմ սիրում։ Բայց Երեւանո՛ւմ լինեմ, թե Փարիզո՛ւմ, ես նույն գործով եմ զբաղված. ես հավաքում եմ իրականությունը։ Իմ հուշերը միշտ ինձ հետ են։ Հետո, գիտե՞ս, մի շատ զարմանալի բան կա. երբ մարդիկ գտնվելով Փարիզում՝ իրենց դժբախտ են զգում ու ասում են, որ պետք է Երեւան վերադառնան, որպեսզի երջանիկ լինեն, նրանք վերադառնալով էլ՝ երբեք երջանիկ չեն դառնում։ Եթե մեջդ դրամա կա, այն միշտ քեզ հետ կլինի, որտեղ էլ որ լինես։ Բոլոր պատասխանները քո ներսում են։ Եվ չարժե ինքդ քեզ խաբել։ Նույնն էլ կարող եմ ասել այն մարդկանց մասին, որոնք թողնում են Երեւանը ու գնում թվացյալի ետեւից։ Վայրը կարեւոր չէ, պետք է կարողանալ ինքնաբավ լինել ու պատրաստ լինել զարգանալ։

– Երեւանում ցուցահանդես բացել չե՞ս պատրաստվում։

– Շատ եմ ուզում։ Երեւի մի օր կանեմ։ Մտածում եմ, որ կարող ենք իմ պարսիկ ընկերոջ՝ շատ հետաքրքիր նկարիչ Մաջիթի հետ համատեղ ցուցադրություն անել։ Նա շատ պարզ ու մաքուր հայացքներ ունի։ Ուղղակի պետք է պատրաստվենք, որոշակի քանակի նկարներ ստեղծենք ու բերենք Երեւան։

– Փարիզի պես ինտերնացիոնալ քաղաքում ներշնչանքի աղբյուրը գտնելը պիտի որ շատ ավելի հեշտ լինի։ Դու տալիս ես քոնն ու վերցնում ուրիշինը։

– Այստեղ դու հարստանում ես, ծանոթանում ես չինացու, արգենտինացու, կորեացու հետ, ու ամեն մեկն իր երկրի պատմության մի փոքր կտորն է տալիս քեզ։ Դա դառնում է մի փոքր գարնանային ծաղկեփունջ, որը հարստացնում է քո երեւակայությունը։ Պիերո անունով մի իտալացի ընկեր ունեմ, որն ամեն անգամ գալով Մոնմարտր՝ բացականչում է. «Բոն ջոռնո, Բաբելոնիա»։ Այստեղ իսկական Բաբելոն է, եւ ամեն մի ազգ իր տեղը, իր գույնն ու իր գիծն ունի։ Իսկ կերպարվեստը դա գույնն ու գիծն է, ես էլ նկարում եմ իմ գույներով ու իմ գծերով։ Նայում եմ շուրջս ու նկարում։