Ի պաշտպանություն «Դաշինքի»

29/04/2007

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող եւ «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանը կոչ է անում մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության օգտին: Հայաստանում սահմանադրական կարգը փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով անցած տարվա դեկտեմբերից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի` «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Կոչ եմ անում մեր ժողովրդին, առողջ քաղաքական ուժերին, իմ ընկերներին ու համախոհներին, որոնք մտահոգ են Արցախի ու Ջավախքի ապագայով, համախմբվել այն ուժի շուրջ, որի ղեկավարը հանդիսանում է հայրենի տարածքների ազատագրման ու պահպանման գլխավոր կազմակերպիչը, աջակցել «Դաշինք» կուսակցությանը եւ նրա առաջնորդ Սամվել Բաբայանին, որն ազատագրական պայքարի ամենադժվարին օրերին հանդգնեց ստանձնել բանակի հրամանատարության պատասխանատվությունը»: