Աշխատանքի անցնելու առաջին իսկ օրերին նոր վարչապետը կտրուկ նվազեցրեց բնական հարստությունների մինչ այդ գրեթե չվերահսկվող արտահանումը հանրապետությունից: Փայտի արտահանումը ժամանակավորապես դադարեցված է:
«Քաղաքացիական հասարակություն» ամսագրի խմբագիր, անկախ փորձագետ Նադեժդա Վենեդիկտովան վստահ է, որ դրանով մեծ վնաս է հասցվել այն քրեական խմբավորմանը, որը ձեւավորվել էր նախկին նախագահի օրոք եւ որը պետական կառույցներում մարդիկ ուներ:
Եվս մի փաստ: Սերգեյ Բագապշի երդման արարողության հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, սպանվել էր ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող մի մասնավոր ֆիրմայի վարորդ` Արտաշես Քալայջյանը: Սպանությունը տեղի էր ունեցել քաղաքից դուրս, իսկ սպանվածի մարմինը գցել էին կենտրոնական հրապարակում: Այս փաստն ընդունվեց իբրեւ քրեական աշխարհի կողմից իշխանություններին նետված մարտահրավեր:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձն իրականցավել էր փետրվարի 28-ի երեկոյան, երբ նա փոխվարչապետի հետ մեկնում էր Գուդաուտա: Նրա ավտոմեքենայի վրա կրակահերթ էր բացվել անհայտ անձի կողմից: Վարչապետը հրաշքով էր փրկվել, քանի որ գտնվում էր ոչ թե իր, այլ` փոխվարչապետի ավտոմեքենայում: Բարեբախտաբար, տուժողներ չկան, մահափորձի առիթով հարուցվել է քրեական գործ:
«ՆԳՆ-ն սկսել է նորմալ աշխատել, նորանշանակ ՆԳ նախարար Օթար Խեցիան հայտնի է իբրեւ վճռական մարդ, այդ պաշտոնին նշանակվելուց հետո նա խոստացավ, որ ՆԳՆ աշխատակիցների կեսին գործից կազատի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Բացի դրանից, վարչապետը հրապարակային ելույթների ժամանակ բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստվում է իրական պայքար սկսել քրեական տարրերի դեմ, որոնք մեծ ազդեցություն ունեն տնտեսության ոլորտում: Ուստի վարչապետի դեմ մահափորձը խոսում է այն մասին, որ քրեական աշխարհն իրոք մտահոգված է»,- ասում է Ն. Վենեդիկտովան:
Վարչապետ Ալեքսանդր Անկվաբը գտնում է, որ «դա կազմակերպել են այն քրեական տարրերը, ովքեր չեն ուզում, որ Աբխազիայում օրենքները գործեն: Նրանք կարծում են, որ վարչապետի սպանության դեպքում իշխանությունների դիրքորոշումը կփոխվի։ Բայց մեզ հնարավոր չէ դրանով վախեցնել, մենք շարունակելու ենք մեր գործը, եւ ես հույս ունեմ, որ ժողովուրդը մեզ կաջակցի»,- ասաց նա մարտի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Վարչապետը միտք չունի զրահապատ ավտոմեքենա ձեռք բերել. «Պետությունն այդքան միջոցներ չունի, մենք առաջին հերթին պարտավոր ենք մտածել մեր ժողովրդի անվտանգության մասին»,- ասաց Անկվաբը:
Նա գտնում է, որ «հաշվեհարդար տեսնելով վարչապետի հետ՝ քրեական տարրերը հույս ունեին սրել երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը, ինչի դեպքում նրանք հեշտությամբ կարող էին լուծել իրենց խնդիրները»: Լրագրողների այն հարցին, թե նրա հասցեին «նախազգուշացումներ» են հնչում, վարչապետը պատասխանեց. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնպես մեզ սպառնում էին, բայց մենք չէինք կարող ամեն ինչին ուշադրություն դարձնել»: