Դեռեւս 10 տարի առաջ ՀՀ մի քաղաքացի Ամասիայի շրջանում ահռելի տարածք էր սեփականաշնորհել, հետո պարզվել էր, որ այդ քաղաքացին, մասնագիտությամբ երկրաբան լինելով, այդ տարածքներից արսենիումի հումք էր արտահանում Վրաստան: Այդ տարիներին այս գործն ավարտվեց դատավարությամբ:
Իսկ ի՞նչ եղավ այդ հանքավայրի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի ռեկտոր Միհրան Գրիգորյանն ասաց, որ այդ տեղանքն այնքան էլ հարուստ չէ արսենիումով, սակայն շահագործման տեսանկյունից կարող է եւ անօգտավետ լինել: Այս պատմության հետ կապված մանրամասները կփորձենք ներկայացնել մեր առաջիկա համարներից մեկում, քանի որ, ասում են, թե այդ հանքավայրից այսօր էլ են արտահանումներ կատարվում: Հայաստանում կարծրատիպ է ձեւավորվել, որ մեր երկիրը բավականին աղքատ երկիր է, չունի էներգետիկ հարստություններ, ուստի չի կարող իր հնարավորությունների շրջանակում խաղի կանոններին մասնակից դառնալ: «Երկրի հզորությունը հաշվարկելիս ելնում են նրա բնական պաշարներից, օդային տարածքից եւ մտավոր ներուժից: Ընդերքի մասով մենք աղքատ երկիր չենք, ինչպես հաճախ են հակառակը պնդում պետական պաշտոնյաները: Մեր փոքր երկրի տարածքի համեմատ, ունենք խոշոր հանքավայրեր եւ անգամ որոշները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Այն մտայնությունը, որ՝ եթե չունես գազ եւ նավթ, ուրեմն՝ աղքատ երկիր ես, Հայաստանին չի կարող վերագրվել: Մեր ընդերքը շատ հարուստ է: Այստեղ մնում է եղածը խելացի շահագործել, մշակել ու արտահանել»,- ասում է Միհրան Գրիգորյանը: Հայրենի կառավարությունը դեռ տասը տարի առաջ է հասկացել, որ մեր ընդերքը շատ հարուստ է, եւ հենց այս ոլորտն է առաջինը գտել իր տերերին: Սակայն, ինչպես տեսնում ենք, տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղ համարվող լեռնաարդյունաբերությանը զարկ տալն իր հետեւից չի քաշել-տարել երկրի տնտեսության մնացած ոլորտները: Թեպետ շատ է ասվում, որ Հայաստանը արդյունաբերական երկիր է եղել: Հայաստանում հանքերով «զբաղվելը», ի տարբերություն այլ երկրների, նախնական ծախսեր չի պահանջում: Նոր հանքավայրի շահագործումը պահանջում է ճանապարհների, կոմունիկացիաների, նոր բնակավայրերի կառուցում: Իսկ ահա մեր իրողությունում բնակչությունն ապրում է հենց հանքավայրերի կողքին, եւ հանքի սեփականատերերին մնում է օգտագործել այս աշխատուժը: Մ. Գրիգորյանի գնահատմամբ, հանքավայրերի սեփականատերերը ներկայումս մեծ շահույթներ են հետապնդում. մասնակիացնելով Զոդի ոսկու հանքավայրը, որտեղ գտնում են ոսկով հարուստ երակը եւ զբաղվում են միայն այդ հատվածի արդյունահանմամբ: Իսկ նվազ հանքանյութերով հարուստ հանքահողը շահագործողին չի հետաքրքրում: Մոտիվն ակնհայտ է, նրանք ցանկանում են շատ կարճ ժամանակահատվածում շատ մեծ շահույթներ ստանալ: Այս խնդիրն առկա է նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենի, Մեղրու ոսկու հանքավայրերում: Եթե այս տեմպով մեր հանքավայրերը շահագործվեն, ապա այս ոլորտը 15-20 տարի հետո իրեն սպառած կլինի: Մինչդեռ Հայաստանի հանքավայրերի խելամիտ արդյունահանման համար կպահանջվի 100-150 տարի: Քաջարանի թափոնների մեջ ավելի արժեքավոր մետաղներ կան, քան պղինձն ու մոլիբդենն է: Իսկ Մեղրու ոսկու հանքավայրը ժամանակին տեղական մի կազմակերպություն էր անխնա շահագործում, իսկ ներկայումս էլ՝ մի այլ սեփականատեր է նույնը շարունակում: Մեր տեղեկություններով, այս հանքավայրն ամերիկյան կազմակերպության անվան տակ կրկին շահագործում են մեր հայրենակիցները: Պետության համար չպետք է էական լինի, թե ովքեր են շահագործողները, կարեւորը պետական վերահսկողությունն է: «Ճիշտ չեմ համարում այս ոլորտում արտասահմանյան կազմակերպություններին ընդգր կելը, այն պատրվակով, թե ներդրումներ են անհրաժեշտ: Ո՞վ չգիտի, որ այդ ներդրումներն արվում են հանքավայրից ստացած շահույթների հաշվին: Պետությունը պետք է ձեւավորի պետական կոնցեռններ, պատասխանատվություն ստանձնելով՝ ինքը կառավարի հանքավայրերի շահագործումը: Միայն այս ճանապարհով է հնարավոր պահպանել հանքավայրերի երկարակյացությունը: Կառավարությունը մասնավորեցման ծրագրերին զուգահեռ՝ պետք է զբաղվի թափոնների մշակման ծրագրերով` գտնելով այն մասնավորին, ովքեր տեղերում կկառուցեն վերամշակող փոքր գործարաններ»,- սա մասնագետի տեսակետն է:
Իսկ թե ի՞նչ օգտակար հանածոներ ունի Հայաստանը՝ հարցը, պետք է ձեւակերպել այսպես. ի՞նչ օգտակար հանածոներից է զուրկ Հայաստանի ընդերքը, քանի որ մեր ունեցած տեսականու շարքը բավականին երկար է: Օգտակար հանածոներից` նեֆերինային սիանիտով (ալյումինի հումքով) է հարուստ Հրազդանի տարածաշրջանը: Դեռ 80-ականներին այս հանքավայրի շահագործման համար որպես նախահիմք կառուցվել է լեռնահանքային կոմբինատը եւ էներգետիկ մի շարք հզորություններ: Ռուսաստանի հետաքրքրությունը Հրազդան ՀԷԿ-ի եւ ՊՇԷԿ-ի նկատմամբ զուտ էներգետիկ միավորներով չէ, որ պայմանավորված է: Այս հզորությունների ապագա վերագործարկումն ավարտվելու է Հրազդանի հանքավայրերի շահագործմամբ: Արդեն առանց իսկ կասկածի կարելի է ասել, որ շահագործողները ռուսներն են լինելու: Այս ֆոնին լիովին հասկանալի է դառնում, թե ինչու է ռուսական «Արմենալ» գործարանը ներկայումս վերազինվում նորագույն տեխնոլոգիաներով: Նեֆերինային սիանիտով հարուստ այս հանքավայրի հավելանյութերը կարող են հումք ապահովել նաեւ Հրազդանի ցեմենտի գործարանի համար, որն իր հումքն այս պահին ներկրում է Իրանից: Ինչպես արդեն հայտնի է, Կապանի եւ, հետագայում, թերեւս, Գետիկի ուրանի հանքավայրերի շահագործման իրավունքը վերապահված է Ռուսաստանին: Նավթի եւ գազի հանքավայրերի հայտնաբերմամբ եւ հետազոտություններով ներկայումս նույնպես ռուսական մի ընկերություն է զբաղվում: 2005թ. տեղեկատվություն տարածվեց, թե ԱԱԾ տվյալներով՝ Թուրքիան Շիրակի ճեղքվածքի լայնությամբ նավթ է արդյունահանում, եւ հայկական կողմն էլ այդ հատվածում սկսեց ակտիվ հետազոտությունները: Անգամ պետական բյուջեն պատրաստակամ գտնվեց ֆինանսավորել որոնողական աշխատանքները: Մարատ Գրիգորյանը նույնպես ներգրավված է եղել որոնողական խմբի մեջ եւ ասում է, որ աշխատանքները դադարեցվել են ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այս աշխատանքների «իրավահաջորդն» այսօր կրկին Ռուսաստանն է: Իջեւանի եւ Դիլիջանի տարածքն էլ հարուստ է գորշ ածուխի հանքավայրերով, սակայն այստեղ հանքավայրի բաց շահագործումն էկոլոգիական աղետի կբերի: Ածուխի բաց հանքավայր ունենք Ջաջուռում, որը թեպետ ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանում մեծ սպառում չունի, սակայն ինչ-որ մեկի բիզնեսն էլ ծաղկում է այս ածուխը Վրաստան արտահանելու ճանապարհին: Երկաթով հարուստ Կապանի եւ Հրազդանի հանքավայրերի շահագործման համար արդեն իսկ հայտեր են ներկայացվել եւ ժամանակին այդ հանքաքարի մշակման համար մայրաքաղաքում կառուցված «Մաքուր երկաթ» գործարանը հումքի պակաս այլեւս չի զգա: Շինանյութերի առումով Հայաստանի պաշարները նույնպես անսպառ են գնահատվում, որը շահագործվում է տեղական պատգամավորների «ուժերով»: Պետական պաշտոնյաներին հանքավայրերի խելամիտ շահագործման մասին ուղերձներ ուղղելն այնքան էլ շնորհակալ գործ չէ, քանի որ երկրի ընդերքի շահագործումից առաջացած շահույթների «արջի բաժինը» հենց իրենցն է: