Երեկ ԵՊՀ-ում անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցի արդեն հայտնի առանձնազրույցին, որի ձայնագրությունն օրերս հրապարակվել էր մամուլում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է»: Միաժամանակ Քոչարյանը չի կարծում, թե պետական մարմինների համար ճիշտ ճանապարհը կլինի ինչ-որ կոշտ դրսեւորումներով հանդես գալը: Ա. Բաղդասարյանն իր հերթին անընդունելի եւ դատապարտելի է համարել Ռ. Քոչարյանի այս հայտարարությունը՝ «Ազատությանն» ասելով. «Դավաճանները բոլոր նրանք են, ովքեր կեղծում են ընտրությունները, ովքեր խայտառակ են անում հայրենիքը»:
Հետաքրքիր զուգադիպությամբ՝ թե՛ Ռ. Քոչարյանի, թե Ա. Բաղդասարյանի մոտեցումներն այս հարցում նույնն են. Քոչարյանը, չգիտես ինչու, խնայում է «դավաճան» Բաղդասարյանին ու նրա նկատմամբ կոշտ մոտեցումներ դրսեւորելը համարում է ոչ ճիշտ, իսկ Բաղդասարյանն էլ, չգիտես ինչու, խնայում է իշխանություններին ու նրանց դատի չի տալիս իրեն զրպարտելու համար: Պարադոքսն այն է, որ երկու կողմի հիմնավորումներն էլ ճիշտ են. հա՛մ օտարերկրյա դիվանագետի հետ ծպտյալ խաղեր տվողն է դավաճան, հա՛մ էլ ընտրություններ, եւ, ինչո՞ւ ոչ՝ հանրաքվե կեղծողները: Ընդ որում՝ Ա. Բաղդասարյանը մտնում է վերոնշյալ երկու կատեգորիաների մեջ: