Խոչընդոտում են միայն երիտասարդ կողմնակիցները

29/04/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը երեկվա ասուլիսում արձանագրեց, որ նախընտրական քարոզարշավի առաջին փուլը, որն, ըստ նրա, ավելի շատ նախապատրաստական է, սահուն անցնում է դեպի երկրորդ փուլ:

Իսկ ո՞րն է քարոզարշավի առաջին՝ նախապատրաստական փուլի՝ ԱԺԿ նպատակը: «Դա շատ լավ արտահայտված է այն քարոզչական նյութում, որը մենք սկզբնական շրջանում բաժանել ենք»,- պարզաբանեց Շ. Քոչարյանը: Իսկ քարոզչական նյութերի հիմնական իմաստը, ԱԺԿ նախագահի հավաստմամբ, ժողովրդի մոտ սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնումն է: Շ. Քոչարյանը նշեց, որ իր համար անընդունելի են պետական քարոզչամեքենայի կողմից տարածվող այն լուրերը, թե ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են, եւ, որ անիմաստ է ընտրություններին մասնակցելով ինչ-որ բան փոխել: «Այդ իմաստով մենք արձանագրում ենք հաջողություններ, գնալով աճում է այն մարդկանց թիվը, որոնք պատրաստվում են մասնակցել ընտրություններին»,- նշեց նա` ավելացնելով, որ այս փուլում ԱԺԿ-ի հիմնական շեշտադրումը լինելու է բուն կուսակցության ծրագրային քարոզչությունը:

Վերջին օրերին տեղի ունեցող բոլոր ասուլիսներում, անկախ նրանից, թե ով է բանախոսը, արդեն ավանդույթ է դարձել շոշափել նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի անունն ու նրա հրապարակած թվերը: Բնականաբար, հարց հնչեց նաեւ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած սոցհարցումների արդյունքներին հավատալ-չհավատալու մասին: Ի տարբերություն «ԺՈՒԿ» նախագահ Մանուկ Գասպարյանի, Շ. Քոչարյանն ավելի զուսպ գտնվեց` ասելով. «Մենք հավատում ենք միայն ժողովրդին, հավատում ենք այն պատկերացումներին, որոնք մեզանում ձեւավորվում են ուղղակի շփումների ժամանակ, իսկ ինչ վերաբերում է սոցիոլոգիական հարցումներին, ապա մենք բոլորը հաշվի ենք առնում, բայց առաջին հերթին հավատում ենք ժողովրդին եւ մեր ուժերին»: Շավարշ Քոչարյանն ավելորդ չհամարեց հայտարարել, որ իրենց հավակնությունները շատ ավելի մեծ են, քան 5%-ը: Նա վստահեցրեց, որ ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ էական խոչընդոտներ չեն նկատվել, սակայն կան այս կամ այն կուսակցության երիտասարդ կողմնակիցներ, ովքեր չափից շատ ակտիվություն են ցուցաբերում: «Լուրջ խոչընդոտների, որոնք մեզ կխանգարեին, քարոզարշավի ընթացքում չենք հանդիպել»,- վստահեցրեց Շ. Քոչարյանը` հիշեցնելով, որ համաձայն քարոզչական իրենց ոճի` քարոզարշավի ընթացքում ժողովրդին իրենց մոտ հրավիրելու փոխարեն իրենք են գնում ժողովրդի մոտ:

Ասուլիսի մասնակից «Ավանդույթ եւ առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ մեր բնակչությունը զգայուն կերպով հետեւում է քարոզարշավի ընթացքում հնչեցված հայտարարություններին ու խոսքերին: «Հանդիպումների ժամանակ ուղղակի հարց են տալիս` այսինչ կուսակցության այսինչ անձի հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանը, ինչպե՞ս եք գնահատում: Ինձ համար սա լակմուսի թուղթ է, որ մարդիկ ռեալ սպասելիք ունեն առաջիկա ԱԺ-ից: Իրենց լսելիքը համեմատում են իրենց իրական կենսավիճակի հետ»,- ժողովրդի հետ իրենց շփումների գնահատականը տվեց Հ. Խառատյանը: