Հանուն զբոսաշրջության

29/04/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Զբոսաշրջության զարգացման մասին Ղարաբաղում վերջին տարիներին ավելի շատ են սկսել խոսել, քանի որ տարեցտարի զբոսաշրջիկների թիվն ավելանում է, իսկ հանրապետությունում այդ ոլորտի խնդիրների զգալի մասը դեռեւս մնում է չլուծված:

Հանրապետությունում լայն թափ է ստանում հյուրանոցների կառուցումը. հյուրանոցներ են կառուցվում ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլեւ Շուշիում եւ այլ բնակավայրերում: Այս երկու քաղաքներում ներկայումս մի քանի հյուրանոցների կառուցումը դեռեւս ընթացքի մեջ է: Դրանցից մեկի շինարարությունն արդեն ավարտին է մոտենում: Այն գտնվում է Ստեփանակերտի կենտրոնում` Ազգային ժողովի նորակառույց շենքին կից: Նույն մասում մեկ այլ հյուրանոց է կառուցում նաեւ «Սիրկապ Արմենիա» ընկերությունը: Հյուրանոցների հարցը կարծես թե լուծում է ստանում, ինչը չի կարելի ասել ենթակառուցվածքների մասին: Այս խնդիրը ոլորտի մասնագետները միշտ էլ շոշափում են, սակայն գործընթացը կարծես ավելի դանդաղ է ընթանում: Հայտնի է, որ Արցախի պատմամշակութային հուշարձաններ եւ տեսարժան վայրեր տանող ճանապարհները հիմնականում անմխիթար վիճակում են: Իսկ ի՞նչ է անում պետությունը եւ որքա՞ն գումար է տրամադրում ոլորտի զարգացմանը: ԼՂՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարությունից տեղեկացանք, որ 2007-ին պետական բյուջեով զբոսաշրջության զարգացման համար հատկացվել է 2 մլն դրամ: Ըստ ծրագրի, 640.000 դրամ նախատեսված է ԼՂՀ զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացման նպատակով ուղեցույց հանդիսացող բրոշյուրների կազմման ու հրատարակման համար, 200.000 դրամը` զբոսաշրջության գրավչության օբյեկտների տեղեկատվական բաժնի ստեղծման, 700.000 դրամը` ԼՂՀ մասին 10 րոպե տեւողությամբ վավերագրական կինոնկարի պատրաստման համար: 300.000 դրամի չափով գումար էլ կտրամադրվի ԼՂՀ-ն ներկայացնող լուսանկարների արխիվ ստեղծելու աշխատանքների համար, իսկ 160.000 դրամ կհատկացվի միջազգային եւ տարածաշրջանային զբոսաշրջային տոնավաճառներին ու ցուցահանդեսներին ԼՂՀ մասնակցության ապահովմանը: Զբոսաշրջության զարգացման համար միջոցառումներ կիրականացվեն նաեւ մասնավոր սեկտորի եւ դոնոր կազմակերպությունների միջոցներով, որոնք կիրականացնի «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը: Նախարարության տվյալներով, մոտ 308.000 դրամ նախատեսվում է «MITF-2007» Մոսկվայի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի համար:

Նախատեսվում է նաեւ ԼՂՀ զբոսաշրջային ռեսուրսները քարոզող տեսասկավառակի, կայք-էջի պատրաստում եւ շահագործում, ինչպես նաեւ «Karabakh Guide» գրքի ռուսերեն լեզվով վերամշակված տպագրություն:

Ընդհանուր առմամբ, մասնավոր սեկտորի եւ դոնոր կազմակերպությունների միջոցներով կիրականացվեն միջոցառումներ` շուրջ 7854.000 դրամի սահմաններում: