Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը սպառնացել է մեծ տուգանքների տակ գցել օդերեւութաբաններին, ովքեր մայրաքաղաքի եղանակի ոչ ճիշտ կանխատեսումներ են անում։ Դա խախտում է քաղաքի եւ նրա բնակիչների բնականոն կյանքը։ «Մենք վճարում ենք եւ պետք է ստանանք որակյալ ապրանք։ Դրա փոխարեն, դուք (օդերեւութաբանները) մեզ տալիս եք, ներեցեք ոչ պառլամենտական արտահայտության համար, ինչ-որ տուֆտա։ Եթե դուք չհամաձայնեք ստորագրել պայմանագիր այն մասին, որ սխալների համար պետք է վճարեք, ես չեմ վճարի ոչ մի կոպեկ»,- ասել է քաղաքագլուխը։
Վերջին սխալ կանխատեսումը եղել է հունվարի վերջին, երբ ոչ ոք չասաց, որ Մոսկվայում ձնաբուք է լինելու։ Այդ ժամանակ դադարեցվեց երթեւեկությունն ու փակվեցին օդանավակայանները։ Իսկ անցած շաբաթ, չգիտես ինչու, ջերմաչափը մինուս հինգի փոխարեն ցույց էր տվել մինուս տասնչորս։ Քաղաքագլխի հարվածի տակ ընկած օդերեւութաբանները փորձեցին պաշտպանվել՝ պատճառաբանելով, թե գիտության ու տեխնիկայի նվաճումները դեռեւս հնարավորություն չեն տալիս անելու 100 տոկոսանոց կանխատեսումներ։
Այսուհանդերձ, ճնշումները տեղին չեն։ Ավելի հեշտ է հաշվարկել ցեմենտի ամրությունը, քան` կանխատեսել եղանակը, հատկապես` վերջին տարիներին, երբ գլոբալ աղտոտումը հանգեցրել է կլիմայի եւ եղանակի զգալի փոփոխությունների։ Ինչ վերաբերում է Մոսկվայի քաղաքագլխին, ապա նա կարող է պատժել նաեւ աստղագուշակներին` ոչ ճիշտ հորոսկոպ կազմելու համար։