Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունը ստիպված էր հրաժարվել Քրիսթին Ուիթլիի թեկնածությունն առաջադրելուց, այն բանից հետո, երբ պարզվեց, որ ինչ-որ ժամանակ նա Փարիզում պոռնկությամբ է զբաղվել։
55-ամյա Քրիսթին Ուիթլին ավարտել է Օքսֆորդի համալսարանը եւ վերապատրաստում անցնելուց հետո փաստաբան էր Լոնդոնի դատարաններից մեկում։ Նա պատգամավորության թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների յոթ հոգանոց ցուցակի միակ կինն էր։
Կուսակցության ղեկավարները ցուցակից ջնջեցին Ուիթլիին՝ տեղական թերթին տված հարցազրույցից տեղեկանալով նրա անցյալի մասին։
«Այո, ես զբաղվել եմ պոռնկությամբ եւ չեմ ամաչում դրա համար,- ասել էր Ուիթլին։ -Դա մինչեւ նորմալ աշխատանք գտնելս էր։ Ես մեկնեցի Փարիզ` գրպանումս 300 ֆունտ ունենալով, եւ, բնականաբար, ինձ փող էր պետք»։
«Շատ ուրախ էր։ Ես այդ ժամանակ գրավիչ երիտասարդ կին էի եւ ապրում էի Սենայի ձախ ափին։ Հաճախ էի նստում Սուրբ Միշելի բուլվարի կաֆեում։ Դա այնքա՜ն ռոմանտիկ էր։ Ինձ մոտենում էր ինչ-որ երիտասարդ ֆրանսիացի եւ հարցնում. «Որեւէ բան կխմե՞ս»։ Ես ասում էի՝ չեմ հրաժարվի մի բաժակ սուրճից։ Հետո հարցնում էի. «Ուզո՞ւմ ես զբաղվել սեքսով»։ Երիտասարդները միշտ ասում էին՝ հա։ Եվ ես հարցնում էի՝ իսկ փող ունե՞ս։ Եվ մենք գնում էինք հյուրանոց»։
«Դա իսկական ֆրանսիական սեր չէր, ամեն ինչ տեւում էր մի քանի րոպե, բայց ես չեմ ամաչում դրա համար։ Հետո ստիպված էի հանրագիտարանների վաճառող աշխատել Գերմանիայում, ա՛յ, դրա համար ամաչում եմ։ Թեկնածուների մեջ կան միայնակ մայրեր, արվամոլներ, լեսբուհիներ, այս դեպքում ինչո՞ւ սեքս-ինդուստրիայում ներգրավվածները չեն կարող լինել թեկնածու»։
Իր ինքնակենսագրականում Քրիսթին Ուիթլին հիշատակել էր Փարիզում ապրելը, սակայն չէր գրել, թե ինչով է զբաղվել այնտեղ։