«ՀՀԿ-ն, ունենալով առանցքային դերակատարում քաղաքական համակարգի զարգացման գործընթացներում, այսօր շարունակում է հասարակությանը ներկայանալ նոր որակով: Մեր նախընտրական ծրագրի առաջնային խնդիրը քաղաքական հետագա կայուն զարգացումն է»,- երեկվա ասուլիսում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: Ըստ նրա, նախընտրական հանդիպումները վկայում են այն մասին, որ հասարակության զգալի հատվածն այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու որոշումը պայմանավորում է տվյալ կուսակցության նախընտրական ծրագրում առկա հասարակության հիմնախնդիրների լուծմամբ: «Հասարակությունն արդեն հաշվի է առնում՝ կուսակցության կողմից ինչ աշխատանքներ են իրականացվել նաեւ նախորդ տարիների ընթացքում: Քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար սա կարեւորագույն նախապայման է: Հասարակությունը պետք է գիտակցված ընտրություն կատարի»,- նշել է նա: Զաքարյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն խնդիր ունի խորհրդարանում լինել դոմինանտ՝ ունենալով մեծամասնություն: Ա. Զաքարյանն այն կարծիքին է, որ այս նախընտրական գործընթացում «սեւ տեխնոլոգիաներ» չեն կիրառվում, իսկ կուսակցությունների համար երկրում ստեղծված են հավասար պայմաններ՝ քարոզարշավն անցկացնելու համար: