ՀՀՇ վարչությունն ապրիլի 28-ին որոշում է կայացրել դուրս գալ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու գործընթացից: Մեծամասնական ընտրակարգով եւս ՀՀՇ-ի թեկնածուներից ոմանք ինքնաբացարկ են հայտարարել, եւ այժմ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին ՀՀՇ-ից մասնակցում է երկու թեկնածու՝ թիվ 1 եւ թիվ 4 ընտրատարածքներում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին բավարարել է ՀՀՇ-ի ինքնաբացարկի դիմումը: ՀՀՇ վարչությունն ապրիլի 28-ին տարածած հայտարարության մեջ նշում է, որ «գնահատելով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, հաշվի առնելով, որ գործող իշխանությունները եւս մեկ անգամ ամեն գնով փորձում են վերարտադրվել, ինչը երկրի համար հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ի սկզբանե համոզված լինելով, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն իրական ընդդիմության համախմբումն է, վստահ լինելով, որ ընդդիմության ոչ միասնական մասնակցությունն ընտրական գործընթացին անհնար է դարձնելու իշխանափոխությունը, ՀՀ ԱԺ-ում տեղեր զբաղեցնելը չհամարելով ինքնանպատակ, հայտարարում է, որ դուրս է գալիս համամասնական ընտրակարգով քվեարկության գործընթացից՝ նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ընտրազանգվածի համախմբմանը»: Կուսակցությունն իր անդամներին ու համակիրներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին եւ քվեարկել քաղաքական այն ուժերի օգտին, որոնց համար առաջնահերթություն են իշխանափոխությունը, ազատականությունը, ժողովրդավարությունը եւ իրատեսական քաղաքականությունը: Երեկ ՀՀՇ վարչության մի քանի անդամներ ասուլիս էին հրավիրել: Վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը վստահեցրեց, որ ՀՀՇ-ն մասնակցելու է քաղաքական գործընթացներին: «Մենք գործընթացից դուրս չենք գալիս: Մեր կողմնակիցներին, մեր անդամներին, մեր համակիրներին կոչ ենք անելու, որպեսզի իրենց ձայնը տան այն քաղաքական ուժերին, որոնք իրենց սկզբունքներով մոտ են կանգնած ՀՀՇ-ին»,- հայտարարեց Ա. Զուրաբյանը: Ըստ նրա, իրենք ակնկալում են, որ կլինեն նաեւ այլ քաղաքական ուժեր, որոնք կհետեւեն ՀՀՇ-ի օրինակին՝ դրանով հնարավորություն ստեղծելով ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի համար՝ կենտրոնացնելով ձայները շատ ավելի լուրջ արդյունքի հասնել: «Եթե ընդդիմության միավորումն ամսի 2-ին (ինքնաբացարկ հայտնելու վերջին օրն է.- Ռ.Թ.) չստացվի, ամսի 12-ից հետո շատ ավելի ընդարձակ է ստացվելու»,- նշեց ՀՀՇ վարչության նախագահը: Ըստ ՀՀՇ վարչության անդամ, թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Մանուկյանի, ընտրություններից դուրս գալու որոշումն ընդունվել է «շատ մեծ դժվարությամբ»: «Բայց մենք գիտակցում ենք, որ այն ընդդիմադիր դաշտը, որը ներկայացված է հեռուստատեսությամբ եւ քաղաքական դաշտում, պարզապես ժողովրդավարության ծաղրանք է: Ես այսօր մի անգամ էլ նայեցի ցուցակը. 25 կուսակցություններից առնվազն 20-ը կամ իրական ընդդիմադիր են, կամ խաղում են ընդդիմադիր: Այդ ձեւով հաղթանակ տանել եւ իշխանափոխություն անել հնարավոր չէ: Եվ շատ դժվարությամբ կայացված մեր որոշումն ուղղակի կոչ է իրական ընդդիմադիր ուժերին՝ եզրակացություն անել, հետեւել քայլին, թողնել 1-2-ին: Մենք ինչո՞ւ չենք կոնկրետացրել, որովհետեւ վստահ ենք, որ մեր քայլին հաջորդելու է այլ ինքնազոհաբերվող կուսակցությունների հայտարարություններ, որոնց համար գաղափարը շատ ավելի բարձր է, քան մի քանի տոկոս հավաքելը»,- հայտարարեց Ա. Մանուկյանը: Նրա խոսքերով՝ ինքն այս ընթացքում իր թիմով 2000 ընտանիք է մտել եւ անհատական զրուցել բոլորի հետ: «Հավատացնում եմ ձեզ, ժողովրդի համար շատ դժվար է ջոկել իրականը կեղծից: Եվ շատ դժվար է նաեւ ձայները բաշխել իրական ընդդիմադիրների միջեւ, որովհետեւ նրանք մի քանիսն են: Ինչո՞ւ մենք մեծամասնականով չենք հանում մեր թեկնածությունը, որովհետեւ այն ծրագիրը, որ ի սկզբանե պլանավորված էր, որ ընդդիմադիրները հանդես գան մեկ ճակատով, այս օկրուգներում իրականանում է. 1, 4, 5 ընտրատարածքներում ընդդիմադիր կուսակցությունները պաշտպանում են մեկ հոգու: Իմ ընտրատարածքում չկա որեւէ այլ իրական ընդդիմադիր թեկնածու»,- նշեց Ա. Մանուկյանը: Տեղեկացնենք, որ թիվ 4-ում, բացի ՀՀՇ-ից, թեկնածուներ են առաջադրել իրենց գործող իշխանություններին ընդդիմություն հռչակած «Ազգային Միաբանությունն» ու «Օրինաց երկիրը»: Թիվ 1-ում ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանի միակ մրցակիցը ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանն է, իսկ թիվ 5-ում առաջադրված են Հովհաննես Հովհաննիսյանը, Հայկ Բաբուխանյանը, Թաթուլ Մանասերյանն ու ՀՀԿ-ական Լեւոն Սարգսյանը: Ընդդիմադիր մի շարք կուսակցություններ այստեղ սատարում են Հ. Հովհաննիսյանին: Ինչեւէ, Ա. Մանուկյանը երեկ նաեւ նշեց, թե տնետուն այցելելով համոզվել է, որ «Բարգավաճն» ու ՀՀԿ-ն միասին ունեն 5% ձայն: Նա ներկաներին առաջարկեց միասին ցանկացած շենքի ցանկացած դուռ բացել եւ համոզվել դրանում: Անդրադառնալով «Իմպիչմենտ» դաշինքին, որի համամասնական ցուցակում կան ՀՀՇ-ի բազմաթիվ անդամներ՝ Ա. Զուրաբյանը նշեց, թե «Իմպիչմենտում» հավաքվել են մարդիկ, ովքեր մեկ խնդիր են դրել. վայրկյան առաջ պետք է փոխել այս համակարգը: «Մենք ամբողջությամբ համաձայն ենք նրանց հետ, սակայն տակտիկական մոտեցումների հետ կապված որոշակի փոքրիկ անհամաձայնություններ կան եւ յուրաքանչյուրս առանձին ենք հանդես եկել»,- նշեց նա՝ հավելելով, որ կուսակցության անդամներն ազատ են որոշումներ կայացնելիս: Խոսելով նախկին ՀՀՇ-ականներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին՝ Ա. Զուրաբյանն ասաց, որ 1998-ին «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսով իշխանության եկած այս գործիչները 10 տարի անց հասկացան, որ ժողովուրդը չի կարող կուսակցություն լինել եւ «սկսեցին կուսակցություն սեփականաշնորհել, ձեռք գցել»: «Եթե մանկան զարգացման նման ամեն ինչ լինի, ապա նրանք մի 18-20 տարի անց կհասունանան, եւս մի 10 տարի անց էլ կսկսեն լուրջ քաղաքական գործունենություն ծավալել: Բայց մեր հասարակությունն այդքան ժամանակ չունի»,- նշեց նա:
Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը
ՀՀՇ վարչության մեկ այլ անդամի՝ Հովհաննես Իգիթյանի հավաստմամբ էլ՝ ՀՀՇ-ի այս քայլի հանգուցալուծումը կլինեն նախագահական ընտրությունները: «Մի հուսահատվեք այս նորընտիր պառլամենտից՝ մտածելով, որ այնտեղ մեծամասնություն պետք է կազմի անգաղափարական մի զանգված: Դա թղթային մի տնակի նման կքանդվի նախագահական ճիշտ ընտրությունների ժամանակ: Եվ մենք գտնում ենք, որ այսօր հնարավոր է սկսել այդ գործընթացը, որը կբերի Հայաստանում նորմալ նախագահական ընտրությունների»,- կարծում է Հ. Իգիթյանը: ՀՀՇ-ականները չեն բացառում, որ մայիսի 12-ին իշխանությունները գնան այնպիսի խայտառակ խախտումների, որ հասարակությունը ոտքի կանգնի ու փոխի այս իշխանությանը: «Ես կցանկանամ, որ մայիսի 12-ին ընտրությունները նորմալ ընթանան, եւ բոլորս կենտրոնանանք ապագա նախագահական ընտրությունների վրա՝ որպես ընտրական պրոցեսի, ոչ թե որոշակի բռնության տարր պարունակող պրոցեսի: Ընդդիմադիր դաշտը պետք է կարողանա այստեղ եւս նախագահի թեկնածուի առումով կողմնորոշվել ու կանգնել մեկ անձի կողքին, ով առավելագույնս իր մեջ կներառի այն հույսը, որը բոլորինս կլինի ու կամփոփվի մեկ անձի շուրջ»,- նշեց Ա. Զուրաբյանը: Վերջինս կարծում է նաեւ, որ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր կարող են ընդդիմադիր ընտրազանգվածն առաջնորդել եւ հասնել իշխանափոխության: Ըստ ՀՀՇ վարչության նախագահի, ՀՀՇ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի իր թեկնածուով եւ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերին պետք է կոչ անի միավորվել իր թեկնածուի շուրջ: «Որովհետեւ ես կարծում եմ եւ համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից ՀՀ-ն, մեր հասարակությանը կարող է ազատել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- հայտարարեց Ա. Զուրաբյանը: Իսկ Տեր-Պետրոսյանը համաձա՞յն է: Այս հարցին էլ Ա. Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Դրա վերաբերյալ մենք բազմիցս խոսել ենք: Համոզված եմ, որ համաձայն է»: Հ. Իգիթյանն էլ, շեշտելով, որ թեկնածուն շատ կարեւոր է, նշեց, թե ոչ պակաս կարեւոր է նաեւ այն թիմը, որն այդ թեկնածուի շուրջը պետք է հավաքվի: