«Թույլ տվեք անցնել ճանապարհը»
Երբ Արաբկիր համայնքում գտնվող Հայաստանի կույրերի միավորման Ս. Շահնազարյանի անվան մշակույթի տան մոտակայքում մոտեցա միմյանց ուղեկցող նույն ճակատագրին արժանացած այս երկու ուղեկիցներին, իմ՝ «կարելի՞ է ձեզ հետ զրուցել» հարցադրմանը հետեւեց «Չեն էլ թողնում մարդիկ հանգիստ անցնեն փողոցը, թույլ տվեք անցնել ճանապարհը» պատասխանը: 65-ամյա Վիգեն Գալոյանը եւ 48-ամյա Զեփյուռ Փաշյանը ենթադրել էին, թե փողոցում իրենց ճանապարհ կտրողը հերթական Եհովայի վկան է: Նրանց հետ մեր զրույցի թեման խորհրդարանական ընտրություններն են եւ տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար նոր ընտրակարգը` հատուկ կաղապարների միջոցով, որոնք պետք է ապահովեն գաղտնի քվեարկություն: Վիգեն Գալոյանը 3 տարեկանից չի տեսնում եւ անգամ պատկերացում չունի գույների մասին: Ինչպես տեսողության խնդիրներ ունեցող բոլոր ընտրողները, տիկին Զեփյուռը նույնպես բոլոր նախորդ ընտրություններին մասնակցել է ուղեկցողի օգնությամբ: Նա կարծում է, որ իրենց դեպքում մեծ է խաբվելու հավանականությունը: «Կաղապարների գաղափարը շատ հարմար է»,- համոզված է նա: Զ. Փաշյանը վստահ չէ, որ հանձնաժողովի անդամները կկարողանան անկողմնակալություն ցուցաբերել, քանի որ, ըստ ԿԸՀ-ի թիվ 47 որոշման, հենց նրանք են պարտավոր քվեաթերթիկն այնպես տեղադրել, որ այն ճշգրտորեն համընկնի քվեաթերթիկի հետ: «Ասում են՝ օրենքը խախտելու համար դատ է հասնում, բայց ես ի՞նչ իմանամ, դու օրենքը խախտեցի՞ր, թե՞ ոչ»,- մտահոգ ասում էր Զեփյուռը: Այս նորամուծության հեղինակների հետ հանդիպման ընթացքում կույր ընտրողները մատնացույց են արել թերությունները, որոնցից մեկը, ըստ Զեփյուռի` V ձեւի անցքի թեքությունն է եղել: Ընտրողներն առաջարկել են այն ավելի հարմարավետ դարձնել, որպեսզի «գրիչը մեջից դուրս չգա»: Վիգենն ու Զեփյուռը մայիսի 12-ին անպայման մասնակցելու են ընտրություններին եւ արդեն կողմնորոշվել են, թե ում պետք է ընտրեն: Վիգենն ասում էր, որ իր նախընտրած քաղաքական ուժը համամասնական ցուցակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, եւ փնտրում էր մեկին, ով կարող էր գտնել իրենց ընտրատեղամասի` 4/9-ի, «իր կուսակցության իրավունքների պաշտպանին»: Իսկ Զեփյուռը, ով շտապում էր աշխատանքի (նա Հայաստանի կույրերի միավորման երգչախմբում է երգում), պատմում էր, որ այս օրերին քարոզարշավի ելած կուսակցությունները հաշմանդամներին գայթակղում են իրենց հավակնորդների մեծ բանակով: «Օրինակ, «Օրինաց երկիրն» ասում է, որ 6000 հաշմանդամ ունի: Ասենք, մեզ ցուցակագրել են որպես հավակնորդ, բայց մի բան է հավակնելը, մի այլ բան է ընտրելը»,- հավաստիացնում էր նա: «Սրանցից ամեն ինչ սպասելի է, բայց մեր անձնագրերը չենք տա ոչ ոքի»,- Զեփյուռին միջամտում է Վիգենը:
«Երեւալու է, որ կույր է ընտրողը»
Իսկ 72-ամյա Մարգարիտա Այվազյանը, ում հանդիպեցի արդեն Մշակույթի երկրորդ հարկում, սպասում էր այդ պահին շենքում տեղի ունեցող 4/9 ընտրատեղամասի հանձնաժողովի նիստի ավարտին, որպեսզի ներկա գտնվող կուսակցությունների ներկայացուցիչներին առաջարկի, որ մեծամասնական ընտրակարգով ներկայացված բոլոր 7 թեկնածուները միասին հանդիպեն եւ պատասխանեն իրենց հուզող բոլոր հարցերին: «Թե չէ՝ ամեն մեկը բակերում առանձին-առանձին գալիս է՝ խոսում ու գնում»,- դժգոհում էր տիկին Մարգարիտան: Ինչ վերաբերում է նոր կաղապարներին, ապա նա ասաց. «Իմ կուսակցության լավ տղաներն ինձ արդեն ծանոթացրել են, բայց այդ կաղապարների նկատմամբ այդքան էլ հավատ չունեմ: Ինչ-որ չափով դա գաղտնիությունը չի պահելու, որովհետեւ երեւալու է, որ չտեսնողի քվեաթերթիկ է: Ճիշտ է, չի երեւալու՝ Մարգո՞ն է, թե՞ Զարդարը, բայց երեւալու է, որ քվեարկողը կույր է»,- ասում էր տիկին Մարգոն: Որպեսզի չկեղծվի իր ձայնը, նա հակված է հավատալ ավելի շատ իր ուղեկցին, քան նորամույծ կաղապարին: «Օրինակ, եթե իմանան, որ այստեղ 5 կույր կա, որից 3-ը քվեարկել են ընդդիմության համար, կառավարությունը հետո կասի՝ թող նրանք էլ ձեր հարցերը լուծեն»,- հենց այս մտավախությամբ է Մ. Այվազյանը մերժում նոր ընտրակարգը: «Օտար փեսա չուզելով, ես միշտ այրի կմնամ: Չեմ սիրում ծառից ծառ թռչկոտողներին: Ես մարդ եմ ճանաչում, որ արդեն 7-րդ կուսակցության տոմս ունի գրպանում»,- նկատում է Մ. Այվազյանը, ով չի ցանկանում, որ լինեն այնպիսի կույր ընտրողներ, որ ասեն՝ իմ փոխարեն ինչ ուզում են, թող անեն: «Անկախ նրանից՝ այդ մարդը ԱԺ կգնա՞, թե՞ ոչ, ես պետք է իմանամ, որ իմ փոխարեն ուրիշն իմ ձայնը չի կեղծել: Ինչպե՞ս կարելի է ձայնը վաճառել մի պարկ կարտոֆիլով կամ 10 հատ ձվով, չեմ հասկանում»,- ընդդիմանում էր նվիրյալ ՀՀՇ-ականը, ով հպարտությամբ հայտարարում է, որ իր տոմսը 1113 համարն է` Վանո Սիրադեղյանի ստորագրությամբ: «Ես այն կուսակիցներից եմ, ով քննադատում է սեփական կուսակցությանը, եւ ուղղում է ընկերների սխալներն ու թերությունները»,- հավելում է 52 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կինը, ով միայն 45 տարի կույրերի հատուկ դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է աշխատում:
ԱՊՀ տարածքում առաջինն ենք
«Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը հավաստիացնում է, որ հանրապետության գրեթե 4000 կույր ընտրողների համար նախատեսված նոր ընտրակարգը IFES-ի (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ) հայաստանյան գրասենյակի վաշինգտոնյան ներկայացուցչի կողմից արված առաջարկ է, այլ ոչ թե սեփական նախաձեռնություն: Հակառակ ընտրողների այն թերահավատությանը, թե կաղապարներն ԱՊՀ տարածքում առաջինը Հայաստանում են կիրառվելու, Ս. Օհանյանը հավաստիացնում է, որ կաղապարներից կկարողանան օգտվել եւ՛ բրայլյան համակարգին տիրապետողները, եւ՛ նրանք, ովքեր չեն տիրապետում բրայլին: «Մենք փորձել ենք ստեղծել մի տարբերակ, որը պետք է բավարարի բոլորին»,- համոզված է ՀԿ-ի նախագահը: Նոր ընտրակարգը «Փարոսի» կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական եւ քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունների ստեղծում» ծրագրի բաղկացուցիչ մասն է: Ս. Օհանյանի կարծիքով՝ այն փաստը, որ չտեսնողները նախկինում ուղեկցողի օգնությամբ են քվեարկել, արդեն օրենքի խախտում է: Ծրագրի շրջանակներում ձայնագրվել են խոսող գրքեր եւ կույրերի միավորումներին տրամադրվել են փլեերներ: Մայիսի 12-ին հանրապետության մոտ 2000 ընտրատեղամասերում կլինեն մեկական հատուկ ստվարաթղթե կաղապարներ, իսկ այն տարածքներում, որտեղ կույրերի կուտակումներ են լինում, դրանց քանակը կհասցվի մինչեւ 30-50-ի: Ս. Օհանյանն ասում է, որ, ի սկզբանե, երբ շրջանառության մեջ է մտել կաղապարների գործածության գաղափարը, հայտնվել են որոշ մարդիկ, որ թերահավատորեն են վերաբերվել դրան` այն համարելով ավելորդ աշխատանք: Ծրագրի հակառակորդները հավատացած են, որ կույրերը չեն գնում ընտրության, որովհետեւ համոզված են, որ իրենցից ոչինչ կախված չէ: Իսկ Ս. Օհանյանը համոզված է, որ յուրաքանչյուր նորամուծության նկատմամբ նման ենթադրությունները ծնվում են վախի զգացողությունից: «Մենք ավելի շատ կախված ենք հին մեթոդներից, որոնք մեզ ոչինչ չեն տալիս: IFES միջազգային կազմակերպությունը եւ նրա հայաստանյան գրասենյակի ղեկավար Չեդոմիր Ֆլեգոն հավաստիացնում է, որ սա աշխարհում ընդունված տարբերակ է եւ 35 տարվա փորձ ունի»,- տեղեկացնում է Ս. Օհանյանը: Ծրագրի ամենակարեւոր քայլերից մեկը նաեւ հաշմանդամների համար թեքահարթակների կառուցումն է: «Թեքահարթակների քանակը չի բավականացնում, որ մենք ընտրությունները որակենք մատչելի: Մեր քաղաքը սարսափելի անմատչելի միջավայր է հաշմանդամների համար: Եվ միայն թեքահարթակներ կառուցելով՝ մենք մատչելի միջավայր չենք ունենա, այն պիտի լինի պետության ռազմավարությունը»,- համոզված է ՀԿ նախագահը: