Ցմահ բանտարկյալները նորից հացադուլ են սկսել

04/05/2007

Երեկ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ են սկսել ցմահ ազատազրկման դատապարտված 17 դատապարտյալներ: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Ելենա Ուրումովայի, ԵԱՀԿ գրասենյակի, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Ցմահ դատապարտյալները պարտադիր են համարում նաեւ մամուլի ներկայացուցիչների ներկայությունն այդ հանդիպման ժամանակ: «Մեր բողոքն ուղղված է մեր նկատմամբ կիրառված ՀՀ նախագահի 01.08.2003թ. անհիմն ու անօրինական «ներման» հրամանագրի դեմ»,- ասված է ՀՀ վարչապետին, ԵԽ ներկայացուցչին, Հելսինկյան ասոցիացիային ուղղված դիմումում: «Մենք պայքարում ենք ՀՀ նախագահի 2003թ. ստորագրած «ներման» հրամանագրի դեմ, քանի որ այդ հրամանագրով մեր վճիռները փոխարինվեցին «ցմահ ազատազրկման»: Այդ ժամանակահատվածում գործող «Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը արգելում էր մեր` նախկին մահապատժի դատապարտվածների հանդեպ կիրառել նոր` 18.04.2003թ. ԱԺ կողմից ընդունված ու նույն թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի դրույթների կիրառումը, այդ թվում նաեւ՝ «ցմահ ազատազրկումը», որն այդ օրենսգրքի դրույթներից է: Այս ամենից հետեւում է, որ ՀՀ նախագահի տվյալ հրամանագիրը հակասում է ՀՀ օրենսդրությանը, իսկ դրանից հետեւում է, որ նախագահն անտեսել է նաեւ ՀՀ Սահմանադրության 56/2 հոդվածի պահանջները, որում ամրագրած է, որ ՀՀ նախագահի հրամանագրերը եւ որոշումները չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին»,- ասում են ցմահ դատապարտյալները: Իրենց դիմումում հարցի մարդկային կողմի մասին բարձրաձայնելուց հետո` նրանք խոսել են հարցի քաղաքական մասից: «Ինչպես հայտնի է, մահապատժի հարցը Հայաստանում ամբողջությամբ քաղաքականացվեց «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունից հետո, երբ Նաիրի Հունանյանն իր խմբով հարձակում գործեց ՀՀ ԱԺ-ի վրա: Այդ օրվանից սկսած` մահապատժի հետ կապված ցանկացած բարենպաստ տեսակետ անմիջապես կապվում էր Ն. Հունանյանի հետ, իսկ այդ տեսակետի հեղինակները մեղադրվում էին ահաբեկիչներին հովանավորելու մեջ: Եվ հենց այս փուլում ՀՀ նախագահը մեզ «ներում» շնորհեց, եւ առանց քրեական գործերի վերանայման մեր վճիռները փոխվեցին ցմահ ազատազրկման: Այս կապակցությամբ մենք հացադուլ հայտարարեցինք եւ ԱԺ պատվիրակությունն այցելեց մեզ` Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Հիշյալ հանդիպման ժամանակ ներկայացրեցինք մեր փաստարկները. այն է, որ մեր վճիռները իրավունք չունեին ցմահ ազատազրկումով փոխարինել: Մեզ այցելած պատվիրակությունն ընդունեց, որ իրավական առումով մենք իրավացի ենք (այդ մասին բազմիցս նշվել է մամուլում) եւ որպես պատճառ նշեցին ներքաղաքական իրավիճակը կապված «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ: Այսպիսով, նախկին 42 մահապարտներին կրկին դրեցին քաղաքականության զոհասեղանին` առանց գոնե հարցնելու, թե մենք ուզո՞ւմ ենք, արդյոք, իրենց քավության նոխազը դառնալ»,- նշված է դիմումում, որտեղ ցմահ բանտարկյալները ներկայացրել են նաեւ իրենց իրավունքների վերականգնման համար պայքարի ժամանակացույցը: