Լավ է այնտեղ, ուր մենք չկանք

03/05/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերջին լքողը պարտավոր է չմոռանալ հանգցնել օդանավակայանի լույսերը: Այս սեւ հումորն անում էին դեռեւս 1990-ականներին: Վերջերս այդ թեւավոր խոսքը հիշել էր ծանոթներիցս մեկը, ով մի քանի ամիս առաջ՝ վաճառելով Երեւանի կենտրոնում գտնվող իր բնակարանը, մտադրվել է ամբողջ ընտանիքով հաստատվել Ֆրանսիայում:

Նա լսել է, որ այնտեղ Հայաստանի տարվա շրջանակներում հայերը հայտնվել են արտոնյալ ազգի կարգավիճակում: Այլ կերպ ասած, Ֆրանսիան դռները բացել է ու ասում է` «հայեր, էստի համեցեք»: Իհարկե, սա հեռու է իրականությունից, հակառակ դեպքում Հայաստանում մարդ չէր մնա, եւ վերջին մեկնողն էլ, անկասկած, ուրախությունից կմոռանար օդանավակայանի լույսերը հանգցնել: Իշխանությունների կողմից ժամանակ առ ժամանակ ներկայացվող այն տեղեկատվությունը, թե վերջին մի քանի տարիներին երկրում մեկնողների եւ վերադարձողների դրական սալդո է նկատվում, հալած յուղի տեղ չենք կարող ընդունել, որովհետեւ սահմանային անցակետերում մեկնողների հստակ հաշվառման համակարգ գոյություն չունի, եւ հայտնի չէ, թե մեկ անձը քանի անգամ է տարվա մեջ ելումուտ արել, եւ մեկնողն արդյոք հաշվառումից դո՞ւրս է եկել, թե՞ ոչ: Ինչեւէ, սա այլ խոսակցության թեմա է: Մասնագետների դիտարկմամբ, միգրացիան անկառավարելի երեւույթ է: Երկրում խորացող անգործությունն ու աղքատությունը ստիպում են մարդկանց տարբեր խմբերի մտածել՝ ժամանակ առ ժամանակ լքել Հայաստանը եւ հուսալի միջնորդով հայտնվել որեւէ եվրոպական երկրում: Հայ միգրանտներին քաղաքակիրթ աշխարհի ցանկացած վայր «ուղեկցող» միջնորդն ասում էր, որ ինքն այս գործն անում է 1995թ. եւ դեռ իրենից դժգոհողներ եւ վերադարձողներ չեն եղել: Հուսալիության երաշխիքը, նրա ասելով՝ արտերկրում տուրիստական վիզայով մեկնողին սպասող պրոֆեսիոնալ իրավաբանն է եւ այն 5000 դոլարը, որը վճարվում է ծառայության դիմաց:

«Դժվարությունները տանը ոչ մի կերպ չի կարելի համեմատել այն դժվարությունների հետ, որ սպասվում են արտերկրում»: «Տանը դուք ազատ եք, ունեք ընտրության իրավունք»: «Մի կարծիր, թե արտասահմանում քեզ ոսկե սարեր են խոստանում, ճամպրուկները հավաքելուց առաջ պատկերացում ունեցիր, թե ուր ես գնում»: Այսպիսի ձեւակերպումներով թռուցիկներ է բաժանում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) նախաձեռնությամբ այս տարի հունվարից իրականացվող Միգրացիայի ռեսուրս կենտրոնը: Ծրագրի շրջանակներում կարելի է ստանալ անվճար խորհրդատվություն եւ կողմնորոշվել՝ արժե՞ արդյոք լքել քաղաքացիության պատկանելության երկիրը: Ապօրինի միգրացիան կանխելու եւ օրինական միգրացիան խթանելու ուղղությամբ ծրագրերը մեզանում նորություն չեն: Թե որքանով են դրանք նպաստում անօրինական միգրացիայի կանխմանը՝ դժվար է ասել: Կենտրոնի տնօրեն Ռոբերտ Գասպարյանն ասում է, որ յուրաքանչյուրն անձամբ է կայացնում սահմանադրությամբ ամրագրված իր տեղաշարժվելու իրավունքը, եւ այն անձը, ով որոշել է մեկնել երկրից, այնուամենայնիվ, դժվար է փոխում իր մտադրությունը: «Նպատակաուղղված երկիր անօրինական ճանապարհով հասնելու համար հայտնի են մի քանի երթուղիներ, օրինակ, Չեխիայի հանրապետության հարավային սահմանով միգրանտները մի կերպ հասնում են Ավստրիա, իսկ անտառներով եւ լեռնային տարածքներով` Գերմանիա եւ Լեհաստան, իսկ Լեհաստանից Գերմանիա անցնում են լեհական Ռեյն գետը լողալով: Մեծ թվով ապօրինի միգրանտներ սահմանն անցնում են մեքենայի բեռնախցիկներով, գնացքի վագոնների տանիքներով` միաժամանակ ստիպված լինելով քնել անտառներում եւ լողալով անցնել գետերը: Մենք փորձում ենք բացատրել, թե մարդկանց այնտեղ ինչ է սպասվում, քանի որ բարեկամներից եւ միջնորդներից լսածը չի համապատասխանում իրականությանը»,- ասում է Ռ. Գասպարյանը: ԵԱՀԿ տվյալներով, հայ միգրանտների 80%-ը մեկնում է Ռուսաստան: Իսկ 2006թ. ՄԱԿ-ի Փախստականների գծով հանձնակատարի (ՓԳՀ) ժնեւյան գրասենյակի առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանից ապաստան հայցողների թվով Ֆրանսիան առաջավոր դիրքերում է: Ռ. Գասպարյանն ասում է, որ այդ փաստը պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայի կողմից վարվող ներկայիս միգրացիոն քաղաքականությունն ավելի լիբերալ է, սակայն տարիներ շարունակ ապրելով տվյալ երկրում, շատ դժվար է լինում մարդկանց՝ օրինականացնել մշտական բնակության իրավունքը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ անգամ 5-6 տարի Եվրոպայում ապրելուց հետո մարդիկ ստիպված են լինում վերադառնալ հայրենիք: Օրինակ, մոտ օրերս Միգրացիայի ռեսուրս կենտրոն դիմած 28 տարեկան երիտասարդը Ռ. Գասպարյանին խոստովանել է, որ Եվրոպայում ապրողների մեծ մասը շատ վատ պայմաններում են, պարզապես, շատերն ամաչում են զանգել եւ իրենց հարազատներին ասել տխուր իրականությունը: Հիմնական պատճառը, Ռ. Գասպարյանի կարծիքով, այն է, որ մեկնողները Հայաստանում վաճառելով իրենց բնակարանը` այրել են հարազատ երկրի հետ ունեցած վերջին կամուրջը: Միջազգային վիճակագրությամբ, ներկայումս ամբողջ աշխարհում ապրում են 170 մլն միգրանտներ, որոնց մեջ գերիշխում են աֆրիկյան երկրների քաղաքացիները: Գաղթելու մեր հոգեբանությամբ հայերն էլ չեն զիջում սեւամորթ աֆրիկացիներին: Իզուր չէ, որ ասում են. լավ է այնտեղ, ուր մենք չկանք: Իսկ մի՞թե կա մի երկիր, որտեղ հայի «սուրբ» ոտքը չի եղել: «Ես չեմ հավատում, որ այսօր Հայաստանում, մանավանդ՝ Երեւանում, հնարավոր չէ աշխատանք գտնել: Միգուցե քիչ վարձատրվող, միգուցե ցածր որակավորման աշխատանք, բայց այն հնարավոր է գտնել, ուղղակի բարձրագույն կրթությամբ մարդու համար գոյություն ունի հոգեբանական մեծ արգելք, ասենք, շինարարությամբ զբաղվելը, որն արտասահմանում նույն մարդիկ անարգել անում են»,- նկատում է Միգրացիայի ռեսուրս կենտրոնի տնօրենը: