Կարեւորն արյունահեղություն թույլ չտալն է

29/04/2007

«Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ոչ թե լարված հարաբերություններ են, այլ՝ չհայտարարված պատերազմական վիճակ»,- հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը՝ երեկ Բաքվում ելույթ ունենալով Եվրոպական երիտասարդական կազմակերպությունների համաժողովի բացմանը: Նա նշել է, որ Բաքվում համաժողովի անցկացման նպատակներից մեկն «օբյեկտիվության ապահովումն է ԼՂ-ի հակամարտության լուծման գործում»: «Ինչպես հայտնի է, եվրոպական երկրների հայկական սփյուռքը բավականին ուժեղ է, ես նույնիսկ կասեի, որ չափազանց ուժեղ է, ինչը չի կարելի ասել ադրբեջանական սփյուռքի մասին: Ուստի մենք կարեւորում ենք հակամարտության մասին երկուստեք տեղեկատվություն տրամադրելը, որպեսզի եվրոպական հանրակցությունը կարողանա տալ իր անաչառ գնահատականը»,- ասել է ադրբեջանցի նախարարը: Նա ընդգծել է, որ «ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը միակն է՝ հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով», եւ «դրանում կարեւոր դեր է հատկացվում երիտասարդական կազմակերպություններին»: Իսկ Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռումինիան միշտ էլ հանդես է եկել բոլոր միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: «Աշխարհում շատ են այդպիսի հակամարտությունները, օրինակ, ղարաբաղյանը, Աբխազիայի հետ Վրաստանի հակամարտությունը եւ ուրիշներ»,- նշել է Իլիեսկուն եւ հավելել, որ միջազգային հանրակցությունը պետք է օգնի բոլոր երկրներին՝ լուծելու հակամարտությունները: «Դրա համար շատ կարեւոր է հաշվի առնել երկրների տնտեսական, սոցիալական զարգացումը, քաղաքական հարաբերությունները, միջազգային հանրակցության ազդեցությունը բոլոր այս գործոնների վրա,- ասել է Ռումինիայի նախկին նախագահը,- Այս ամենը բնականոն պայմաններ կստեղծի հակամարտությունների լուծման համար»:

Այս օրերին Ադրբեջանում է գտնվում նաեւ Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Հիքմեթ Չեթինը: Նա երեկ հայտարարել է, որ «Հայաստանը սկսել է գիտակցել ԼՂՀ հակամարտության լուծման կարեւորությունը: Այսօրվա դրությամբ շատ կարեւոր է արյունահեղություն թույլ չտալը: Ընդսմին՝ անհրաժեշտ է հասնել խաղաղության ու համաձայնության: Դա ոչ մի այլ ուժ չի կարող անել, բացի ՀՀ-ից ու Ադրբեջանից»:

Մինչ տարբեր երկրների քաղաքական գործիչները խոսում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտության մասին, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ: