Ապրիլի 27-ին մեկնարկել է ԱՄՆ Գերմանական Մարշալ եւ Բերտելսման հիմնադրամների կողմից կազմակերպած «Բրյուսել ֆորում 2007» ներկայացուցչական խորհրդաժողովը, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ապրիլի 28-ին Վ.Օսկանյանը, «Բալթիկ ծովից մինչեւ առավել ընդարձակ Սեւ ծով. նոր եվրաատլանտյան մարտահրավեր» թեմայով քննարկման հիմնական բանախոսներից է եղել: Իր խոսքում նա անդրադարձել է եվրոպական եւ եվրաատլանտյան կազմակերպությունների դերակատարությանը տարածաշրջանում՝ ներկայացնելով այդ կազմակերպությունների եւ գլոբալ այլ ուժերի հետ ՀՀ-ի հարաբերությունների որոշ ասպեկտներ: Վ.Օսկանյանը նաեւ խոսել է Հայաստանի տնտեսական առաջընթացի մասին, նշելով, որ արդեն յոթերորդ տարին է, որ երկնիշ տնտեսական աճ ենք արձանագրում: Ու թեեւ զինադադարից հետո 10 տարիների ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան սպասում էին, որ Հայաստանն աղքատության եւ տնտեսական լճացման ծանրության տակ կփլվի, դա, ըստ Օսկանյանի, տեղի չի ունեցել եւ չի էլ ունենա: Նա ափսոսանքով է նշել, որ այդ փորձից ոչ մի դաս չի քաղվում, ինչի հետեւանքն են Հայաստանի շրջափակման ուղղությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի նոր ջանքերը: Ըստ նրա, դրա ապացույցն է նոր երկաթուղու կառուցումը, որը կշրջանցի Հայաստանը: Օսկանյանն ասել է, թե նոր երկաթուղին չի ստիպի մեզ տեղի տալ, այն ավելի շատ վնաս չի հասցնելու, քան փակ սահմանը: Վ.Օսկանյանը նաեւ խոսել է հակամարտությունների վերաբերյալ ՎՈՒԱՄ-ի երկրների պաշտոնապես հնչեցվող մոտեցումների եւ ՄԱԿ-ում առաջ քաշված նախաձեռնության միջեւ հակասության մասին: Նա վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը, որ չի կարելի մեկ բանաձեւով անդրադառնալ չորս տարբեր հակամարտություններին: Նա երկկողմ հանդիպումներ է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Գ. Բեժուաշվիլու ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դ. Ֆրիդի հետ: