Ախորժակը՝ հինգ տոկոսից ավելի

03/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Նախընտրական այս շրջանում քաղաքական բոլոր կուսակցությունների ախորժակը բավականին մեծացել է: Ապագա Ազգային ժողովում ոչ մի կուսակցություն իր հասանելիքը 5 տոկոսով չի սահմանափակում: Նրանք ամենաքիչը 15-20 տոկոսի ախորժակ ունեն, այդ թվում նաեւ՝ ընդամենն անցած տարի լույս աշխարհ եկած կուսակցությունները:

Պարզ է, որ նման ցանկությունների մեջ մեծ կլինի նաեւ Ազգային ժողովրդավարական կուսակցության ախորժակը, որի նախագահը բոլորին քաջ հայտնի Շավարշ Քոչարյանն է: Եվ ահա պարոն Քոչարյանը նույնպես 15-20 տոկոսի ակնկալիքներ ունի եւ կարծում է, որ իր կուսակցությունը դրա իրավունքն ունի: «Եթե նկատել եք, բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերում այն դրույթներն են ներկայացնում, որոնց համար ԱԺԿ-ն պայքարել է տարիներ շարունակ,- ասում է ԱԺԿ նախագահը,- Բոլորը միանգամից են նկատել, որ Հայաստանը միայն Երեւանը չէ, որ մարզեր էլ կան: Որ մարզերին անհրաժեշտ է հարկային արտոնություններ տալ, որպեսզի գործարարներն այնտեղ ներդրումներ կատարեն: Այսօր նշում են, որ գիտությունը պետք է լուրջ ֆինանսավորում ստանա: Քանի որ մենք չունենք ծով, նավթ, մեր ապագան կարող ենք կապել միայն բարձր տեխնոլոգիաների հետ, որոնց հիմքում, բնականաբար, գիտությունն է։ Սակայն ոչ մի կուսակցություն իշխանության վերահսկողության, հետկանչման խնդիր չի դնում: ԱԺԿ-ն միակ կուսակցությունն է, որ դեռեւս 2001 թվականին ներկայացրել է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեխանիզմներ ամրագրող նոր Սահմանադրության եւ նոր Ընտրական օրենսգրքի նախագծեր: Ժողովուրդը պետք է իրավունք ունենա հրաժարական պահանջել իր վստահությունը չվայելող Ազգային ժողովից, կառավարությունից, քաղաքապետից, թաղապետից, ավագանուց»: Եվ քանի որ քաղաքականության մեջ չկա հեղինակային իրավունքի խնդիր, Շ.Քոչարյանը չի կարող սեփականացնել այս դրույթները: Նա միայն հույս ունի, որ գոնե ապագա խորհրդարանում այս գաղափարների առումով կունենա համախոհներ եւ համագործակցության եզրեր: Բայց, իհարկե, մի պայմանով՝ եթե այդ հայտարարությունների հեղինակներն ասածները դարձնեն համոզմունք եւ ոչ թե այս կարճ ժամանակահատվածում դրանք օգտագործեն որպես ժողովրդի վստահությունը շահելու գործիք, որոնք խորհրդարան մտնելուց հետո հեշտությամբ մոռացվելու են։

Այս նույնաձեւ գաղափարների մթնոլորտում Շ.Քոչարյանն առաջարկում է ԱԺԿ-ին առանձնացնել նաեւ իր կենսագրությամբ. «Հիշեք, թե մինչեւ հիմա ով որտե՞ղ էր եւ ի՞նչ էր անում: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Ինչ վերաբերում է մեր գործունեության գնահատականին, ապա ցանկալի կլիներ, որ այն ամենն, ինչի համար մենք պայքարել ենք, շատ ավելի արդյունավետ իրականացվեր։ Այդ դեպքում ես կասեի, որ աշխատանքի արդյունքից գոհ եմ, բայց միայնակ ներկայացվելով, լինելով խորհրդարանում` մենք չենք հասել մեր բոլոր նպատակների իրականացմանը, հենց այս հանգամանքն էլ մեզ դրդեց առաջիկա ընտրություններին մասնակցել նաեւ մեծ եւ պատկառելի համամասնական ցուցակով»,- ասաց Շ. Քոչարյանը:

ԱԺԿ նախագահը հարուստ կուսակցությունների հետ ֆինանսական միջոցներով չի մրցի, թե չէ կպարտվի: Նրանց ֆինանսների դեմ առաջարկում է ներկայացնել լավ գաղափարներ: Իսկ համատարած շտաբների ու պաստառների փոխարեն՝ գերադասում է ժողովրդի հետ անմիջական շփումները: ԱԺԿ առաջնորդը համոզված է, որ մեծ փողերին պետք է հակադրվել մեծ գաղափարներով, որն էլ իրենց հաջողվում է։ Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին` Շավարշ Քոչարյանը նշեց, որ իրենց կողմից կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, բայց, իհարկե, խտրականություն կա: Մեծ գումարներ ունեցող ուժերն ունեն առավելություն, որովհետեւ քարոզարշավը պահանջում է մեծ գումարներ։