Թուրքմենբաշին բարկացել է

10/05/2005

Հունվարի 18-ին Մոսկվայի ճանապարհին մի «Ժիգուլի» սահելով դուրս էր եկել հանդիպակաց գիծ ու հարվածել «Վոլվո» մեքենային։ «Ժիգուլու» երկու ուղեւորից մեկը մահացել էր տեղում, իսկ մյուսն անգիտակից վիճակում հիվանդանոցում էր։ Հետաքննությունը պարզել էր, որ կատարվածը դժբախտ պատահար է։ Իսկ Նուրմուհամեդ Խանամովը հայտարարում է, որ դա քաղաքական սպանություն է։ Զոհերը Խանամովի երկու որդիներն էին։

Ո՞վ է Նուրմուհամեդ Խանամովը։ Նա Թուրքմենիայի կառավարության համար մեկ թշնամին է։ Ժամանակին ինքն էլ նախարար է եղել այդ երկրի կառավարությունում, հետո մոտ ութ տարի հայրենիքին ծառայել` որպես Թուրքիայում Թուրքմենստանի դեսպան։ 2002-ից խզել է բոլոր կապերն ինքնակալ նախագահ Սափարմուրատ Նիյազովի հետ, անցել ընդդիմության կողմն ու դարձել Թուրքմենստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ։ Այժմ նա արտասահմանից աշխատում է երկրի ժողովրդավարացման ուղղությամբ։ 2004 թվականին «Նարկոտրաֆիկ» ռուսական վավերագրական ֆիլմում Խանամովը բացահայտել է թուրքմենական իշխանությունների մասնակցությունը մաքսանենգ ճանապարհով Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի տեղափոխմանը։ Երկու ամիս առաջ ՄԱԿ-ը հռչակագիր է ընդունել, որով դատապարտել է նաեւ Աշգաբադի իշխանություններին։ Այս հռչակագրի ընդունմանը նպաստել է Խանամովի լոբբիստական աշխատանքը։ «Դրա համար նախագահ Նիյազովը վրեժ է լուծում»,- ասում է նա։

Խանամովը դեռ չի կարող ապացուցել, որ իր երկու որդիների մահը եղել է ոչ թե դժբախտ պատահարից, այլ` ահաբեկչության արդյունքում, բայց նա ունի բազմաթիվ փաստեր, որոնք չի կարելի անտեսել։ Առաջինը «Վոլվոյի» վարորդի ցուցմունքն է, համաձայն որի` «Ժիգուլուն» հանդիպակաց գիծ դուրս գալ ստիպել է հետեւից ընթացող մի բեռնատար եւ հատկապես այդ պատճառով է տեղի ունեցել վթարը։ Ռուս երկու լրագրող, ովքեր զննել են «Ժիգուլին», վկայում են, որ մեքենան ծռված է ոչ միայն կողքից, այլեւ` հարվածի հետքեր կան հետեւում։

Վթարից ոչ շատ առաջ Խանամովը հեռախոսով երկու զգուշացում է ստացել։ Մեկը Թուրքմենստանի նախկին արտգործնախարար Ավդի Կուլիեւից, ով հիմա ապրում է Մոսկվայում, մյուսը՝ «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության Միջին Ասիայի համակարգող Վիտալի Պոնոմարյովից։ Երկուսն էլ ասել են, թե Աշգաբադից տեղեկություն են ստացել, որ նախագահ Նիյազովը երկու հատուկ խումբ է ուղարկել, մեկը` Մոսկվա, մյուսը՝ Նիժնի Նովգորոդ։ «Ինձ խորհուրդ էին տալիս զգույշ լինել։ Ես զգուշանում էի, բայց որդիներիս մահը կանխել չկարողացա»,- ասում է Խանամովը։

Նախկինում եւս հայտնի են եղել տեղեկություններ օտարության մեջ գտնվող թուրքմեն ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող պատժիչ գործողությունների մասին։ Արտաքին գործերի նախկին նախարար Կուլիեւը ծեծի էր ենթարկվել հենց փողոցում, այլ մարդկանց հետ եւս նման բաներ պատահել են։

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունն ու Միջազգային Հելսինկյան Համադաշնությունն այս հարցով դիմել են Ռուսաստանի իշխանություններին, սակայն Խանամովը հույս չունի, թե կբացահայտվի ճշմարտությունը։ «Ես չեմ վստահում ռուսական արդարադատությանը,- ասում է նա։ -Նախագահ Վլադիմիր Պուտինն ուզում է կրկին մերձեցնել ԽՍՀՄ նախկին հանրապետությունները եւ Աշգաբադի հետ կոնֆլիկտի մեջ մտնելու ցանկություն չունի»։