Անյա տատի սենյակից մահվան հոտ է գալիս

03/05/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Անյա տատիկի ընտանիքը դաջվել է դառը հիշողությունների իմ պահոցում ու, երբ այդ դառը հիշողությունն արթնանում է` ես վախենում եմ, մարմնովս սարսուռ է անցնում:

«Սարսափելի ծանր վիճակում են, դրանք կմեռնեն, չեն դիմանում»,- լսափողի մեջ արձագանքում է Անյա տատի հարեւանուհու դողդողացող ձայնը: Վախենում եմ, դառը հիշողությունը կրկին թարմանում է, ու գիտեմ, որ պատմությունը կրկնվում է: 2006թ. նոյեմբեր ամսին հրապարակած՝ «Առանց խղճի խայթի» հոդվածն Անյա տատիկի ամուսնու` Ռոման Սամսոնովիչի մասին էր: Անկողնային հիվանդ տարեց այդ մարդն իմ այցելության պահին երկու ձեռքով գլուխը բռնելով ցավից իրեն ծեփում էր պատին: Բաքվի փախստական Ռ. Սամսոնովիչն իրենց ծանր կենսակերպին չէր դիմանում, կաթված էր ստացել ու գամվել անկողնուն: Նրանց սենյակից սպեցիֆիկ հոտ էր գալիս, գլուխս պտտվում էր, իսկ երբ հասկացա, որ այդ հոտը նման է մահվան հոտին` դուրս փախա: Չանցած մի քանի շաբաթ` Ռոման Սամսոնովիչը մահացավ:

Անյա տատի հարեւանուհու հեռախոսազանգն ինձ վախեցնում է, որովհետեւ պարտադրված եմ նորից գնալ արդեն մահացած Ռոման Սամսոնովիչի տուն: Հարեւանուհին՝ ուղեկցելով, դուռը բացում է: Կեսօրին Անյա տատիկը, աղջիկը` Ալինան եւ տղան` Ֆաիգը, կծկվել են կոտրված մահճակալների կեղտից սեւացած փալասների մեջ ու հայացքներն ուղղել են անորոշ մի կետի: Սպասելիքներս, թե Ռոման Սամսոնովիչն իր հետ մահվան հոտն էլ տարած կլինի` զուր են, սոսկալի գարշահոտում է: Հարեւանուհին նկատում է սրտխառնոցից առաջացած սփրթնած գույնս: «Ալինա ջան, դուռն ու պատուհանը բաց արա, հա՞»,- ասում է նա: Հարցնում եմ` ի՞նչ է պատահել: Անյա տատը պատասխանում է` «Մեր նման մարդկանց հետ էլի՞ պատահելու բան կա: Աղջիկս, չենք դիմանում, մեր կյանքը դժոխք ա»: Տեւական ժամանակ է, ինչ նրանց սենյակը հոսանքազրկվել է, դրա համար էլ փախստականների հանրակացարանի նրանց սենյակում առավոտից իրիկուն մշտապես խավար է: Մեկ շաբաթ առաջ Անյա տատն այդ մթության մեջ դանակով ինչ-որ բան է կտրել ու քանի որ դժվարությամբ է ձեռքերի մեջ եղածը տեսել` կտրուկ շարժում անելիս դանակն աչքն է մտել: Հարեւաններն անմիջապես տարել են Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոց, վիրահատել են: Անյա տատը մի աչքի տեսողությունից զրկվել է, սակայն շուտով երկրորդ վիրահատություն պետք է կատարեն: Ասում են՝ հնարավոր է՝ տեսողությունը վերականգնվի: «Կյանքի դաժան հարվածներին էդքան դիմակայեցի, բայց վերջում իմ հարվածով աչքս հանեցի»,- ասում է տարեց կինը, ով այլեւս բառեր չի գտնում բացատրելու համար, որ չեն դիմանում առանց լույսի: Ասում է, որ ձմռանը հոսանքով են տաքացել, դրա համար էլ մինչեւ օրս չեն կարողանում մարել պարտքերը: Էլեկտրիկը չի համաձայնում հոսանքը միացնել` պատճառաբանելով, որ 19.650 դրամ պարտքը պետք է մարեն: Աչքը վնասելուց առաջ Անյա տատն առավոտից իրիկուն քրքրում էր փողոցների աղբարկղերը, որպեսզի իրենց պիտանի իրեր գտներ: Ասում է, որ աղբանոցներից դուրս բերած շշերը հանձնում ու հացի փող էր վաստակում: Երբեմն էլ՝ պիտանի հագուստ էր գտնում ու տուն բերելով՝ այն լվանում, օգտագործում էր: «Պատահել ա, որ ուտելիքներ էլ ա բերել, ասենք` չոր հաց-մաց: Որ տեսնես, թե էս ոտքի վրա մահացող կինը ոնց ա փորփրում զիբիլի յաշիկները, լացդ կգա»,- վկայում է նրա հարեւանուհին: Անյա տատն աչքի վիրահատության պատճառով ներկայումս չի կարող կատարել աղբանոցները քրքրելու ամենօրյա իր աշխատանքը, դրա համար էլ քաղցած են մնում: Հարցնում եմ` «Էսօր սնվե՞լ եք»: Ալինան կաշկանդվելով պատասխանում է` «Ես ամեն օր դեղ եմ խմում, պիտի հաց ուտեմ, նոր խմեմ: Մամա Աննան ջրի մեջ մակարոն ա լցրել, բայց սիրտս խառնում ա, չեմ կարում ուտեմ»,- ասում է Ալինան ու մատնացույց անում սեղանին դրված թասի սպիտակ զանգվածը, որն ավելի շատ նման է անասնակերի: Ալինան ու Ֆաիգը տառապում են հոգեկան հիվանդությամբ, երկուսն էլ հանգստացնող դեղորայք են օգտագործում: Հարեւանուհին խոսակցությանը միջամտում է. «Իրանք 1988թ.-ին են եկել ստեղ: Մինչեւ գալը Բաքվում դաժան ծեծի են ենթարկվել: Էդ խառը մոմենտներն ա եղել: Անյայի աղջկան ու տղային ադրբեջանցիները ծնողների աչքի առաջ էնքան են ծեծել, որ սատկացրել են: Երկուսի գլխին էլ ծանր հարվածներով խփել են: Ալինայի գլխին շատ են խփել, Հայաստան գալուց հետո, իմիջիայլոց, իրանց գալուց 3 օր հետո էլ երկրաշարժը եղավ, Ալինան խելագարվեց, հետո էլ Ֆաիգը»: Ալինան երազկոտ հայացքով հիշում է Բաքվի իրենց 3 սենյականոց բնակարանն ու նորովի զննելով խորդանոցի նմանվող՝ ներկայիս իրենց սենյակը` մի պահ ցնցվում է: Բարկացած ասում է` «Չեմ ուզում հիշել Բաքուն: Հիմա ես հիվանդացել եմ, մեկ-մեկ թուլանում եմ, ներվերս չեն դիմանում էս սովին ու աղքատությանը: Դեղն ինձ մի քիչ հանգստացնում ա, թե չէ` հունից դուրս եմ գալիս»: Ալինայի զայրույթը մեղմելու համար խոսակցության թեման փոխում ենք, ու պատմում է, որ ինքը երաժշտական կրթություն ունի: «Կուզենայի մի տեղ գնայի, նվագեի, մի քիչ էս վատ մտքերից ցրվեի»,- ասում է նա, իսկ Ֆաիգն ընդհանրապես չի խոսում: Երեսը թեքել է դեպի պատուհանն ու ձեւացնում է, թե իրեն չի հետաքրքրում խոսակցությունը: Ֆաիգն ուզում է, որ րոպե առաջ իրենց սենյակն ազատեն, որպեսզի անկողին մտնի, ոչ մի բանի սիրտ չունի:

Ալինան ստանում է 6500 դրամ հաշմանդամության թոշակ, իսկ Անյա տատն՝ 9000 դրամ կենսաթոշակ: 15.000 դրամ եկամտով ապրող այս ընտանիքն ապրում է այն հույսով, թե ուր որ է՝ «Հայխնայբանկում» պահ տված իրենց ավանդը կվերադարձնեն ու ժամանակին «խնայած նեղ օրերի» ռուբլին իրենց լույս կտա: «Ախր հերթագրվածներից բոլորին տվել են, անգամ ինձնից հետո հերթի միջի մարդկանց են տվել: Էս ի՞նչ օրենքներ են, էս ի՞նչ կարգեր են: Էս սպասումն էլ մի կողմից ա մեզ սպանում: Մարդ բանկում փող ունենա ու սովից ու մթից կիսամեռ վիճակով ապրի՞»,- տանջահար գլուխը ափերի մեջ առնելով բղավում է Անյա տատիկը:

Անյա տատիկը, Ալինան ու հարեւանուհին իրար հերթ չտալով՝ անընդհատ նոր բաներ են պատմում, որոնք ճնշող ու ծանր են: Մյուս կողմից էլ՝ սենյակի սպեցիֆիկ հոտը թույլ չի տալիս բառերի ու պատմածների վրա կենտրոնանալ: Դուրս եմ գալիս, բոլորն անմիջապես կանգնում են, որ վայրկյան առաջ անկողին մտնեն: Նրանք ողջ են, բայց օրերը հաղթահարում են մինչեւ մահը մոտենա: Անյա տատի սենյակից մահվան հոտ է գալիս: