Հայերը մեկ շաբաթով եւս մոտեցան ԱԺ ընտրությունների օրվան: Բայց այս անգամ այդ յոթ օրերը բավականին հագեցած էին տարբեր քաղաքական եւ մերձքաղաքական իրադարձություններով: Նախ` Արթուր Բաղդասարյանը ձերբազատվեց «շպիոն Օնիկի» բարդույթից:
Որովհետեւ այսուհետ շպիոնություն նա կարող է անել «ափաշքյարա», ինչի մասին, փաստորեն, հայտարարեց «Օրինաց երկիրը», երբ «քուանշում էր» «Գոլոս Արմենիի» թերթի հրապարակումը: Գարիկ Մարտիրոսյանը վերջապես հասկացավ, որ եթե Ռուսաստանում ինքը «Քոմեդի քլաբով» մեծ փողեր է աշխատում, ապա Հայաստանում «Քոմեդի քլաբ» մտնելու համար ինքը պետք է մեծ փողեր ծախսի: Եվ, բնականաբար, ընտրեց առաջին տարբերակը: Դաշնակները վերջնականապես հույսները կտրեցին պաշտպանության նախարարի պորտֆելից: Արամ Կարապետյանը Փարաքարը դեռեւս չի փակել, բայց դոսյեներն արդեն սկսել է բացել: Կայարանում տեղի ունեցավ նախընտրական «սալյուտ», բայց ամենակարկառուն կայարանցի Տիգրան Կարապետյանը դրա հետ ոչ մի կապ չուներ:
Իսկ պատասխանատու հեռուստատեսությունները, միջազգային մոնիտորինգի վախից, դառել են «անպատասխանատու» եւ բոլ-բոլ լուսաբանում են ընդդիմադիր կուսակցությունների քարոզարշավը:
Սակայն այս ամենով հանդերձ՝ հայերը շարունակում են քարոզել: Իհարկե, այդ քարոզը յուրաքանչյուրի մոտ յուրովի է ստացվում: Օրինակ, Արամ Գասպարիչին տնեցիք էլ չեն հավատում: Իսկ ԺՈՒԿ-ը տուն առ տուն է գնում, որպեսզի մարդիկ տեսնեն, որ Սադոյան Արշակը ոչ թե լեգենդ է, այլ իրականություն: Բայց «Մարկո Պոլոյի» պատմությունը ցույց տվեց, որ ժուկերը կամ ժուչոկներն անհրաժեշտ են ոչ թե տներում կամ խորհրդարանում, այլ Երեւանի սրճարաններում: Այնպես որ՝ ճիշտ կլիներ՝ Մանուկ Գասպարյանը քարոզեր երեւանյան սրճարաններում: Այդպես նա ավելի հեշտ կընկալվեր: ՀՀՇ-ի քարոզարշավից կարելի է ենթադրել, որ նրանք միայն գրանցվել են: Բայց կարելի էր, չէ՞, օրինակ փոխհատուցում պահանջել Հանրապետական կուսակցությունից: Որովհետեւ երբ 1995-ին ՀՀՇ-ն ուներ այսօրվա Հանրապետականի ստատուսը եւ ստեղծեց «Հանրապետություն» դաշինքը, այդ դաշինքում ընդգրկեց նաեւ ՀՀԿ-ին: Կարող էր, չէ՞, ՀՀՇ-ն այսօր պարտքը հետ պահանջել, եւ մի երեք-չորս հոգով մտնել Հանրապետականի ցուցակ: Կոմունիստների քարոզարշավից կարելի է միայն մի եզրակացության գալ` ժամանակն է նրանց Լենինի արձանի պես դեմոնտաժ անել հայկական քաղաքական հրապարակից, որովհետեւ նրանք արդեն շատ հին են եւ փչացնում են ընդհանուր տեսարանը, որն առանց կոմունիստների էլ բավականին փչացած է:
Իհարկե, եթե մեր քաղաքական ուժերն ինձ լսեին, ապա իրենց քարոզարշավը կկառուցեին ֆուտբոլային ոճով: Նախ, որովհետեւ վերջին տարիներին մեր ժողովուրդը շատ է տարվել ֆուտբոլով, եւ երկրորդ, իրոք որ շատ հետաքրքիր կլիներ վերջիններիս համեմատել ֆուտբոլիստների եւ ակումբների հետ: Եվ այսպես, եթե փորձենք համեմատել, ապա ՀՀԿ-ն կգրավի «Ռեալի» դիրքերը, որովհետեւ համ չափազանց շատ թանկարժեք «աստղեր են» խաղում նրա կազմում, համ հարուստ թիմ է, համ էլ ամենառեալ դաշտում է խաղում: Գեղամյանի թիմն, անկասկած, կկոչվի «Դինամո»: Ոչ այն պատճառով, որ այնտեղ խաղում է Գագիկ Կոստանդյանը, այլ, պարզապես, որ Գեղամյանը «քցող» է: «Իմպիչմենտն» ու «Նոր Ժամանակները» միանշանակ կատարում են «Սպարտակի» եւ «Տորպեդոյի» դերը: Ոչ մեկը չի կասկածում, որ «Չելսին» «Բարգավաճ Հայաստանն» է, որը Ծառուկյանի ներդրումներից հետո հավակնում է դառնալ առաջատար թիմերից մեկը: Բայց հիշեցնեմ, որ «Չելսին» այդպես էլ չդարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող: «Օրինաց երկիրը» միանշանակ «Յուվենթուսի» կարգավիճակում է: Հենց թիմի ղեկավարությունը բռնվեց բազմաթիվ մեքենայությունների մեջ, միանգամից մի քանի առաջատար խաղացողներ լքեցին իրենց հարազատ ակումբը, իսկ թիմը հայտնվեց «Ճ» լիգայում: Չնայած, օրինակ, Սամվել Բալասանյանը դեռ շարունակում է Դել Պիերոյի պես «դոշ տալ» իր հարազատ թիմի համար: ՀԺԿ-ին կարելի էր նմանեցնել «Լոկոմոտիվին»: Բայց այսօր նա ավելի շատ «քյարփինջ տեղափոխող պառավոզի է» նման: «Դաշինքը», ինչպես ռուսները կասեին, «սամ Բոգ վելել սրավնիտ ս Արսենալոմ»: ԺՈՒԿ-ն ինձ հիշեցնում է ԲԿՄԱ-ն` Բանակի կենտրոնական մարզական ակումբը: Ոչ մի «նամյոկ» չեմ անում, ուղղակի ԲԿՄԱ-ում էլ միշտ տարբեր թիմերից լավ խաղացողներին էին հավաքագրում: «ՄԱԿ»-ը շատ նման է Ուկրաինայի հավաքականին: Կրկին ոչ մի «նամյոկ» չկա: Պարզապես այնտեղ էլ ընդամենը մեկ միջազգային կարգի խաղացող ունենալով (խոսքս Շեւչենկոյի մասին է)՝ թիմը մտավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Դաշնակցությունը շատ նման է Հունաստանի հավաքականին: Չունենալով ոչ մի ընդգծված լիդեր, ունենալով դրսից հրավիրված մարզիչ եւ խաղալով թիմային խաղ, նրանք հասնում են մեծ հաջողությունների: Իհարկե, գեղեցիկ խաղ չեն ցուցադրում, բայց արդյունքի միշտ հասնում են: ՀՀՇ-ն միանշանակ «Արարատ 73» է: Ազգովի ոգեշնչված լինելով նրանց այն ժամանակվա հաղթանակներով, բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ամենն էլ երբեք չի կրկնվի:
Բայց հենց նոր ես հասկացա, որ ոչ մի հայկական թիմի անուն (բացառությամբ՝ «Արարատ 73-ի», որն արդեն վաղուց պատմություն է դարձել) չնշեցի: Ինչպես ասում են՝ ցավալի է, բայց փաստ: Իսկ ես լավատես եմ ու գիտեմ, որ եթե մի քանի տարի հետո (եթե ոչ հաջորդ, ապա գոնե 2017թ. խորհրդարանական ընտրություններին) մեր ֆուտբոլային թիմերը կխաղան Չեմպիոնների լիգայում, ընդ որում՝ առանց դոպինգի, մեր հավաքականը կխաղա միջազգային մրցումների եզրափակիչ փուլերում, մեր քաղաքական թիմերը միշտ կարժանանան «fair play» մրցանակին, իսկ մեր ժողովուրդը հաճույք կստանա ինչպես մեր ֆուտբոլի հավաքականի խաղից, այնպես էլ՝ համաժողովրդական ընտրություններից: