Շատերի համար թերեւս դեռ անհասկանալի է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ կապված գաղտնալսման պատմության, Ռոբերտ Քոչարյանի կողմից դրան հետեւած «դավաճան» որակման, դրան Ա. Բաղդասարյանի պատասխանի եւ ընդհանրապես այս ամբողջ աղմուկի դրդապատճառը:
Շատերը չեն էլ կասկածում, որ այդ գաղտնալսումն իրականացրել են Հայաստանի հատուկ ծառայությունները: Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում: Օրինակ՝ ինչո՞ւ են իշխանությունները դեռ փետրվարին արված գաղտնալսումը հրապարակում միայն այս օրերին: Ինչո՞ւ Ռ. Քոչարյանը, ով Ա. Բաղդասարյանին «դավաճան» անվանեց, չդատապարտեց քաղաքական գործչի ու օտարերկրյա դիվանագետի ապօրինի գաղտնալսման փաստը: Ինչո՞ւ է Ռ. Քոչարյանը խնայում «դավաճան» Ա. Բաղդասարյանին ու գտնում է, որ չարժե, որ իշխանությունները «կոշտ քայլեր» ձեռնարկեն: Ինչո՞ւ Ա. Բաղդասարյանը, ով այս ամենը համարում է կեղծիք եւ իր դեմ իրականացվող «սեւ PR», զրպարտության համար դատի չի տալիս այն թերթին, որը հրապարակել է այդ, ըստ Բաղդասարյանի, կեղծ ու աղավաղած ինֆորմացիան եւ այլն: Ի դեպ, Ա. Բաղդասարյանն այդ հրապարակման որեւէ կոնկրետ ձեւակերպում մինչ օրս չի հերքել: Փոխարենը նա իշխանություններին «սպառնում է» 2008-ին առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններում: Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, Ա. Բաղդասարյանի հետ կապված այս աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ արդեն հանրահավաքներում որոշ ընդդիմադիրներ բացահայտ հայտարարում էին, որ Ա. Բաղդասարյանը «կեղծ ընդդիմադիր» է: Որքանո՞վ է հավանական, որ այս ամբողջ աղմուկը նրա վրայից այդ «կեղծ ընդդիմադիրի» պիտակը հանելու նպատակ ուներ: Այս հարցն ուղղեցինք «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին, ով մի քանի ամիս առաջ հայտարարել էր, թե տեղեկություններ ունի, որ իշխանությունները ԶԼՄ-ներին հրահանգել են նախընտրական շրջանում երկու «կեղծ ընդդիմադիրի» վարկանիշ բարձրացնել: «Ես Ա. Բաղդասարյանին երբեք ընդդիմություն չեմ համարել: Ես ճիշտն ասած երեկ էլ բան չհասկացա Ա. Բաղդասարյանից: Այսինքն՝ ի՞նչ. համաձա՞յն է, որ Ռ. Քոչարյանն ասել է՝ «դավաճան»: Ես չեմ ուզում դրա մեջ մտնել, որովհետեւ իրենց խնդիրներն են, իրար հետ կարող է ընդդիմություն են խաղում կամ չեն խաղում, չգիտեմ: Իմ պատկերացմամբ՝ Ա. Բաղդասարյանը երբեւէ ընդդիմություն չի եղել»,- նշեց ՆԺԿ ղեկավարը: Իսկ որպես քաղաքագետ՝ ի՞նչ է կարծում Ա. Կարապետյանը. այս պատմությունն Ա. Բաղդասարյանի վարկանիշի վրա ինչպե՞ս կազդի: «Որպես քաղաքագետ կարող եմ ասել, որ «դավաճան» բառը երբեք չի կարող որեւէ լուրջ մարդու ռեյտինգ բարձրացնել: Եթե մարդը համաձայն չէ դրա հետ, պատասխանում է, որովհետեւ դա շատ լուրջ խարան է: Նորից եմ կրկնում, ՕԵԿ-ն ու Ա. Բաղդասարյանն ինձ համար երբեւէ ընդդիմություն չեն եղել: Եթե փորձում էին կեղծ ընդդիմադիրի պիտակը վրայից տանել, կարծում եմ՝ «դավաճան» բառով որեւէ պիտակ տանելուն պետք չէր համաձայնել»,- նշեց Ա. Կարապետյանը: