«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2004թ. մարտի 1-ից: Սա օրենք է 1992-2004թթ. պարտադիր զինծառայությունից խուսափած հայ երիտասարդների համար, որոնց 27 տարին արդեն լրացել է: Այս երիտասարդները Հայաստանից «փախել» են կամ գնացել են մինչեւ զորակոչային տարիքը եւ այլեւս չեն վերադարձել: Մինչ օրենքի ընդունումը նրանք վերադառնալու հնարավորություն ուղղակի չեն ունեցել, որովհետեւ զորակոչից խուսափելը համարվել է հանցագործություն եւ գրեթե բոլոր խուսափողների նկատմամբ հարուցված են եղել քրեական գործեր: Այս ընթացքում նրանց մի մասը կարողացել է դառնալ այլ երկրի քաղաքացի, թերեւս մեծ մասն էլ արտասահմանում շարունակում է ապրել որպես ՀՀ քաղաքացի: Ոչ պաշտոնական տվյալներով` այս երիտասարդների թիվը հասնում է մոտ 15.000:
– Այս օրենքն ընդամենը մարդկանց բերում է իրավական դաշտ եւ Հայաստանի ռեալ քաղաքացի դառնալու հնարավորություն է տալիս, այսինքն, նրանք կարող են գալ, ստանալ անձնագիր, զինգրքույկ, զագսի վկայական եւ, ի վերջո, կարող են իրենց երեխաներին գրանցել իրենց անունով,- ներկայացրեց ՊՆ Իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը: -Մեր բյուջեի համար էլ է լավ, իրենց համար էլ:
Այս օրենքով` 27 տարին լրացած երիտասարդները կարող են վերադառնալ, յուրաքանչյուր զորակոչի համար վճարել 100.000 դրամ եւ ստանալ զինգրքույկ: Կարող են նաեւ այս ամենը կազմակերպել լիազոր անձի միջոցով: Այս դեպքում արդեն տրամադրվում է ոչ թե զինգրքույկ, այլ` համապատասխան տեղեկանք: Իհարկե, պարտադիր վճարի դրույքաչափը ոչ բոլորի համար է միանշանակ: Օրինակ, եթե Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի, վճարելու է 30.000 դրամ: Կամ, պարտադիր զինծառայություն չանցած եւ հետագայում առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները վճարելու են 200.000 դրամ: Որոշ դեպքերում սահմանված է 50.000 դրամ կամ էլ ընդհանրապես ազատված է որեւէ վճարումից:
Այս նպատակով ստեղծվել է երկու հանձնաժողով՝ միջգերատեսչական եւ հանրապետական: Առաջին հանձնաժողովը քննում է ներկայացված գործերը, որոշում վճարի չափը, կայացնում է որոշումը եւ ներկայացնում երկրորդ հանձնաժողովի հաստատմանը: Ի դեպ, հանրապետական հանձնաժողովի նախագահը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է, այսինքն` վերջնական որոշումը կայացնում է նա:
– Ամսական երկու նիստ է լինում, յուրաքանչյուր նիստի ժամանակ քննվում է մոտ 35-50 գործ, յուրաքանչյուր գործին տրվում է անհատական մոտեցում,- ասում է պարոն Սեդրակյանը: -Մինչ այժմ քննվել է մոտ 700 գործ եւ 600-ից ավելի գործերին տրվել է դրական լուծում:
Իսկ ո՞ւր են գնում այս գումարները:
– Պետական բյուջե,- պատասխանեց պարոն Սեդրակյանը:
Պետությա՞ն, թե՞ Պաշտպանության նախարարության բյուջե:
– Ի՞նչ տարբերություն,- շարունակեց պարոն Սեդրակյանը: -Պաշտպանության նախարարությունում այս նպատակով բացվել է հատուկ հաշվեհամար, իմ տվյալներով` մոտ 364 մլն դրամ գումար է հավաքվել: Բայց օրենքով դեռ որոշված չէ, թե ինչպես են ծախսվելու այս գումարները:
Թվում է, թե այս օրենքի ընդունումից հետո դիմողների մեծ հոսք պետք է լինի, բայց պարզվում է, որ ոչ բոլորն են հակված այդքան գումար վճարել եւ ստանալ Հայրենիք վերադառնալու հնարավորություն: Օդանավակայանում պատահաբար մասնակից եղա Ռուսաստան մեկնող երկու տղամարդկանց խոսակցությանը:
– Իմ տղան Ռուսաստան է տեղափոխվել դպրոցական հասակում, հիմա 28 տարեկան է,- պատմում է ներկայանալ չցանկացող ծնողը: -Երբ այս օրենքի մասին լսեցինք, որոշեցինք բոլոր դեպքերում Հայաստանի զինգրքույկն էլ ունենալ: Մեր Զինկոմիսարիատում հաշվեցին, ասեցին, թե երկու միլիոն պետք է վճարեմ: Էդքան գումար հաստատ չեմ տա, որովհետեւ դեռ Հայաստան վերադառնալու միտք չունենք: Մենք արդեն Ռուսաստանի քաղաքացի ենք, եւ հետո` գանք Հայաստան, առանց աշխատանք, ի՞նչ անենք: Ի դեպ, այս կարգի հայ երիտասարդներ Ռուսաստանում ինչքան ուզեք, մեծ մասն անվճարունակ է:
Իսկ այն երիտասարդները, ովքեր իսկապես ուզում են վերադառնալ, բայց վճարելու միջոցներ չունե՞ն:
– Եթե ի վիճակի չէ վճարումներ կատարել, իր հնարավորությունները ներկայացնում է իրավապահ մարմիններին։ Իրավապահ մարմիններն ու դատարանն էլ որոշում են, թե ինչ վճիռ կայացնեն,- պատասխանեց պարոն Սեդրակյանը: -Ի վերջո, այս կատեգորիայի մարդկանց ոչ բոլոր դեպքերում են քրեական պատասխանատվության ենթարկում:
Այդպիսի դեպքեր եղե՞լ են: Պարոն Սեդրակյանը կոնկրետ չպատասխանեց: Իսկ արդյո՞ք այս օրենքը կոռուպցիայի տեղիք չի տա համապատասխան մարմիններին:
– Ինձ հետ իր տղայի համար Ռուսաստանից եկավ նաեւ ընկերս,- պատմում էր նույն ծնողը։ -Նրանց մոտ ինչ-որ ավելի բարդ վիճակ էր: Նրանից, բացի պարտադիր վճարից, գործը դասավորելու համար 1000 դոլար ավել էին ուզել: Երկուսն էլ չվճարեց, ի վիճակի չէր ու էդպես էլ հետ գնաց:
– Չեմ կարծում, մենք հարցերը լսելու մի քիչ բարդ համակարգ ենք ընտրել, եւ ներգրավված են բոլոր շահագրգիռ նախարարությունները՝ ԿԳՆ, Առողջապահության նախարարությունը, Ոստիկանությունը եւ այլն,- մեկնաբանեց պարոն Սեդրակյանը: -Հանձնաժողովի նախագահն է Սերժ Սարգսյանը, անդամներն են` Գլխավոր շտաբի պետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ես չեմ կարծում, թե կարող է ինչ-որ կոռուպցիա սպրդել: