Ժողովրդավարական երկրների կառավարություններն ու ղեկավարները չափազանց հանդուրժող են Ռուսաստանի նախագահի եւ նրա ռեժիմի նկատմամբ։ Նրանք վարկաբեկում են իրենց՝ խճճվելով կրկնակի ստանդարտների քաղաքականության մեջ։ Օրինակ՝ նրանք Ռուսաստանին ավելի լավ են վերաբերվում, քան Բելառուսին, այն դեպքում, երբ երկու յադ ռեժիմների միջեւ տարբերությունն այնքան էլ մեծ չէ։
Եթե ավելի հեռուն նայենք, այդօրինակ պրագմատիզմը՝ սկզբունքների առեւտուրը գազի կամ նման բաների դիմաց, դատապարտված է անհաջողության։ Ռուսաստանն ավելի ժողովրդավար չէ, քան Բելառուսը։ Երկուսում էլ կիրառվում են նույն հանցավոր մեթոդները։ Բայց սա Արեւմուտքին չի հուզում։ Արեւմուտքն արջի ծառայություն է մատուցում ռուսներին։
Արեւմուտքն ավելի շուտ պետք է բացեր աչքերը։ Հիմա էլ, չեմ կարծում, թե Արեւմուտքում հասկանում են Ռուսաստանում տեղի ունեցածը։ Կրեմլի միջամտությունն Ուկրաինայի նախագահի ընտրություններին պետք է առիթ տար լուրջ հետաքննության։ Լուրջ հետաքննություն պիտի արվեր նաեւ Վիկտոր Յուշչենկոյին դիոքսինով թունավորելու հարցում։ Դա այնքան ակնհայտ էր, որ Արեւմուտքը չէր կարող չնկատել։ Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց իրադարձությունների խորը վերլուծություն անելու Ռուսաստանի անկարողությունը եւ ամենուրեք «թշնամական դավադրություն» տեսնելու սովորությունը։ Արեւմուտքը պետք է արձանագրեր, որ հոգու խորքում Ռուսաստանն իրեն միշտ էլ թշնամի է համարել։
Պուտինի Ռուսաստանը ձգտում է ընդլայնել իր ազդեցության ոլորտները Եվրամիությունում։ Դա մասնավորապես արվում է «էներգետիկ դիվանագիտության» շնորհիվ, այդ խայծը բազմաթիվ եվրոպական երկրներ են կերել։ Երկրորդ «գաղտնի» զենքը հակաամերիկանիզմն է եւ այն ամենն, ինչ մեզ կբաժանի Ամերիկայից։ Մենք չպետք է տրվենք այդ խայծերին։ Մենք, որ ապրել ենք խորհրդային լծի տակ, կարող ենք մեր փորձը փոխանցել Արեւմտյան Եվրոպայի մեր ընկերներին։