ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի զեկույցում Lեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտնի ձեւակերպման փոփոխությանը, որը մեծ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում:
Եվ ահա, այս կապակցությամբ Մ. Բրայզան հայտարարել է. «Մենք ընդունել եւ ուղղել ենք մեր սխալը»: «Զեկույցի նախկին տարբերակում արված հայտարարությունը ճիշտ չէր: Հաշվի առնելով LՂ հարցով բանակցությունների ներկայիս փուլը՝ դա մեր սխալն էր: Մենք հիմա մի փուլում ենք, երբ կողմերը բանակցություններ են վարում LՂ հետագա կարգավիճակի շուրջ: Մենք չենք կարող կանխորոշել կարգավիճակին վերաբերող բանակցությունների արդյունքը,- ասել է Բրայզան եւ հավելել,- Ոմանք ասում են, որ մենք դա (ուղղումը.- Ռ.Թ.) կատարել ենք սփյուռքի ինչ-որ խմբերի ճնշման պատճառով: Դա այդպես չէ»: Շեշտելով, որ Պետդեպի զեկույցներում փոփոխություններ հազվադեպ են լինում, Մ. Բրայզան ասել է. «Բայց ներկա պահին մենք գտնվում ենք LՂ բանակցությունների բացառիկ փուլում»: Միաժամանակ նա հավաստիացրել է, որ Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել: «Անգամ եթե նայեք Պետքարտուղարության պաշտոնական կայքում տեղադրված Ադրբեջանի քարտեզը, ապա կհամոզվեք, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մարդու իրավունքների վերաբերյալ մարտի 6-ին Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցի Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող հատվածներում «սխալմամբ» տեղ էր գտել մի աննախադեպ ձեւակերպում. «Հայաստանը շարունակում է օկուպացրած պահել Ադրբեջանի տարածքները՝ Լեռնային Ղարաբաղն ու շրջակա յոթ շրջանները»: Ինչպես հայտնի է, ՀՀ արտգործնախարարը դրանից հետո հայտարարեց, թե դա «սխալմունք է եւ վրիպակ», ու ամերիկյան կողմը խոստացել է ուղղել այն: Օրերս Վարդան Օսկանյանը հպարտությամբ հայտարարեց, թե ամերիկյան կողմն «ուղղել է», «սխալը»: «Ուղղման» արդյունքում զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում գրվել է հետեւյալը. «Հայկական ուժերը օկուպացրել են ԼՂ-ին հարակից ադրբեջանական տարածքների մեծ մասը: Հայ պաշտոնյաները պնդում են, որ իրենք չեն «օկուպացրել» ԼՂ-ն»: Իսկ զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածը մնացել է անփոփոխ: Փաստորեն, Պետդեպարտամենտի զեկույցում «փոփոխությունը» եղել է այն, որ դրանում ավելացվել է հայ պաշտոնյաների ինչ-որ պնդման մասին իրազեկող նախադասություն: Նույն հաջողությամբ կարելի էր գրել նաեւ, որ հայ պաշտոնյաները պնդում են, որ հայերն ու ադրբեջանցիները «գենետիկորեն անհամատեղելի են», որ ԼՂ-ն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, որ Մասիս սարը հայերինն է եղել, եւ այլն: Այս ցանկը կարելի էր անվերջ շարունակել՝ նշելով, թե էլ ինչեր են պնդում հայ պաշտոնյաները: Սա վկայում է այն մասին, որ այդ «փոփոխությունն» իրականում փոփոխության իմիտացիա ստեղծելու նպատակ է ունեցել: Հասկանալի է, որ նման իմիտացիայի կարիք առաջացել է զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ հավանաբար ինչ-ինչ խոստում-պայմանավորվածությունների արդյունքում, եւ պատահական չէ, որ այդ «փոփոխությունն» արվեց Վ. Օսկանյանի այն հայտարարությունից հետո, թե հակամարտության կողմերն առավել քան երբեւէ մոտ են ԼՂ խնդրի կարգավորմանը: Փաստն այն է, որ իրականում բովանդակային որեւէ փոփոխություն Պետդեպարտամենտի այդ զեկույցում չի եղել: Ի՞նչ է ստացվում. քաղաքացին կարդում է մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպի զեկույցը, որտեղ նշված է, թե «Հայաստանը շարունակում է օկուպացրած պահել Ադրբեջանի տարածքները՝ ԼՂ-ն ու շրջակա յոթ շրջանները», հետո այդ նույն զեկույցից տեղեկանում է, որ հայ պաշտոնյաները պնդում են, որ իրենք չեն «օկուպացրել» ԼՂ-ն, հետո էլ լրահոսից տեղեկանում է, որ Մ. Բրայզան ասել է, թե գիտե՞ք, Վ. Օսկանյանը ճիշտ էր ասում, Պետդեպարտամենտը սխալվել էր, բայց հիմա ուղղել է իր սխալը:
Ու այդ քաղաքացին հասկանում է, որ Մ. Բրայզան հենց իրեն (վերոնշյալ հետաքրքրասեր քաղաքացուն) դնում է հայտնի բեռնափոխադրող կենդանու տեղը: