Երեկվա ասուլիսում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի միջեւ տեղի ունեցած զրույցի գաղտնալսումներին, եւ Բաղդասարյանի հասցեին հնչած` «ազգային դավաճան» որակմանը՝ ասաց. «Նախ գաղտնալսումը հակասահմանադրական է: Ինչ վերաբերում է կոնկրետ Ա. Բաղդասարյան քաղաքական գործչին, ապա մեր գնահատականը տալու համար ես կցանկանայի ուղղակի նրան հրավիրել ուղիղ եթեր: Եթե ինքը համարձակվի գալ ուղիղ եթերի՝ ես շատ ասելիք ունեմ: Այժմ կարող եմ ընդամենը երկու բան նշել. ցավալի է, որ երկրում կան խաբված ավանդատուներ: Այո՛, դա պետության մեղքն է, բայց կրկնակի ցավալի է այն հանգամանքը, որ հիմա երկրում կան կրկնակի խաբված ավանդատուներ»,- ասաց Շ. Քոչարյանը` հավելելով, թե եվրոինտեգրացումը, որի մասին քաղաքական գործիչները, այդ թվում նաեւ՝ Ա. Բաղդասարյանը, խոսում են, պետք է լինի քաղաքական ուժի, քաղաքական գործչի էությունը: Որպես օրինակ, նա հիշեցրեց ապրիլի 12-ի հայտնի դեպքերը. «Ապրիլի 12-ից հետո ԵԽ ԽՎ նախագահն արեց այն, ինչ պետք է անի այն մարդը, որն, իրոք, ժողովրդավարության արժեքային համակարգի կրողն է: Նա կոչ արեց, որպեսզի իր պատգամավորը, խոսքը վերաբերում է իմ անձին, ազատվի անհապաղ, եւ ես ազատվեցի: Հայաստանի ԱԺ այն ժամանակվա խոսնակ Արթուր Բաղդասարյանը ոչ միայն այդպիսի կոչ չարեց, այլեւ ԱԺ ամբողջ տարածքը տրամադրեց զորքերին ու այն դարձրեց զորանոց: Երբ ինձ ձերբակալել էին, ԱԺ ձերբակալված պատգամավորին առաջին հերթին տարել էին հենց ԱԺ տարածք: Սա շատ հստակ ապացույց է, թե ինչ է նշանակում իրականում լինել ժողովրդավար եւ ինչ է նշանակում ժողովրդավար ձեւանալ՝ շահելու համար թե՛ Արեւմուտքի, թե՛ ժողովրդի հեղինակությունը»: Այդուհանդերձ, Շ. Քոչարյանը հրաժարվում է «ազգային դավաճանություն» որակումը տալ Ա. Բաղդասարյանի արարքին միայն այն պատճառով, որ «նյութը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով»: