«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը երեկ Վարդենիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ընդդիմության միավորման ձախողման համար մեղադրել է կոնկրետ մարդկանց: Ըստ Ա. Սարգսյանի, հենց ընդդիմադիրները տապալեցին ընդդիմության միավորման ծրագրերը: Նա նաեւ նշել է կոնկրետ անուններ. «Երբ ասում ես՝ տղերք, եկեք միավորվենք, գրենք միասնական համամասնական ցուցակ, Գեղամյանն ասում է՝ «չէ, միասինը լավ չէ»: Ինչի՞ համար… Որովհետեւ 5 տոկոսի խնդիր է լուծում, որպեսզի 5 տոկոսի խնդիր լուծելով՝ ստրասբուրգներում գնա ելույթ ունենա…: Եթե դուք ձեր մեջ առաջինի-երկրորդի խնդիր ունեք, Ստեփան Դեմիրճյա՛ն եւ Արտաշես Գեղամյա՛ն, գիր-ղուշ գցեք իրար մեջ»: Միաժամանակ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել է, թե «Հանրապետություն» եւ «Նոր Ժամանակներ» կուսակցությունների ու «Իմպիչմենտ» դաշինքի բոլոր գործողությունները մայիսի 3-ից հետո համաձայնեցված են լինելու: «Ամսի 3-ից սկսած բոլոր հանդիպումներն ու այցելությունները միասին ենք անելու: Այսօր կարելի է ասել այսքանը. հետո ինչ կստացվի, ինչ քայլեր կանենք՝ այդ մասով քննարկումներ գնում են»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին նշված երեք ուժերն Ազատության հրապարակում համատեղ հանրահավաք են հրավիրել: